Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. ՏԻՄ ընտրությունները կարևոր քննություն էին, թե «Ազատ հայրենիքը» ինչ արդյունք կարող է գրանցել

Սեպտեմբեր 09,2019 12:40

Կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ էին։

Ընտրությունների արդյունքներն Aravot.am-ի հետ զրույցում ամփոփեց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արցախում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել օրենքի տառին համապատասխան։ Ճիշտ է, որոշ ընտրախախտումներ եղել են, բայց դրանք չեն կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ Ստեփանակերտում հիմնական թեկնածուները անկուսակցական են եղել։ «Այստեղ կուսակցությունների պայքարը հիմնականում ընթանում էր ավագանու մասով։ Իհարկե, Դաշնակցությունը հայտարարել է կոնկրետ թեկնածուի պաշտպանության վերաբերյալ, բայց թեկնածուն, որը հաղթեց, չէր ներկայացնում որևէ քաղաքական ուժ»։

Անդրադառնալով «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին՝ Վահրամ Պողոսյանը ընդգծեց, որ կուսակցությունը հաջողություն է գրանցել. «Մեկ տարուց ավելի է՝ կուսակցության ղեկավարը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը այլևս պաշտոն չի զբաղեցնում, այսինքն՝ վարչական ռեսուրսի չենք տիրապետում, և սա շատ կարևոր քննություն էր, թե ինչ արդյունք ենք կարողանալու գրանցել։ Հանրապետության 12 քաղաքային համայնքներից 10-ում ունեինք թեկնածուներ, բոլոր քաղաքներում հաղթել ենք։ Իսկ 228 համայնքներից շուրջ 130-ում հաղթել են մեր կուսակցական և համակիր թեկնածուները»։

Ըստ Վահրամ Պողոսյանի, այս թվերը դեռ վերջնական չեն, քանի որ հաջողություն գրանցած թեկնածուներից շատերը դիմել են «Ազատ հայրենիք» կուսակցությանը, կուսակցության շարքերը համալրելու համար։ «Մենք շատ գոհ ենք մեր գրանցած արդյունքներից, որովհետև հիմնական խնդիրը, որ դրել էինք, իրականացրել ենք»։

Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ժողովրդից երաշխիք է ստացել. «Սա, բնականաբար, մեզ հնարավորություն է տալու շատ ավելի վստահ գնալ ընտրություններին»։

Հարցին, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքները ի՞նչ կտան Արցախի համայնքների զարգացմանը, Վահրամ Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատել, որովհետև ռեսուրսների առումով, տեղական ինքնակառավարման մարմինները բավականին սահմանափակ հնարավորություններ ունեն։ Եվ մեր կարծիքով, տարեցտարի պետք է փոփոխություններ իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքներում, և նոր հնարավորություններ ընձեռենք ՏԻՄ ղեկավարներին, որպեսզի կարողանան տեղական նշանակության ավելի մեծ խնդիրներ լուծել, որովհետև կառավարման համակարգում համայնքային խնդիրների մեծ մասը բաժին է հասնում տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց ռեսուրսների բացակայության պատճառով, խնդիրները փոխանցվում են այլ մարմիններին, և հասնում են ընդհուպ մինչև հանրապետության նախագահին։ Այս ապակենտրոնացումը պետք է կարողանանք ճիշտ իրականացնել, որպեսզի խնդիրների լուծման առյուծի բաժինը ոչ թե կառավարությանը բաժին հասնի, այլ հենց տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով լուծում ստանան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30