Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ ամենայնի, դժգոհությունն այն է, որ այդ մարդիկ հիմա «Քաղաքացիական պայմանագրին» չեն օգնում»․ Դավիթ Խաժակյանը՝ Տիգրան Ավինյանի զայրույթի մասին

Սեպտեմբեր 09,2026 15:58 Share

Երեկ ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննադատեց համատիրությունների աշխատանքը՝ հայտարարելով՝ անհրաժեշտ է արմատախիլ անել «պորտաբույծների համակարգը»։ Տիգրան Ավինյանի բարկությունը նախորդեց ավագանու ՔՊ-ական անդամ Աշոտ Սարգսյանի հարցին, որը վերաբերում էր բազմաբնակարան շենքերում փոխարինված վերելակների վատ սպասարկմանը։

Քաղաքապետարանը չի կարող իր վրա վերցնել նաև համատիրությունների գործառույթները՝ արձագանքեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով․ «Լավ, վերելակները փոխարինենք, հիմա էլ սպասարկումը… սպասարկո՞ւմն էլ մենք անենք, հետո էլ ասենք՝ լավ, համատիրությունն էս էլ չի կարում անի, էդ էլ անենք։ Լավ, էդ համատիրություններն ինչների՞ս են պետք էդ դեպքում»։

Նա առաջարկեց համատիրությունների ղեկավարների փոփոխության նախաձեռնություն սկսել և «կոմպետենտ» մարդկանց ընտրել։

Համատիրությունների հետ կապված խնդիրների հաճախակի բարձրաձայնումը, ըստ Տիգրան Ավինյանի, ցույց է տալիս, որ քաղաքացիները տեսնում են՝ այդ կառույցները չեն իրականացնում իրենց գործառույթները․ «Ամբողջ քարոզարշավի ընթացքում ում ես ասել եմ՝ դուք եք ընտրում այդ մարդկանց, ինձ ասել են՝ մենք իրենց չենք ընտրել, մենք չգիտենք՝ իրենք ոնց են դարձել համատիրության նախագահ ու անդամ։ Ես վստահ եմ, որ հավաքագրման տեսանկյունից էլ բազմաթիվ խնդիրներ կան, և նախկին իշխանություններն էդ պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար։ Եվ էդ նույն պորտաբույծների բավական մեծ տոկոս մնացել ա, զբաղվում ա պորտաբուծությամբ, պետք ա էդ պորտը կտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Համատիրությունների աշխատանքի համակարգային վերափոխման առաջարկ իր ժամանակին ներկայացրել էր Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Առաջարկը հետեւյալն էր՝ վերացնել համատիրությունները, նրանց գործառույթները՝ բազմաբնակարան շենքերի պահպանման պարտավորությունները փոխանցել Երեւանի քաղաքապետարանին, քանի որ Երևանի բնակիչներից հավաքագրված միլիարդավոր դրամների մեծ մասը համատիրությունները ծախսում են վարչական մասի աշխատավարձերի վրա։

Հաշվի առնելով, որ երեկվա իր ելույթում Տիգրան Ավինյանն իր դժգոհությունը հայտնեց միայն համատիրությունների ղեկավարների ընտրության մասով, Երեւանի ավագանու նախկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Aravot.am-ի հետ զրույցում ենթադրություն հայտնեց, որ քաղաքային իշխանության ցանկությունն է՝ պարզապես համատիրությունների ղեկավարների փոփոխություն իրականացնել։

Տիգրան Ավինյանը հիշեց, թե նախկինում համատիրությունների ղեկավարները ներգրավված են եղել ընտրական գործընթացում գործող իշխանությանն օգնելու գործում, Դավիթ Խաժակյանը հակադարձում է․ «Ըստ ամենայնի, դժգոհությունն այն է, որ այդ մարդիկ հիմա «Քաղաքացիական պայմանագրին» չեն օգնում։ Թեպետ վստահ եմ, որ նրանց մի մասը հենց ՔՊ-ին էլ աջակցում են։ Սա նշանակում է, որ խնդիր է դրված անձերի փոփոխության, ոչ թե համակարգային լուծման»։

Ընդհանուր առմամբ, ըստ մեր զրուցակցի․ «Եթե մենք տեսնենք, թե երբ է ընդունվել համատիրությունների մասին օրենքը եւ քանի անգամ է դրանում փոփոխություն կատարվել, ապա պարզ կլինի, որ իշխանությունները շահագրգռված չեն եղել, եւ հիմա էլ շահագրգիռ չեն օրենսդրական բարելավման եւ դրա կիրառման, այլ խնդիր են դրել՝ իրենց հարմար համատիրությունների ղեկավարներ ընտրելու, որոնց միջոցով կշարունակեն իրենց աշխատանքն այնպես, ինչպես եղել է նախկինում»։

Ի դեպ, 2023-ի նախընտրական շրջանում Տիգրան Ավինյանն ասում էր, որ համատիրությունների մասին նոր օրենքի նախագիծ են մշակել, որով համատիրությունները կվերակազմակերպվեն, քաղաքապետարանի ու կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։ Առայժմ ոչ նախագիծը կա, ոչ էլ ֆինանսավորման սկզբունքի փոփոխությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930