Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան միացել է Բաքվի սադրիչ քաղաքականությանը

Նոյեմբեր 08,2019 12:00

Տարիներ շարունակ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, աչք է փակել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուսերին է, ինչպես երեւում է, ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա փուլում անհաջողությունների մեղքը Հայաստանի վրա բարդելու գործընթացը, որը նա հետեւողականորեն իրականացնում է: Լավրովը մի առիթով Ստեփանակերտում Փաշինյանի օգոստոսյան հայտնի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» գնահատականին պատասխանեց՝ այն անընդունելի համարելով: «Վալդայի» հայտնի համաժողովում ունեցած իր ելույթում Լավրովը քննադատել էր Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունները առաջ տանելու մթնոլորտի ձեւավորմանը:

Այժմ էլ՝ նա որոշեց երկրորդ անգամ անդրադառնալ այդ թեմային: Ռուսաստանի արտգործնախարարն ահա նշել է, թե հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձեւով պետք է կարգավորել, չեն նպաստում խնդրի կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը:

Այս անգամ Լավրովը հստակ չի ասել, թե կոնկրետ ո՞ր հայտարարության մասին է խոսքը, սակայն նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին ու Լավրովի պատասխանը ստացվում է՝ ուղղված է հենց Հայաստանի իշխանություններին:

«Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ՝ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», – հարցրել է ադրբեջանցի լրագրողը: «Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերեւս կարգավորմանը չեն նպաստում եւ հենց դիրքորոշումները մերձեցնելու եւ փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», – պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա որոշ մանրամասներ է հայտնել ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը ոչ ֆորմալ կենդանի հանդիպում էր, որի արդյունքում նախանշվել էին վստահության մթնոլորտ ձեւավորելուն ուղղված հումանիտար մի շարք միջոցների, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարները:

Ստացվում է, մի կողմից պաշտոնական Բաքուն է շարունակում քննադատել ու հայկական կողմին՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ, մյուս կողմից՝ Մոսկվան Բաքվի սադրիչ հայտարարություններին համահունչ «ձայնակցում» է: Հիշեցնենք, շաբաթներ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհեց սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից, ըստ էության, ակնարկելով բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը:

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած եւ դեռ իրականացվող ռազմատենչ քաղաքականությունը, հռետորաբանությունը եւ 2016թ. ապրիլյան պատերազմի հրահրումը Ռուսաստանի իշխանությունների համար առիթ չէր հանդիսանում, որպեսզի Ադրբեջանի ուղղությամբ հասցեական հայտարարություններ արվեին:

Այժմ Մոսկվան բավական խստապահանջ է դարձել՝ ԼՂ կարգավորման հարցում բանակցությունների շարունակականությունն ապահովելու հարցում ու նրա ուշադրության կիզակետում, չգիտես ինչու, հայտնվել է միայն հայկական կողմը:

Այս ամիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Հայաստան: Ըստ ամենայնի, նա շարունակելու է նույն տոնայնությամբ խոսել հայկական կողմի հետ փակ հանդիպումներում: Հետեւաբար, հայկական կողմը պետք է պատրաստ լինի այդ խոսակցությանը, ավելին՝ պետք է ռուսական կողմից պարզաբանում ստանա, թե ինչո՞ւ է տարիներ շարունակ «բալանսավորված» հայտարարություններով աչքի ընկել, երբ անհրաժեշտ էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, ու ինչ պատճառով է նրա դիրքորոշումը փոխվել, երբ պաշտոնական Բաքվի քաղաքականությունը չի փոխվել:

Հայտնի է, որ հաջորդ ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են: Ղարաբաղի շուրջ երկխոսությունը կշարունակեն դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը, օրերս Մոսկվայում հայտարարել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: «Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», – ասել է ԵԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, թե հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում եւ արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ ուղիղ կապի ստեղծումը Երեւանի եւ Բաքվի միջեւ:

«Այս ամենը պետք է դրական արդյունքների հանգեցնեն բանակցություններում, դրանք շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման եւ լրագրողների փոխադարձ այցերի շուրջ»,- նկատել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930