Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը հույս ունի, որ կորոնադադարից հետո «կգրոհեն» մշակութային հաստատությունների վրա

Մարտ 20,2020 21:16

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր կայացած ասուլիսում շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին՝ հեռավար կրթության գործընթացում ոգեւորությամբ ներգրավվելու  համար: Ասաց, որ պարետի որոշմամբ  այս օրերին արգելված է հանրային միջոցառումների անցկացումը, քսան եւ ավելի անձանց մասնակցությամբ՝ ցուցահանդեսները, ներկայացումները եւ այլ միջոցառումներ:

Ինչ վերաբերում է իրենց  ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին, դրանք «եկել» են վիրտուալ դաշտ, եւ արդեն  որոշակի արդյունքներ կան: «Ինչպես հեռավար կրթության դեպքում է, այնպես էլ թատրոնների, թանգարանների դեպքում, շատերն իրենք են առաջարկներով հանդես եկել եւ դրանք իրականացնում են»,-ասաց նախարարը: Հավելեց, որ տասնյակ հազարավոր դիտումներ կան:

«Հերթական անգամ այս իրավիճակով փաստում ենք, որ կրթության, արվեստի նկատմամբ լավ որակի բովանդակության պահանջ կա»,-փաստեց Արայիկ Հարությունյանը:

Փոխնախարար Նարինե Խաչատուրյանը  հայտնեց, որ թանգարանները  եւ գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին, եւ բոլորը հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում՝  թե իրենց ֆեյսբուքյան էջերով, թե կայքերով; Ասաց, որ ստեղծվել է ընդհանրական հարթակ, որտեղ բոլորը կարող են հանդես գալ, ու որոշ հեշթեգեր են օգտագործում՝ ինչպես «տանը մնա», «թանգարանը կգա տուն» եւ այլն:

Հավելեց, որ թե՛ տարիքային եւ թե՛ սոցիալական տարբեր խմբերի համար հատուկ ծրագրեր են մշակվում, վիրտուալ թանգարաններն ու գրադարանները բազմազան նախաձեռնություններով են գալիս: Նշվեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում մեկուսացածների համար եւս հետաքրքիր ծրագիր են մշակել, որի վերաբերյալ առայժմ «փակագծեր» չբացեց:

Փոխնախարար Արա Խզմալյանն էլ, ի թիվս այլնի, խոսեց «Դասարան պլյուս դասական» նախագծից, որն արդեն վերափոխվում է առցանց ձեւաչափի, նշեց, որ կա նաեւ «Քո սերնդակիցը» նախագիծը, որի նպատակն է պատանիներին ծանոթացնել իրենց սերնդակից շնորհալի երաժիշտ կատարողներին: Դա կիրականացվի մեկ տասնյակի չափ տեսահոլովակների միջոցով:

Խզմալյանն ասաց, որ նոր ծրագրով հանդես կգա «ԴասԱ»  նախագիծը, որը կունենա բջջային հավելված,  բացի դրանից Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի  հետ քննարկել են  թվային տիրույթում մշակութային ժամանցի հետ կապված այլ նախագծեր: Առաջին ալիքի հետ էլ իրականացվում է «Չտեսնված կինո» նախագիծը: Փոխնախարարը հայտնեց, որ ութսունից ավելի հայկական մուլտֆիլմեր  կցուցադրվեն եւ զրույցներ կկազմակերպվեն կինոկենտրոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների  միության հետ իրականացվող այս նախագծի շրջանակում:

«Մշակութային կորոնադադար» նախագծին էլ անդրադարձ եղավ: Պարզվում է՝ նախարարի ուղեկցությամբ շրջայցեր կլինեն մշակութային օջախների այն հատվածներում, որոնք բոլորին հասանելի չեն: Համազգայհն թատրոնն էլ սկսում  է առակների ընթերցանություն, որից հետո արտիստները քննարկումներ են կազմակերպելու:

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ սա հնարավորություն է՝ որակյալ վիտուալ բովանդակություն ստեղծելու համար: «Այս ամիսն օգտագործելու ենք մշակութային հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար, որպեսզի դադարից հետո մեր հայրենակիցները գրոհեն այս հաստատություններ»: Ասաց նաեւ, որ պատրաստվում է իր սիրած ստեղծագործությունների ընթերցմամբ զբաղվել՝  երեխաների համար,  հույս ունի, որ այլ արվեստագետները եւս կմիանան այս նախաձեռնությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031