Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել գործը

Հունվար 29,2020 23:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Մինչ այդ Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել գործը մինչեւ քրեական գործի քննության ավարտը:

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ եւ՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ …»:

Արամ Օրբելյանը Համբարձումյանի փաստաբանի միջնորդությունը համարում է անհիմն: Ըստ նրա՝ կասեցնելու հիմքեր չկան, եւ իրենց հայցի քննությունը կարող է ընթանալ քրեական գործի ընթացքից անկախ: Դատարանը վաղը կքննի Համբարձումյանի ներկայացրած միջնորդությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: