Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանին ամուսինն ու սկեսրայրը դատի են տվել

Դեկտեմբեր 11,2019 20:40

Ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնի հարվածներից տուժած Թագուհի Մանսուրյանն այսօր դատարան էր հրավիրվել: Բանն այն է, որ Թագուհու դեմ հայց են ներկայացրել ամուսնու հայրը՝ Մարտիրոս Մարտիրոսյանը, նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը՝ դատարանից պահանջելով երեխայի հետ շփման կարգ սահմանել: Որպես երրորդ կողմ հայցում նշել են նաեւ  Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսնու եւ հարազատների հայցը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի որոշմամբ վարույթ է ընդունվել եւ այսօր այդ գործով առաջին նիստն էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի հարվածներից, բռնի արարքներից, սակայն ինքն էր մահացել Վլադիկ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից:

Թագուհի Մանսուրյանն ու նրա հայրը հրաշքով փրկվել էին: Նրանք ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Թագուհին ու նրա հայրը ստացել էին բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ, ինչի հետեւանքով վիրահատվել էին:

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում էլ Թագուհու ընտանիքի անդամները կացնի բազմաթիվ հարվածներ էին ստացել: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:

Վլադիկ Մարտիրոսյանն այժմ կալանավորված է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031