Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում քննարկվեց մի նախագիծ, որով արգելվելու է Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել՝ ինչ էլ որ պատահի գյուղատնտեսության հետ: Կառավարությունը՝ մասնավորապես, Ջրային կոմիտեն դեմ էր, բացատրում էր, որ կարող է արտակարգ իրավիճակ լինի, կարիքը լինի:

Մելքոնյանը վստահեցրեց, որ այս տարի առավելագույնն են արել, որ ոռոգումն իրականացվի ու ջրի այդ քանակը տեղափոխեն Սեւան:
Պարզվում է՝ որպես այլընտրանք Կեչուտի ջրամբարը կա, բայց թունելի շինաշխատանքների պատճառով այնտեղից էլ չեն կարողանում օգտվել: Բագրատյանն ասաց. «Հենց հիմա Կեչուտի ջրամբարի մոտ ՀԷԿ է աշխատում, 24 ժամ, տարին 12 ամիս էդ ՀԷԿ-ը աշխատում է»: Մելքոնյանն արձագանքեց. «Համաձայն եմ, բայց հիմա թունելի վերանորոգման վերջին փուլն է, եթե մենք հիմա՝ այս տարի, այս ժամանակահատվածում չանենք, կունենանք խնդիր մյուս տարի: Դա ժամանակացույցով ընթացող շինաշխատանքներ են: Նախարար Պապիկյանի հետ մենք թունելն անցել ենք, իրոք, հավատացեք, տեղեր կան, որ կարող է մի օր փլվեն: Դա փաստ է»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն էլ ասաց, որ գոնե հիմա կարելի էր ջուրը կուտակել Կեչուտի ջրամբարում, երբ թունելն աշխատի, այդ ջուրը կտեղափոխեն Սեւան, ոչ թե թողնեն, որ ՀԷԿ-երն աշխատեն: Մելքոնյանը պատասխանեց, որ հիմա Կեչուտի ջրամբարը 23 մլն խմ լցված է, լիքն է, կառավարում են Արփայով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































