Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը

Դեկտեմբեր 24,2019 21:21

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով

Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի:

Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով:

Դժբախտաբար Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրեցին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը: Արդյունքում ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործոցներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարներ  ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում:

Այսօր, այս ողբերգական դեպքերից հարյուր տարի անց Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031