Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբեր 03,2019 22:20

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգև սիրո և Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության և բոլոր շնորհներ բաշխման մասին:

«Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ և անարատ։  Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք և կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք և հավատարիմ մնացինք բոլոր պատվիրաններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, և մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, և ո՛չ էլ որևէ արհավիրք:

Եվ հավատում ենք, որ Արածանիի մկրտության և դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծո բոլոր շնորհներին, որն աստվածային պարգևն է՝ տրված մեզ՝ իմացական արարածներիս, մեր հավիտենական փրկության համար։ Իսկ փրկությունը Քրիստոսով է, կյանքը Քրիստոս է, որ մարմին առավ մեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Ամենքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանվեց մեր հոգիների մեջ և աստվածապարգև կյանքի ընթացքին մեզանից է կախված՝ կչորանա արդյոք, թե կպտղաբերի», – ասաց Մուշեղ եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաև, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապես հավատավոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելությամբ՝ կերտելով փառահեղ պատմություն, ստեղծելով աստվածախոս մշակույթ, կրթելով հայրենասեր սերունդ և աշխարհին ներկայացրել քրիստոնյա հային: Եկեղեցին խրատել, հորդորել և ուսուցանել է Ավետարանի ճշմարտությունները, որպես հոգատար մայր՝ խնամել և ոչինչ չի խնայել իր զավակի փրկության համար:

Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակվում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելությունը և երկու տասնամյակ է, ինչ կրկին բարգավաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունները, գործողների կողքին կառուցվում են նորերը և նոր աստիճանի է բարձրանում հոգևոր և հայեցի կրթության մակարդակը:

Այնուհետև անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից  սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով և գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաև մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին և  իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր։

Ներկա ժամանակներում եկեղեցական կյանքը ձևավորվում, ուղղություն և առաջնորդություն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետության ներքո, և մենք այսօր տոնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձը:

Վեհափառ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրյալ հաջորդը Լուսավորչի, արժանավոր շարունակողը եղաք երջանկահիշատակ մեր հայրապետների առաքելության: Անցնող 20 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես Ձեր իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ քրիստոնեացած հայ ոգին ավելի է տոգորում հայոց ինքնությունը և պահպանվում  հայ ժողովրդի կյանքից ներս»:

Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի և Մայր Աթոռի միաբանության անունից  շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 20 տարվա ընթացքին արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր և զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:

Հավարտ Ս. Պատարագի, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման և Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և արդյունաշատ հովվապետության համար:

 

ՀՀ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930