Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը պատրաստվում է ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել ու սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել

Հունվար 15,2020 14:11

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ պատրաստվում են ԱԺ էթիկայի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական հանձնաժողով ստեղծել:

Ինչպես հայտնի է, իմքայլական երկու պատգամավորներ՝ Կարեն Սարուխանյանն ու Սոֆիա Հովսեփյանն այս օրերին հեռակա բանավեճի մեջ էին, Սարուխանյանը վիրավորել էր կին պատգամավորին՝ ասելով՝ «ամուսնացիր՝ կանցնի», հետո ներողություն խնդրել: Սոֆիա Հովսեփյան ասել էր, որ Սարուխանյանի պահվածքը վարչության նիստում քննարկել են, նաեւ խմբակցության նիստում են քննարկելու:

Սակայն այսօր Լիլիթ Մակունցն ասաց, որ ինքը Սոֆիա Հովսեփյանին նման տեղեկատվություն չի տվել, որ խմբակցության նիստում քննարկելու են այդ հարցը. «Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք ու ես հայտնել եմ իմ դիրքորոշումներն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները, բնականաբար, ընդունելի չէին, եւ որի կապակցությամբ պարոն Սարուխանյանն արդեն ներողություն խնդրել է: Մնացած հարցերը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են հենց կուսակցության ներսում»: Նա ասաց, որ ինքը զրուցել է Սարուխանյանի հետ, հարցերը քննարկել են կուսակցության կարգապահական աշխատանքների շրջանակում ու հարթվել են, քանի որ պարոն Սարուխանյանը ներողություն է խնդրել իր կողմից արած անընդունելի արտահայտության համար:

Մեր հարցին՝ դուք այդ ներողությունը հավուր պատշաճի՞ եք համարում, որովհետեւ Սոֆիա Հովսեփյանի համար դա ներողություն չէր եւ չե՞ք պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձեւավորել՝ Մակունցը պատասխանեց. «Մարդը ինչ-որ սխալ խոսք է արտահայտել, որն ունեցել է բուռն արձագանք: Դա իսկապես ինձ համար անընդունելի էր: Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ունենալու դեպքերին, ես այդ մասին խոսել եմ խմբակցությունում ու այսօր այդ հարցը դառնում է ավելի քան երբեւէ առաջնային, ամառվա ընթացքում իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում եմ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել ԱԺ-ում: Առաջիկայում հնարավորինս սեղմ ժամկետներում ես հետամուտ եմ լինելու նրան, որպեսզի այդ հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, որը կարող է տեղի ունենալ միայն սահմանադրական փոփոխությամբ»:

Հարցրեցինք՝ այդ դեպքում, եթե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործիքից, որը նախատեսվում է« ԱԺ կանոնակարգ» օրենքի 16-րդ հոդվածով, որեւէ անգամ չեք օգտվել մեկ տարվա ընթացքում, մշտական հանձնաժողովն ի՞նչ կարող է անել, ձեզ այդ գործիքը, միեւնույն է, տրված էր, դեպքեր էլ եղան, չձեւավորվեց էթիկայի հանձնաժողով՝ Մակունցը պատասխանեց. «Շատ հաճախ եւ հիմնականում առնչվում են այնպիսի դեպքերին, որոնք կարող են համարվել քաղաքական հետապնդում, մենք այդ դեպքերում ընդդիմադիր խմբակցության պատգամավորների պարագայում հրաժարվել ենք սկսել այդպիսի գործընթաց: Դա է պատճառը, որ որպեսզի որեւէ կերպ դա մեկնաբանվի ոչ՝ որպես հետապնդում, ոչ՝ որպես խտրական վերաբերմունք, անհրաժեշտություն է առաջանում մշտական հանձնաժողով ստեղծել, եթե անգամ պահանջվում է դրա համար սահմանադրական փոփոխություն, որը կարող է առաջարկել ԱԺ-ն: Իսկ այն, որ պատգամավորներն իրենց հանրային խոսքում պետք է լինեն ծայրահեղ զգոն, աչալուրջ, դա միանշանակ է, հատկապես, երբ խոսքը գնում է այնպիսի արժեքների մասին, որոնք անքննելի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Կարէնին ճանաչում եմ ԵՊՀ Կենսաբանութեան ֆակուլտետից։ Օրեր էր, ֆակուլտետի մուտքի դիմաց մթնեցնում էր, մինչեւ աւարտի։ Այսօր, շնորհիւ իր քայլելու բացառիկ ընդունակութեան, նա դարձաւ մարզպետ, պատգամաւոր։ Կարէնը միակը չէ։ Այդպիսին են մերօրեայ կոճակ սեղմողների գերակշիռ մասը։ Եւ նրա չափազանց անշնորհք արտայայտութիւնը բնաւ զարմանալի չէ։ Այդպիսին է իմքայլականների մեծ մասի կրթական մակարդակը։ Եւ սարից քաղաք իջած գերագոյն գլխաւորը դա լաւ գիտի։

    Եւ նորից բախւում ենք յայտնի ճշմարտութեանը։ Հայ ժողովուրդը երբեք չի գնահատել խելքը, տաղանդը։ Կիրթն ու ուսեալը մի՜շտ աւելի ստորադաս են եղել։ Այլապէս այսպէս կոչուած «յեղափոխութիւնից» յետոյ այսպիսի կադրեր չէին լինի թէ՛ ԱԺ-ում, թէ՛ Կառավարութիւնում, թէ՛ այլուր։

    #ՊոլիՓէտԼինիԲայցՄերըԼինի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031