Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Այդ պատճառը երկու բառից է բաղկացած՝ Հրայր Թովմասյան». Ռուբեն Մելիքյանը՝ Նորայր Փանոսյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Հոկտեմբեր 08,2019 21:33

«Ունենք ակնհայտ անմեղ մարդու քրեական հետապնդում և կալանավորում: Մեղադրանքի որոշման մեջ չեք գտնի որևէ նկարագրություն, թե ինչ է իրականում արել Նորայր Փանոսյանը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ քրեական հետապնդման օրինականության մասին: Տիգրան Աթանեսյանը համարեց դա դատարկ որոշում ու նշեց. «Այս ամենը հուշում է, որ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի անձի նկատմամբ, որը ոչ մի քաղաքական կամ հասարակական գործունեություն չի կատարել: 2014-ից հետո մինչ օրս ոստիկանական ակադեմիայում Նորայրը զբաղվել է դասախոսական աշխատանքով: Այս ամենն ունի այլ նպատակ. քրեական գործն ամբողջությամբ դատարկություն է՝ հաշվի առնելով, որ բոլոր հարցաքննություններում կարմիր թելով անցնում է մեկ հարց, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորեցման և վաճառքի հետ Հրայր Թովմասյանը»:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև՝ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Նորայր Փանոսյանը հուլիսին հրավիրվել է վեցերորդ վարչություն և ինը ժամ պահվել այնտեղ: Այդ մասին նա ասել է ՄԻՊ ներկայացուցիչներին, բայց ցավոք ոչ մի արձագանք չկա. «Հիմա քննարկում ենք հնարավոր հաղորդման ներկայացումը հանցագործության մասին: Նորայրը կորոշի: Իր բարեկամներին են տարել, մասկի շոու կազմակերպել, թողել են, որից հետո նա գնացել է ՀՀ-ից դուրս: Տեղեկանալով, որ հարուցվել է քրեական գործ՝ անմիջապես վերադարձել է ՀՀ: Մինչդեռ կարող էր մնալ արտասահմանում: Բայց եկել է և գնացել հարցաքննության: Եթե այս պայմաններում ասում են, որ անձը կարող է դիմել փախուստի, ծիծաղելի է: Եթե պայմանականորեն ընդունենք, որ Նորայրն այդ ամենը կատարել է, ընդունի իր մեղքը և պահանջի արագացված դատաքննություն, կհամաներվի, և գործը կկարճվի: Ոչ մի փախուստի խնդիր չկա»:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ քսան միլիոն դրամի գրավ են միջնորդել, բայց դատարանն անտեսել է: Հետևաբար ըստ նրա՝ այս ամենի հետևում այլ նպատակներ, այլ մարդիկ ու թիրախներ են:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ եթե չլիներ գլխավոր պատճառը, չէին լինի նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Այս առիթով նա ասաց. «Այդ պատճառը երկու բառից է բաղկացած՝ Հրայր Թովմասյան: Այս ամենը կապված է ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Նիկոլ Փաշինյանի սեփականություն հանդիսացող թերթը, երբ հրապարակում էր այս տեղեկությունը, ոչ թե հրապարակում էր անուն ազգանունով, այլ վերնագրել էր՝ Հրայր Թովմասյանի սանիկին մեղադրանք է առաջադրվել՝ Հրայր Թովմասյանի լուսանկարով: Սա արդեն երկրորդ դեպքն է: Չեմ հիշում նույնպիսի քրեական հետապնդման իրականացում նույն իրավիճակներում»:

Անդրադառնալով Նորայր Փանոսյանի կալանքին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց. «Մեր երկրում այդտեղ էլ նման պրակտիկա չկար, որ եթե անձը իր գործողություններով կարող է այնպես անել, որ նա ազատազրկման ձևով իրական պատիժ չկրի, օրինակ՝ ընդունելով մեղքը և արագացված դատաքննության միջնորդելով, նա ուղղակի չի կարող ազատազրկվել: Այդ պատժամիջոցը կատարվել չի կարող, քանի որ համաներման որոշում է կայացվել, և համաներման ակտն այնպիսին է, որ եթե որոշակի ժամկետից ավելի ցածր ազատազրկում է նախատեսվում, իսկ արագացվածի դեպքում այդպես էլ լինում է, իրական պատժի ենթարկվել չի կարող անձը: Այստեղ գործ ունենք հատուկ, ընդհանուրից տարբերվող մոտեցման հետ, և դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառով և դա պայմանավորված է իշխող քաղաքական ուժի քաղաքական խնդրով չեզոքացնելու և վերահսկողություն սահմանելով՝ ՍԴ նկատմամբ: Որպես ՍԴ մարմնացում՝ մենք տեսնում ենք Հրայր Թովմասյանին: Եվ թե՛ քաղաքական հարթակում, թե′ նաև պսևդո իրավական հարթակում մենք տեսնում ենք բազում քայլեր, որոնց դրսևորումն այս կարմիր գծերը հատող մոտեցումն է: Ընդամենը վերջին դրսևորումը երեկ տեսանք, երբ պատգամավորներից մեկը մամուլի հետ շփվելով՝ ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով հայտարարեց, որ եթե հանկարծ ՍԴ-ն կայացնի այլ որոշում, քան ակնկալում է քաղաքական մեծամասնությունը, ապա նրանք դիմելու են այլ քայլերի և մի փոքր էլ կոնկրետացրեց, թե դրանք, որոնք են՝ վերահսկողություն սահմանելու ՍԴ նկատմամբ: Այստեղ մենք գործ ունենք քաղաքական բովանդակություն ունեցող և իրավական ֆորմալիզմի շղարշ ունեցող հետապնդման հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031