Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին հայհոյած քաղաքացուն այցելած «հեղափոխության պահապանները» «Հայելի» ակումբի պատերին ձվեր նետած երիտասարդներն են

Մարտ 12,2020 23:07

Նաիրիի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում «հեղափոխության պահապանների» գործողությունների առնչությամբ: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են մի խումբ երիտասարդներ՝ իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած, վարչապետին հայհոյած քաղաքացուն ստիպում ներողություն խնդրել վարչապետից:

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այդ նույն երիտասարդներն էին, որ «Հայելի» ակումբի վրա հարձակում էին գործել. «Նույն այդ խումբն էր, որ այցելեց «Հայելի» ակումբ ու իրենց ինքնադատաստանը տեսան՝ պատերին ձվեր նետելով:

Շատերը չեն մտաբերի այդ  դրվագը, բայց երբ ես բարձրաձայնել էի, որ եղբորս  երկու ոստիկան ծեծի է ենթարկել, դրանից հետո facebook-ում իմ նկատմամբ հակաքարոզչություն սկսվեց, այդ տղաներն էին, որ պաշտպանում էին ոստիկաններին, նրանք էին, որ գնացին, փողոց փակեցին՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Այդ մարդիկ իրենց համարում են օրենքը, իրենց պատկերացմամբ, կյանքի կոչողներ, իրենց վերապահել են լիազորություններ, որոնք չունեն, եւ դա շատ նորմալ է, որովհետեւ իշխանության եւ իրավապահ համակարգի վերաբերմունքը  այդ դրսեւորումներին այնպիսին է եղել, որ դա պետք է բերեր դրան, եթե վաղը չէ  մյուս օրը նրանք որեւէ մարդու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն, ես էլի չեմ զարմանա, որովհետեւ, եթե իրավապահները այս դրսեւորումների նկատմամբ աչք են փակում, մի օր դա ֆիզիկականի էլ կհասնի»:

Դավիթ Խաժակյանին այս երիտասարդների նախաձեռնած ինքնադատաստանը հիշեցնում է նախորդ իշխանությունների ժամանակ տեղի ունեցած նմանատիպ երեւույթները.  «Ընդհանրություններ շատ կան, թեկուզ ավելի երիտասարդ տղաների տեսքով, որոնք ստանձնել էին նախկին ՀՀԿ-ական պաշտոնյաների պաշտպանների դերերը, երբ իրենց նախաձեռնությամբ ինքնադատաստան էին տեսնում այս կամ այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, հիմա տեղի են ունենում նույն երեւույթները այլ գռեհիկ տեսքով, եւ դա մեր իրավապահների լուրջ ձեռքբերումն է»:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ այդ խումբը կապեր ունի իրավապահների հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031