Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան. Խնածախի դպրոցի նախկին տնօրեն. «Հրապարակ»

Ապրիլ 14,2026 11:42 Share

Խնածախի դպրոցի տնօրեն Արտավազդ Աբրահամյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն տնօրենի պաշտոնից ազատելու մասին վարչական ակտն անվավեր ճանաչելու, պաշտոնում վերականգնելու եւ վնասների փոխհատուցման պահանջով: Վարչական դատարանը հայցադիմումը վերահասցեագրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը 2 անգամ հայցադիմումը հետ է վերադարձրել:

Հետաքրքրվեցինք, թե ինչն է եղել Աբրահամյանին աշխատանքից ազատելու պատճառը: Պարզվում է` Խնածախի միջնակարգ դպրոցը ձմռանը ջեռուցվել է փայտի վառարաններով, նախկին տնօրենն առաջարկել է դպրոցը գազիֆիկացնել, քանի որ դպրոցի կողքով է անցնում գազատարը: Խնդիրը բարձրաձայնելուց հետո սկսվել են պրոբլեմները. «Գազի հարցը բարձրացնելու համար ինձ կանչել են մարզպետարան, կոնկրետ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը նկատողություն է արել, թե` ինչի՞ ես նման խնդիր բարձրաձայնում, այդ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հանդեպ իրենց ոչ բարյացակամ վերաբերմունքը: Հետագայում իրենք կարողացան դպրոցի կոլեկտիվում ստորագրահավաք կազմակերպել, իբր ես բուլինգի եմ ենթարկում աշակերտներից մեկին, ուսուցիչների հետ վատ եմ խոսում, վիրավորում եմ: Ընդ որում, այդ ստորագրահավաքը կազմակերպել էր կոլեկտիվի մի մասը, մյուս մասը չի մասնակցել: Այդ ստորագրահավաքին մասնակցել են ծնողներ, որոնց հարցրել եմ՝ ի՞նչ խնդիր եք բարձրաձայնել, որ այդ խնդիրը չեմ լուծել, որ բողոք եք հասցրել մարզպետարան: Դիմում-բողոքի տակ ստորագրողների մեծամասնությունը եղել են տղամարդիկ, ինչը խիստ կասկածելի է, որ նրանք կարող էին սթափ վիճակում նման թուղթ ստորագրել: Ընդամենը 2 կին ծնող էր բողոքել, մեկը ներկայիս տնօրենի պաշտոնակատարի հարեւանուհին է, մյուս ծնողը բռնկուն բնավորություն ունի, բոլոր տնօրեններից, այդ թվում ինձնից աշխատանք է ուզել, սակայն ո՛չ ես, ո՛չ էլ ինձնից առաջ եղած տնօրեններն իրեն աշխատանքի չեն ընդունել, քանի որ որեւէ մասնագիտություն չուներ, մենք էլ թափուր հաստիք չունեինք՝ իրեն համապատասխան: Երեք անգամ կազմակերպել, բողոք են գրել, որի արդյունքում ինձ ազատել են աշխատանքից»:

Կարծում եք՝ արդեն ունեի՞ն տնօրենի թեկնածու, դրա համար էլ աշխատանքից ազատել են Ձեզ։ «Այո, ամեն ինչ արվել է ներկայիս պաշտոնակատարի համար, որը եղել է դպրոցի զինղեկը եւ հենց իր նախաձեռնությամբ է ստորագրահավաք կազմակերպել եւ բողոքող ուսուցիչներին անձամբ իր մեքենայով տարել է Սյունիքի մարզպետարան:

Իրենք անգամ իմ ֆեյսբուքյան գրառումներն են արտատպել, ներկայացրել մարզպետարանին, իբր այլասերվածության տարածում իմ կողմից, այն դեպքում, երբ որ բժշկական էջերից մեկում, որպես կենսաբան, մի հարցի եմ պատասխանել»:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930