Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյանը մանրամասնեց, թե ինչու էր Թումանյանն ատրճանակ գնել

Հոկտեմբեր 21,2019 13:34

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից, որ մասնակցում էր ԳԱԱ-ում մեկնարկած Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, հետաքրքրվեց` որպես պատմաբան հատկապես ի՞նչ դրվագներ կառանձնացնի, որոնք լավագույնս են բնորոշում Հովհաննես Թումանյանին:

«Կարծում եմ` դա Առաջին աշխարհամարտն է, երբ համահայկական մտածողություն ունեցող բանաստեղծը հասկանում էր, որ հնարավորություն է ընձեռվել մեր բռնազավթված հայրենիքի մնացած մասը եւս ազատագրելու եւ միացյալ Հայաստան ստեղծելու համար:

Պատահական չէ, որ դեռ պատերազմը չսկսված Թումանյանը 1914թ հոկտեմբերին ստեղծեց Հայ գաղթականների օգնության կոմիտե եւ հետագայում այդ գործունեությունը շարունակեց նաեւ 17-18թթ` «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը նախաձեռնելով: Նա հազարավոր հայ որբուկների փրկեց գերությունից: Ռուսական ոսկե տասանոցները յուրաքանչյուր հայ մանուկի համար վճարելով կարողացավ նրանց վերադարձնել հայրենիք, եւ Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Երեւանի, Թիֆլիսի որբանոցներում մնալով այդ երեխաները նորից վերահայացան»:

Պարոն Մելքոնյանին խնդրեցինք պատմել նաեւ այն դրվագը, երբ բանաստեղծը երիտասարդ տարիներին ատրճանակ էր ձեռք բերել: «Հովհաննես Թումանյան այն գործիչներից է, որ արդեն երիտասարդ տարիքում հասկանում էր, որ ժողովրդի ազատագրությունը լինելու է զենքով: 1895թ նա ատրճանակ գնեց Արեւմտյան Հայաստան մեկնելու համար, որովհետեւ առաջին գաղթականները Համիդյան ջարդերից հետո գալիս էին Արեւելյան Հայաստան,ինքն այս ամենին ականատես էր լինում: Դրա համար որոշեց զենք գնել եւ երկիրն ազատագրել: Նրա օրինակով երկու պատանիներ` Ախալքալաքի Մեսրոպյան վարժարանից` Ռուբեն Տեր-Մինասյանը եւ Ռուբեն Դարբինյանը, որոնք դասընկերներ էին, նույնպես մի 20 հոգանոց խմբով ատրճանակ գնեցին եւ ճանապարհ ընկան դեպի Արեւմտյան Հայաստան երկիրն ազատագրելու, որովհետեւ նրանց ուսուցչուհին` Սաթենիկ Օհանջանյանը (ապագա վարչապետ Համո Օհանջանյանի քույրը) իրենց իրենց պատմել էր, որ թե ինչու էր երիտասարդ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը զենք ձեռք բերել :

Այս դրվագները խոսում են այն մասին, որ Ամենայն Հայոց Բանաստեղծ լինելուց բացի, նա Ամենայն Հայոց գործիչ էր մեր ժողովդի համար` այդ դարակազմիկ կարեւոր ու խռովահույզ ժամանակաշրջանում»,-նշեց պատմության ինստիտուտի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031