Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգը կազմաքանդվե՞լ է

Սեպտեմբեր 06,2019 10:00
domino

«Էս երկիրը, որ 70-ականներին ծաղկում էր, սաղ կոռուպցիայի շնորհիվ էր, – բացատրում է ինձ հերթական վարորդը, – բանվորը մի քանի բոլթուգայկա էր տանում տուն, պահեստապետն իր ապրանքը «լեւի» էր ծախում, բժիշկը վիրահատության համար փող էր վերցնում, շոֆերը փափախ էր անում, տներում էլեկտրաէներգիա էին գողանում, խանութպանը երշիկը տակից թանկ գներով էր ծախում, «օբեխեսես»-ը տասից մեկին էր բռնում՝ էդպես էին մարդիկ ապրում, հո «չոր» 120 ռուբլով չէի՞ն ապրի: Բոլորը գոհ էին»:

Իհարկե, նման դատողությունը կարող է բավականին ցինիկ թվալ, բայց ճշմարտության հատիկ այստեղ, համաձայնեք, կա. Խորհրդային Հայաստանում մարդիկ ապրում էին այդ համակարգում, այդ շղթայի մեջ՝ նրանք, ովքեր այդ շղթայից դուրս էին, կա՛մ «մարդկություն-լավություն» չէին հասկանում, կա՛մ անհույս «հարիֆներ» էին: 1991 թվականին մենք ժառանգել էինք այդ համակարգը եւ այդ մտածողությունը, իսկ այսօրվա Հայաստանում ապրում են նաեւ այդ մտածողության կրողները, նրանց երեխաները եւ թոռները:

2018 թվականին երիտասարդները վճռականորեն ասացին՝ «հերիք է, էլ այդպես չենք ուզում ապրել»: Բայց ասելը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ բան: Համակարգի «կարգավորումները» (այդ թվում՝ հոգեբանական) մշակվել եւ հղկվել են տասնամյակների ընթացքում, եւ նրանք՝ ովքեր «աշխատացնում» էին այդ համակարգը, պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել կոռուպցիայից զերծ հարաբերությունների պայմաններում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետական այրերը խոսում էին այս 28 տարիների ընթացքում՝ Արեւմուտքից այդ նպատակով ստացվել են բազմաթիվ դրամաշնորհներ, ստեղծվել են այդ պայքարը իբր համակարգող բազմաթիվ կառույցներ, որոշ ժամանակ կար անգամ այդ պայքարի գծով նախագահի խորհրդական: Արդյունքը զրոյական է: «Այո, նա կոռուպցիոներ է, բայց մեր թիմի անդամ է», – ՀՀՇ-ի ժամանակ դա ասվում էր բարձրաձայն, իսկ այնուհետեւ՝ շշուկով կամ՝ «մտքում»:

Հիմա ստեղծվում են նոր մարմիններ, մշակվում են նոր կառուցակարգեր, ռազմավարություն: Աստված տա այդ ամենն իր արդյունքը տա՝ վարչապետի եւ նրա մերձավոր շրջապատի մտադրությունների անկեղծությանն այդ առումով չեմ կասկածում: Բայց եկեք անկեղծորեն պատասխանենք մի հարցի՝ արդյոք այս պահիս մեզանում չկա՞ն նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք զբաղվում են բիզնեսով: «Մենք սեփականատեր ենք, մենք բաժնետեր ենք, հանձնել ենք հավատարմագրային կառավարման»՝ այդ բոլոր «թզի տերեւները» եկեք մի կողմ թողնենք: Եվ քանի որ օրենսդիր եւ գործադիր մարմնում կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են փող աշխատել ձեռնարկատիրությամբ, թույլ տվեք կասկած հայտնել բոլոր տեսակի կառույցների եւ կառուցակարգերի վերաբերյալ:

…«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Вадан says:

    Կոնկրետ ասեք, ով են դրանք, այսօրվա իշխանության մեջ: Եթե չեք ասում ուրեմն կամ գողական կերտաք, կամ բլ-բլա:

  2. Լավատես says:

    Ասա ով է քո ընդդիմությունը, կասեմ դու ինչ իշխանություն ես: Ընդդիմությունն ու իշխանությունը մի սրբություն ունեն՝ դա ազգային ռազմավարությունն է եւ այդ ռազմավարությունը նրանք միասին են մշակում ու միաձայն ընդունում, ռազմավարությունը միաձայն ընդունելուց հետո ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը սկսում է միասնական ազգային ռազմավարությունն իրագործել իր՝ իշխանության մարտավարությամբ, իսկ այդ ժամանակ ընդդիմությունը ուշի ուշով հետեւում է իշխանության գուրծունեությանը՝ եթե իշխանությունը գեթ մի մազ շեղվեց ազգային ռազմավարությունից, պետք է այնպիսի վայնասուն դնի, որ ժողովրդի ուշադրությունը գրավի ու ժողովրդի օգնությամբ իշխանությանը վերադարձնի ընդունված ռազմավարությանը: Ընդդիմության իմաստը ամեն գնով իշխանության գալու մեջ չէ, այլ թույլ չտալ իշխանությանը ենթարկվել ներքին թե արտաքին մութ ուժերին, որոնք ստիպում են իշխանությանը հակառակ իշխանության ցանկության գնալ ապազգային քայլերի եւ հաճախ իշխանափոխությունը իշխանության համար միակ փրկարար օղակն է: Ցանկացած իշխանության կարող են ստիպել գնալ անցանկալի քայլերի, բայց չկա աշխարհում ուժ, որ ստիպի ժողովրդին ենթարկվել ուրիշի կամքին: Դրա համար էլ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ժողովրդի կողմից լիակատար վստահություն պետք է վայելեն: Եկեք օգնենք ազգային իշխանությանը իրագործել ազգային ռազմավարությունը եւ ոչ իշխանական ուժերից կազմված հզորագույն ազգային ընդդիմություն ստեղծենք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30