Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Թագուհի Ղազարյանը հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Որպես նախկին լրագրող, ինձ համար խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք, որ մի քաղհասարակության դեմ կատարվողը դատապարտեն, մյուսինը՝ ոչ: Մի ԶԼՄ-ի հանդեպ դատապարտենք… Եթե արդարադատությունը լինելու է ընտրովի, եթե ասենք՝ սա մեր ԶԼՄ-ն է, իսկ մյուսին հասնում է, որովհետեւ այս բառը չակերտների մեջ է գրվել, եթե սա այն ՀԿ-ն է, որը ֆինանսավորվում է x տեղից, որից մենք էլ ենք ֆինանսավորվում, իսկ որ մեկին վերցնում են, գցում են աղբարկղի մեջ…Ռեսթարթի անդամներ Գարիկ Միսակյանը, Դավիթ Պետրոսյանը վերցնում եւ գցում են մարդուն աղբարկղը, հիմա սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ, «Հայելու» դեմ ոտնձգությունը դատապարտելի՞ է թե՞ ոչ»:

Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե Հայաստանում ամեն դուր չեկած բանից հետո ձվերով խփեն՝ ձվի դեֆիցիտ կլինի. «Եթե այս անդունդը խորանա, ատելության խոսքը խորանա, մենք պիտի բաժանվենք ճամբարների եւ բոլոր հնարավոր բանջարաբոստանային կուլտուրաներով սկսենք իրար խփել: Եկեք գտնենք լուծում»:
Ղազարյանը հիշեցրեց, որ «Բուկինիստ» գրախանութի վրա գրքի շնորհանդեսի համար ձվեր էին նետել: «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ ուսուցիչների վրա հարձակումների մասին հիշեցրեց. «Գուցե իսկապես մենք ուշացել ենք…»: Նա մարդու իրավունքների կոնվենցիայից մեջբերում արեց՝ ասելով որ այո, խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց կոնվենցիան սահմանափակումները հստակ դնում է՝ եթե առնչվում է բռնությանը, հասարակության անվտանգությանը, այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը պաշտպանելուն: «Ռեսթարթի» ակցիան ես ինքս դատապարտել եմ, բայց համարել եմ, որ եթե մենք ակցիան դատապարտում ենք, բայց որեւէ կերպ չենք անդրադառնում դրան նախորդած ակցիաներին, մենք ապրում ենք մեր հասարակական նորմերում, չենք կարող դուրս գալ դրանից: Ատելության խոսքի սահմանումը նաեւ հստակ սահմանվում է, դա պարբերականությունն է եւ որոշակի միֆերի, ստերեոտիպերի արդյունքում ձեւավորված եւ ուղղորդված ատելությունն ու թիրախավորումն է: Ինչ արվում էր Դավիթ Պետրոսյանի նկատմամբ, դա հստակ թիրախավորված եւ ուղղորդված ատելության խոսք էր»:
Գայանե Աբրահամյանն առաջարկեց, որ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիան մեծացնեն: Նաիրա Զոհրաբյանը համակարծիք էր: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավորների հայտարարությանը միանալուն՝ տիկին Զոհրաբյանը չշտապեց դա անել՝ ասելով, որ պետք է քննարկեն խմբակցությունում, գուցե առանձին պատգամավորներ միանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































