Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական դաշտում այս թատրոնն անտեղի է, ՀՔԾ-ն կրկին նախաքննական գաղտնիք է խախտել. Սեյրան Օհանյան

Մարտ 03,2020 18:15 Share

«Մինչեւ ապրիլի հինգը կարող է այսպիսի եւս 10 գործ գտնեն, սակայն ամեն կասկածանք պետք է ապացուցվի: Կարծում եմ, սա ուղղորդված է ՀՀ ներքին, ներկա եւ նախկին բարձր պաշտոնյաների դեմ», – այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ իրեն հերթական մեղադրանքն է առաջադրվել: «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի օտարմանը, որն իրականացվել է կառավարության կողմից: 2002 թվականին փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010-ին՝ օտարվել»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ. «Կառավարության որոշմամբ փոխանցվել է եւ կառավարության որոշմամբ օտարվել է, իսկ կառավարության որոշումներն անցնում են միջգերատեսչական համաձայնության փուլ, որի ընթացքում գործադիրի բոլոր մարմինների կողմից համաձայնություն են ստանում: Այսքանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերվում է պաշտպանության նախարարությանը»:

Նախարարը տեղեկացրեց, որ օտարման հիմնական գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետեւ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի աշխատանքի արդյունավետությունը, վիճակը, ՀՀ էներգետիկ համակարգում նրա դերը, նրա զարգացման ընթացքը եւ օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական նախարարությունը. «Դեռ ավելին, նրանք են ընտրել գնորդ կողմին, գինը, սա փաստում է նաեւ վերջին փորձագիտական գնահատումը: Ես կարող եմ ասել, որ այն ժամանակվա դրությամբ գործարքի գինը կազմել է 10 միլիոն դոլար, որը հավասարարժեք է այսօրվա 9.5 միլիոն դոլարին: Այսպիսով, պաշտպանության նախարարությունը ոչ մի շահագրգռվածություն չէր կարող ունենալ»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանք-կասկածանքը, ասաց, որ այն իր հետ որեւէ կապ չունի: «Իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ես ցուցմունք չեմ տվել, ես ստորագրություն չեմ տվել, որովհետեւ քանի անգամ կարող եմ տալ. չէ որ մարտի 1-ի գործով նույնպես ես ՀՔԾ-ում ստորագրություն եմ տվել չհեռանալու մասին: Կարծում եմ տեղեկատվական դաշտում այս ողջ թատրոնը անտեղի է. ՀՔԾ-ն իր վերջին տարիների գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննության գաղտնիությունը: Կասկածանքը դեռ պետք է հաստատվի, իսկ իրենք գիտեն գնորդ կողմին, գիտեն՝ քանի անգամ է վերավաճառք տեղի ունեցել, ինչ գներով, ինչ փորձագիտական խմբեր են ներգրավվել, գնորդ կողմի ղեկավարներն ինչ բանակցություններ են տարել Էներգետիկայի նախարարության հետ: Անուններ չեմ կարող նշել, որովհետեւ ես անուններ չգիտեմ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031