Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ գտնում են՝ իրենք կանանցից շատ են ենթարկվել հոգեբանական կամ տնտեսական բռնության

Հոկտեմբեր 02,2019 14:30

Ըստ հարցման հեղինակների, կանայք ապտակը չեն ընկալում որպես բռնություն

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը պարզելու համար տարբեր տեսակի բռնության տարածվածությունը երիտասարդ զույգերի շրջանում, հետազոտություն է իրականացրել: Հետազոտության համար ՀԿ-ն էլեկտրոնային հարցաթերթն ուղարկել է մոտ 159,000 էլեկտրոնային հասցեներին, որոնցից 4162-ի օգտատերերը սկսել են լրացնել հարցաթերթը, բայց նրանցից միայն 1000-ն է այն լրացրել մինչեւ վերջ։

Հարցման արդյունքները խմբավորվել են ըստ սեռերի եւ տարիքային խմբի՝ 16-26 տարեկաններ:

Առանձնացվել է մի քանի տեսակի բռնություն՝ հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, սեռական, վերահսկողական եւ տեխնոլոգիական միջոցներով կատարվող բռնություն:

Ուշագրավ է, որ հարցման մասնակիցներից տղամարդիկ ավելի շատ են նշել, որ որեւէ տեսակի բռնության են ենթարկվել: Սա իր բացատրությունն ունի, ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են՝ շատ դեպքերում կանայք չեն ընկալում, որ ասենք՝ խանդի հետեւանքով զուգընկերը կամ ամուսինը եթե զայրացել է, հարվածել կամ ապտակել է, դա եւս բռնություն է:

Զեկույցի արդյունքներով, հոգեբանական ճնշման ենթարկված շատերը նաեւ վերահսկվել են իրենց զուգընկերոջ կամ ամուսնու կողմից։ Հարցվածների 44%-ը հայտնում է, որ իրենց զուգընկերը՝ ամուսինը միշտ ցանկություն ունի տեղյակ լինել հարցվողի գտնվելու վայրի եւ զբաղմունքի մասին։ Ինչ վերաբերում է բռնությունների շարունակականությանը, ապա ըստ հետազոտության արդյունքների, հոգեբանական ճնշումներն ու վերահսկողությունը ավելի մեծ հակում ունեն հաճախ կրկնվող, շարունակական բնույթ կրել, քան բռնությունների այլ տեսակները։ Ֆիզիկական բռնությունների մասին հայտնածների 68%-ը նշել է, որ այդպիսի դրվագները շարունակական չեն եղել, այն դեպքում երբ սեռական բռնությունների մասին հայտնածների 55%-ի մոտ մեկ անգամ է եղել սեռական բռնության դեպք։

Անձնական հարաբերությունների մասին հայտնած հարցվածների 91%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, ընդ որում՝ նրանց 87%-ը առնչվել է հոգեբանական ճնշման եւ բռնությունների շարունակական դրվագների հետ:

Ինչպես հոգեբանական բռնության դեպքում, այնպես էլ ֆիզիկական բռնության ավելի հաճախ ենթարկվում են 21-26 տարեկան տարիքային խմբի հարցվածները։ Սակայն մարզերում ֆիզիկական բռնությունն ավելի տարածված է:Ֆիզիկական բռնության դրվագներից առավել տարածվածը հրելն ու ապտակելն է, որի մասին հայտնել է հարցվածների 11%-ը։

Զեկույցում նշվում է՝ անձնական հարաբերությունների մասին հայտնած հարցվածների 28%-ը  ենթարկվել է տնտեսական բռնության, ընդ որում, նրանց 45%-ը առնչվել է տնտեսական ճնշման եւ բռնությունների շարունակական դրվագների հետ: Տնտեսական բռնությունների մասին ավելի շատ հայտնում են տղամարդիկ եւ 21-26 տարիքային խմբի ներկայացուցիչները։ Երեւանի ու մարզերի միջեւ տարբերությունները նշանակալի չեն։

Տնտեսական բռնությունների տեսանկյունից ուսումնասիրվել են երկու տեսակի բռնության դրվագներ. 1-ինը՝ ֆինանսական ծախսեր հոգալն է, 2-րդը՝ բռնության ենթարկվածի համար արժեքավոր իրի կանխամտածված ոչնչացումը։ Երկու դրվագների մասին էլ տղամարդիկ ավելի շատ են հայտնում, քան կանայք։ Անձնական հարաբերություններ ունեցող կամ նախկինում ունեցած տղամարդկանց 33%-ը եւ կանանց միայն 23%-ը հայտնում են տնտեսական բռնություններին ենթարկվելու մասին։

Հարցման արդյունքներով՝ սեռական բռնությունը համեմատաբար հազվադեպ է հանդիպում։ Անձնական հարաբերությունների մասին հայտնած հարցվածների միայն 24%-ն  է ենթարկվել սեռական բռնության, ընդ որում՝ նրանց 43%-ը առնչվել է սեռական բռնությունների շարունակական դրվագների հետ: 21-26 տարեկան հարցվածները  փոքր-ինչ ավելի շատ են հայտնել սեռական բռնությունների ենթարկվելու մասին։ Սեռական բռնությունների առավել տարածված դրվագը որեւէ մեկի կամքին հակառակ համբուրելը կամ դիպչելն է։ Սեռական բռնությունների մյուս դրսեւորումներն, ըստ հարցման, անհամեմատ ավելի հազվադեպ են հանդիպում։

Վերահսկողության բռնությունն առանձնացվել է որպես բռնության դրսեւորումների առանձին խումբ, քանի որ, ինչպես զեկույցում է նշվում, դրանք ամենատարածվածն են եւ ունեն ընդհանուր հատկանիշներ։ Բռնության այս տեսակի դրսեւորումներին հատուկ է հոգեբանական ներազդեցությունը, կոպիտ վերահսկողությունը եւ սպառնալիքները։ Անձնական հարաբերությունների մասին հայտնած հարցվածների 91%-ը ենթարկվել է վերահսկողության բռնության, ընդ որում՝ նրանց 86%-ը առնչվել է կոպիտ վերահսկողության շարունակական դրվագների հետ:

Հարցվածների 61%-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցներով իրականացվող բռնության, ընդ որում, նրանց 60%-ը առնչվել է բռնության այդ տեսակի շարունակական դրվագների հետ:

Տեխնոլոգիական բռնության ենթարկելն այս հետազոտությունում առանձնացվել է որպես ենթախումբ, քանի որ բռնության դրվագները, որոնք կապված են ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների եւ տեխնոլոգիաների կիրառման հետ, բավականին հաճախ են հանդիպում: Տեխնոլոգիաների կիրառման միջոցով բռնությունն, ըստ հետազոտության հեղինակների, ոչ միայն բռնության զոհի հեռախոսի նկատմամբ վերահսկողությունն է, այլեւ տարբեր սարքավորումների միջոցով նրա գտնվելու տեղը պարզելը, կամ ստուգել եկած զանգերը, նամակները, հարաբերության ընթացքում կամ բաժանումից հետո հետապնդելը, անհանգստացնելը զանգերով, SMS-ներով կամ էլ. նամակներով, տարբեր սարքերի կամ ծրագրերի միջոցով հետեւելը, ստիպել ուղարկել մերկ կամ ինտիմ հատվածների նկարներ եւ այլն:

Օրինակ՝  հարցված կանանցից 5%-ը նշել է, որ թեեւ անընդհատ մերժել է, բայց նրան զուգընկերը, կամ ամուսինը ստիպել է ուղարկել մերկ կամ ինտիմ նկարներ, տղամարդկանց 4%-ն է ենթարկվել նման բռնության: Վերահսկել է հեռախոսը, ստուգել եկած զանգերը, նամակները. նման բռնության է ենթարկվել հարցված կանանց 21%-ը, տղամարդկանց՝ 25%-ը:

Ինչո՞ւ են ընտրվել որպես թիրախ հենց 16-20 կամ 21-26 տարեկանները: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Լուսինե Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ 16-20 տարիքային խմբի ներկայացուցիչները ունենում են հարաբերություններ, զուգընկերներ, սակայն երբ տեղի է ունենում գենդերային հիմքով բռնություն, որեւէ ձեւ այն ամրագրված չէ, որպեսզի օրինական դաշտում դիտարկվի. «Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ կա բռնության որեւէ տեսակ երիտասարդների շրջանում: Դրա պատճառը, ինչպես ցույց են տալիս տարբեր հետազոտություններ, այն է, որ նրանք բռնություն տեսնում են ընտանիքում, ապա դառնում են դրա կրողը եւ դառնում բռնարար, կամ վաղ տարիքում լինում են բռնության զոհ, մեծանում են ու հանդուրժում բռնությունը: Նաեւ հեռուստասերիալներն են ազդում, կամ դպրոցում, երբ տեղի է ունենում բռնություն, ուսուցիչը չի տարբերում այն, եւ չի կարողանում կանխարգելել»: Ըստ Խաչատրյանի, մեր հասարակության տարբեր միջավայրերում առկա է կարծրատիպ, եւ ցավալի է, բայց բռնության տարբեր տեսակներ համարվում է նորմ:

Թե ի՞նչն է պատճառը, որ բռնության նշված տեսակներից տղամարդիկ գրեթե ամենաշատն են ենթարկվել բռնության: Խաչատրյանը նշում է՝ սա  եւս կարծատիպերի հետեւանք է. «Կինն այնքան սովոր է բռնությունն ընկալել որպես նորմ, որ երբ հարցնում են՝ ենթարկվե՞լ ես բռնության, եւ եթե ամուսինը հարվածում է, նա դա չի համարում բռնություն, ասում է՝ խանդում է, հարվածում է ու ուրեմն՝ սիրում է: Իսկ տղամարդկանց դեպքում նման արարքը սուր է ընդունվում: Եթե կինը ձայն բարձրացնի կամ պատասխան տա ամուսնուն, կասեն՝ լիրբ է, կնոջ անհնազանդությունը ընդունում են որպես բռնություն իրենց «ես»-ի նկատմամբ: Ուստի հարցման արդյունքում նման ցուցանիշներ են արտացոլվել զեկույցում»:

Խաչատրյանն ասում է՝ առցանց հարթակ են ստեղծել, որտեղ երիտասարդները կրթվում են,  սովորում են՝ ապտակելը սիրել չէ. «Ֆեյսբուքում փակ խումբ ունենք,  307 երիտասարդներ են մասնակիցները, տարբեր քննարկումներ են լինում, հոգեբանի խորհրդատվություն: Տղաներից մեկը, որը ծրագրի շրջանակներում դարձել է այսպես ասած՝ իրազեկման դեսպան, խոստովանել է, որ ծրագրի ուսուցման շրջանում գիտակցել է, որ ինքն իր զուգընկերուհու նկատմամբ կիրառել է բռնության բոլոր տեսակները, բայց փոխվել է նրա արժեհամակարգը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-Հայաստանի տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031