Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և հույն հոգևորականների միջև հերթական միջադեպը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում. «Ազատություն»

Հունվար 20,2020 16:58

Բեթղեհեմում շաբաթ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևորականների միջև, հայտնում է «Ազատություն»-ը:

«Մոտ 2 տասնյակ հույն, հունադավան արաբ հոգևորականներ ու քաղաքացիական շորերով մարդիկ զինված փայտերով ու երկաթյա ձողով շաբաթ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում փորձել են իրենց մասնաբաժնից աստիճաններով իջնել ու մուտք գործել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի Սուրբ Ծննդյան խորան, որտեղ անցկացվում էր հայերի Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողությունը, և փորձել են միջամտել ու խանգարել այն», – ահա այսպես են նկարագրում եղելությունը հայ ականատեսները:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում այսպես ներկայացրեց միջադեպը. – «Իրականում ոչ թե փորձել են մեր արարողության ժամանակ միջամտել, այլ երբ մեր արարողությունը ժամը 18:00-ին ավարտվեց, դրանից հետո մենք դադար ունենք մինչև ժամը 22:00-ը, և մեր արարողությունից հետո նրանք իրավունք ունեն խնկարկություն անել Ծննդյան Սուրբ այրի մեջ: Ճիշտ այդ ժամանակ նրանք պահանջեցին մեզանից, որ այրի մեջ 24 ժամ, որ մենք իրավունք ունենք տեղադրելու մեր սրբապատկերն, ինչպես նաև ավետարանն և մոմակալները, դրանք հեռացնենք»:

Ըստ հայր Կորյունի՝ զինված գալով ու վկայակոչելով իրենց իրավունքն ու ինչ-որ կեղծ փաստաթղթի նկար ներկայացնելով՝ նրանք պահանջել են պատից իջեցնել հայերի սրբապատկերը. – «Այդ ժամանակ էր, որ երբ իրենք փորձեցին այդ սրբապատկերն ու խնկարկումը միասին իջեցնել դեպի Սուրբ Ծննդյան տաճար, մենք այդտեղ կանգնեցինք և այդ ամեն ինչը թույլ չտվեցինք, որ տեղի ունենա: 24 ժամ մեր Ծննդյան տոնին Սուրբ Այրը մերն է, և մեր սրբապատկերն է տեղադրվում, Ավետարանն ու մոմակալները, և ոչինչ չի շարժվում այնտեղից: Դրանք դարերով եկած իրավունք են, սակայն այս տարի նրանք փորձեցին այդ միջամտությունն անել, մենք թույլ չտվեցինք, և ծեծկռտուք տեղի ունեցավ, որի արդյունքում, անշուշտ, նրանք հեռացան, և սրբապատկերը չտեղադրվեց», – պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետը:

Հունական կողմը բողոք է ներկայացրել Պաղեստինի նախագահի աշխատակազմի քրիստոնեական սրբավայրերի ու իրավունքների հանձնաժողովին, իսկ Պաղեստինի նախագահն էլ խնդրանքով դիմել է Հայոց պատրիարքին: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի խնդրանքին Հայոց պատրիարքը միայն այդքանով էր աջակցել:

«Պաղեստինի նախագահն անձամբ Պատրիարք սրբազանին խնդրեց, որ միայն այս տարվա համար թույլ տան, որպեսզի այդ խնկարկությունը լինի սրբապատկերով, բայց Պատրիարք սրբազանը համաձայնեց միայն, որ այս տարի լինի խնկարկությունը պայմանով, որ մեր սրբապատկերն, Ավետարանն ու մոմակալները չպետք է տեղաշարժվեն կամ հանվեն Սուրբ այրից», – հավելեց հայ վարդապետը:

Շարունակելով նա ասաց, որ այնուհետև երկու ոստիկան, բռնելով հույների սրբապատկերը, կանգնել են այրում, և հույները խնկարկություն են միայն արել ու հեռացել: Ի դեպ, ծեծկռտուքից տուժածներ կան, որոնց, սակայն, տեղում առաջին օգնություն է ցուցաբերվել, և նրանք չեն հոսպիտալացվել:

«Իրականում իրենց պահանջն անշուշտ մենք թույլ չտվեցինք, և այն առաքելությունը, որի համար կոչված է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը՝ Սուրբ երկրում պաշտպանել Հայ եկեղեցու իրավունքները սրբավայրերում, այդ առաքելությունը կատարեցինք և կարող ենք ասել, որ լիարժեք և լավագույն կերպով մենք շարունակում ենք կատարել մեր միաբանության վրա դրված առաքելությունը», – վստահեցրեց հայր Կորյունը:

Նա նկատեց, որ յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ սա համընկնում է հայկական Սուրբ Ծննդյան տոնի հետ, ու տարիներ շարունակ իրավունքների հետ կապված խնդիրներ են առաջանում, այս տարի՝ նույնիսկ ծեծկռտուք, որի պատճառով խնդիրը վերջնականապես լուծելու համար պատրիարքարանները պայմանավորվել են հանդիպել ու հարցերը քննարկել. – «Տոնից անմիջապես հետո մենք ներկայացնում ենք մեր բոլոր փաստաթղթերը, որ իրենք իրավունք չունեն նման խնկարկության, և իրենք էլ իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն, և պետք է ժողով լինի, քննարկվի, և որոշում կայացվի տոնից անմիջապես հետո մինչև մյուս 7 տարի անց, երբ որ նորից նման դեպք պետք է լինի», – հայտնեց հայր Կորյունը՝ վստահեցնելով, որ որևէ իրավունքի զիջում չի եղել:

Այս անգամ սրբապատկերը կանխելու էին եկել մոտ 2 տասնյակ հույներ՝ զինված փայտերով, երկաթյա ձողով: «Սա սադրանք է, և ես չեմ կարող ասել, թե այս սադրանքները երբ տեղի կունենան, բայց մենք պատրաստ ենք, մենք գիտենք, թե նրանք ինչեր կարող են անել, մենք պատրաստ ենք արձագանքելու», – ավելացրեց վարդապետը:

Լուսանկարում` Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Պատրիարքության միաբանները Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում, 19 հունվարի, 2020թ.

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031