Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգերի ֆիքսումը հնարավորություն չի տալիս ֆիքսելու մարդկանց օֆլայն կապը. ինչ հետևանքներ կարող է ներառել փաթեթի ընդունումը

Մարտ 31,2020 16:55

Կառավարությունը նախօրեին Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրինագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն պետք է տրվեր։

Ի սկզբանե փաթեթը բազմաթիվ քննադատությունների արժանացավ և ի վերջո արդեն այսօր՝ մարտի 31-ին, քվորում չլինելու հետևանքով այն այդպես էլ չընդունվեց։ Սակայն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվում է փաթեթի վերանայված տարբերակը կրկին ներկայացնել ԱԺ-ին։

Ի՞նչ վտանգներ ու հետևանքներ կարող է ներառել փաթեթի ընդունումը

Բանախոսներն են

ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ

Սոս Ավետիսյան. Մտահոգությունն այն էր, որ սահմանափակվելու էին մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Սա խնդիր է, բայց նաև անհրաժեշտ միջոց է համաճարակի տարածման դանդաղեցման և մարդկային կյանքեր փրկելու համար: Առաջարկվող փոփոխությունների առավելություններն ավելի շատ են, քան մտահոգությունները: Սա հնարավորություն է ընձեռում օպերատիվ կերպով, շատ արագ մեծ տվյալների վերլուծությամբ և համադրմամբ տեղորոշելու և բացահայտելու հնարավոր վարակակիրներին և նրանց կոնտակտավորներին: Այս միջոցառմամբ կտրականապես աճում է այդ հնարավորությունը, որն այս իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտություն է:


Շատ կարևոր է նշել, որ խոսքն ուղղակի մարդկանց տեղորոշման ու զանգերի ֆիքսման մասին էր: Բովանդակային վերահսկողություն չէր լինելու, չէին լսվելու զանգերը և հասանելի չէր լինելու հաղորդագրությունների բովանդակությունը: Իսկ հավաքագրված տվյալներն ամբողջությամբ ապանձնավորվելու էին ու ոչնչացվելու արտակարգ դրությունից հետո:

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ պլանավորվում էր ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կվարձեր մասնագետի և նա կհետևեր ամբողջ գործընթացին՝ տվյալների հավաքագրումից մինչև մշակում ու դրանց ոչնչացում արտակարգ դրության ավարտից հետո: Ես կողմնակից եմ, որ այս դրույթն օրենքով ֆիքսվի և այն լինի շատ հստակ նմանատիպ դեպքերի համար նաև ապագայում:

Այնուհետև հանձնաժողովն Ազգային ժողովին ու հանրությանը պետք է ներկայացներ զեկույց կատարված աշխատանքի ու հավաքագրված տվյալների ոչնչացման մասին:

Կրկնում եմ՝ զանգերի ֆիքսումն ու մարդկանց տեղորոշումը շատ կարևոր գործիք  է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այն էականորեն կարող է դանդաղեցնել տարածումը: Նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր խոսքում նշեց, որ եթե արտակարգ դրություն չհայտարարվեր վարակի տարածման ցուցանիշը կլիներ շատ բարձր՝ յուրաքանչյուր մարդ կարող էր վարակել 2,6 մարդու և այսպես շարունակ: Այժմ այդ գործակիցը 1,5-ի է հասել: Ակնկալվում էր, որ նոր գործիքակազմի կիրառմամբ այն կհասնի 1,1-ի:

Սրան գումարվելու էր երկրորդ հանգամանքը, բացահայտված մարդկանց ու նրանց կոնտակտավորների պարտադիր թեստավորումը: Սա ևս շատ կարևոր է: Այս երկու գործոնների համակցությունը պետք է տար արդյունք: Հենց այս ճանապարհն է ընտրել Հարավային Կորեան՝ վիրուսի տարածման դեմ բավականին հաջող պրակտիկա ձևավորելով:

Տարոն Սիմոնյան. Այս նախագիծը համաչափ միջոց չէր հետապնդած նպատակին, և ավելին, արդյունավետ միջոց չէր այդ նպատակին հասնելու համար, որովհետև սրանով համաճարակի դեմ պայքար որպես այդպիսին արդյունավետորեն չէր մղվի։ Ընդամենը անձանց տեղակայման վայրը կարելի է որոշակիացնել, այն էլ 150 մ շեղումով, որը էլի պետք է գնահատել, որ որևէ կերպ չի նպաստում անձի ավելի կոնկրետ տեղակայումը ֆիքսելու համար։

Մյուս խնդիրն այն է, որ սա իրավական անորոշությամբ զուգորդված փաթեթ էր, հստակությունն էստեղ բացակայում էր, իսկ մարդու իրավունքների սահմանափակումը ընդհանրապես հնարավոր է թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի համատեքստում, թե՛ Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածի համատեքստում (բացառապես խիստ իրավական որոշակի սահմանափակումներով) և նաև հստակ անձանց շրջանակ ընդգծելով։ Այս իրավակարգավորումը ո՛չ իրավական որոշակիություն ունի, ո՛չ էլ անձանց հստակ սահմանափակում, ինչը ենթադրում է, որ մարդու իրավունքների սահմանափակումը, որպես այդպիսին ոչ իրավաչափ է։

Ոչ իրավաչափությունն իր հերթին կազմված է մի քանի հատկանիշներից․ 1․ այն համաչափ չէ հետապնդած նպատակին, 2․ պիտանի կամ արդյունավետ գործիք չէ այդ նպատակին հասնելու համար, 3․ անհրաժեշտությունը չկա։ Արդյոք պետք է օգտագործել ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ գործիք, որը համաչափ չէ նպատակին և այդ գործիքի միջոցով սահմանափակել մարդու հիմնարար իրավունքները, եթե այդ իրավունքների սահմանափակմամբ մեր նպատակին չենք հասնելու։ Այս խնդիրներից ելնելով էլ մենք բացասական ենք քվեարկել։

Ընդհանրապես, զանգերը ֆիքսելու հանգամանքն ի սկզբանե պետք է հանվեր, որովհետև դրանով ոչ մի խնդիր չի լուծվում, բացառությամբ լուծում է մի խնդիր, որ իշխանությունը հնարավորություն է ստանում ֆիքսելու, թե ով ում է զանգահարել և քանի անգամ, բայց համաճարակի տեսանկյունից որևէ խնդիր չի լուծում։ Էնտեղ հոդվածները շատ են, դրույթները շատ են։ Ես ամեն հոդվածի հետ կապված դիտարկում ունեմ, և մենք այդ դիտարկումները ներկայացրել ենք։

Այս բովանդակությամբ, այս բառապաշարով, այս լեզվամտածողությամբ չի կարող սա ընդունվել և որպես օգտակար գործիք աշխատել։ Հետևաբար, պետք է հանել։ Եթե սկզբունքային առումով համաձայն լիներ իշխանությունը մեզ հետ, մենք կարող էինք առաջարկություններ ներկայացնել անձանց տեղակայման վայրն ուղղակի ինչ-որ առումով հազարից մեկ ֆիքսելու կամ օգտագործելու համար։ Բայց քանի որ իշխանությունը, բացի տեղակայման վայրից ուզում է հեռախոսազանգերի քանակը, չափը, շփման շրջանակը, հազար ու մի գործոններ բացահայտելն իշխանությունների համար սկզբունքային հարց է, աննպատակահարմար է ինչ-որ բան առաջարկել։

Սամվել Մարտիրոսյան. Օրենսդրական փոփոխություններն առաջին հերթին նախատեսված էին այն մարդկանց համար, որոնք չարամտորեն խախտում են արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները և կարանտինի կանոնները: Օրինակ՝ լինելով հիվանդ՝ չեն ենթարկվում ինքնամեկուսացման կանոններին, և մասնակցում են ծնունդների և հարսանիքների: Նման դեպքերի համար զսպող մեխանիզմներ պետք են և տարբեր պետություններ գնում են այն ճանապարհով, քանի որ գիտակից ու կարգապահ քաղաքացիների թիվը 100 տոկոսի չի հասնում:

Երկրորդ հարցը վերաբերում է մարդկանց տեղաշարժի վերահսկողությանը, որը տարբեր պետություններում իրականացվում է բջջային օպերատորների ու տարբեր հավելվածների միջոցով: Սակայն եթե շատ պետություններում դա իրականացվում է ապանձնավորված, որպեսզի պարզապես տեղեկանան մարդկանց տեղաշարժի ու հնարավոր կուտակումերի մասին, ապա Հայաստանում անձնավորվելու և նույնականացվելու են: Սա վտանգներ է պարունակում և կարող է քաղաքական վերահսկման գործիք դառնալ: Օրինակ՝ լրագրողը հանդիպում է իր գաղտնի աղբյուրի հետ, ոստիկանությունը կարող է բացահայտել այն, քանի որ գիտի տեղաշարժը: Նույնը վերաբերում է ընդդիմադիր գործիչների խորհրդապահական հանդիպումներին:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի ֆիքսմանը, որի բովանադակությունը, համաձայն օրենսդրական փոփոխության՝ չի ուսումնասիրվելու: Հստակ ֆիքսվելու է՝ ով ում է զանգում և երբ: Բայց տվյալների մշակումը, մարդու տեղորոշման հետ միասին, կարող է հստակ ցույց տալ՝ ով ում հետ ինչ կապեր ունի: Գաղափարական ու կուսակցական կապերը ճշտել: Սա կարանտինի հետ բացարձակ կապ չունի և դրա խնդիրների լուծում չէ: Զանգերի ֆիքսումը հնարավորություն չի տալիս ֆիքսելու մարդկանց օֆլայն կապը: Սա մեծ վտանգ է անձնական տվյալների պահպանության տեսանյունից և համարժեք չէ կարանտինի խնդիրներին:

Մյուս կողմից, երբ նշվում է, որ այս գործընթացն իրականացվելու է արտակարգ դրության ժամանակ և տվյալները ոչնչացվելու են դրանից հետո, ապա հարց է առաջանում՝ որքա՞ն է տևելու արտակարգ դրությունը: Այն կարող է տևել մի քանի ամիս: Իսկ այդ ընթացքում հավաքած տվյալները մարդկանց սոցիալական կապերի մասին մեծ ինֆորմացիա են պարունակելու: Հարց է առաջանում՝ ով է այդ տվյալները մշակելու և որքանով է անվտանգ դրանց պահպանությունը: Արդյոք հնարավո՞ր է խուսափել արտահոսքներից: Սրանք բաց հարցեր են: Կառավարությունը, կարծում եմ, այդ հնարավորություններն ու ռեսուրսը չունի:

Չկար նաև երաշխիք, որ այդ տվյալները իսկապես չարամտորեն չէին օգտագործվի և իսկապես կոչնչացվեին արտակարգ դրությունից հետո: Եթե ասում են, որ պետք է լինի խորհրդարանական վերահսկողություն, ձևավորվի հանձնաժողով, ապա նախ պետք է ստեղծել այդ հանձնաժողովն իր հստակ գործառույթներով, հետո նոր խոսել դրա մասին: Հասկանալի չեն նաև սրա բողոքարկման մեխանիզմները, եթե հանկարծ մարդիկ ուզենան բողոքարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031