Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե պարետի՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ժամանակ առիթ ունեցե՞լ է փողոց դուրս եկած որևէ գյումրեցու, այսպես ասած, կարգի հրավիրելու, տուն ուղարկելու։ Մենք մեջբերեցինք նաև Իտալիայի մի քանի քաղաքապետերի օրինակը, որոնք զայրացած մեկուսացման կանոնները չպահպանող իրենց բնակիչների վրա՝ նույնիսկ հայհոյանքներ էին հնչեցնում։
Ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին այսքան կարգապահ լինելու համար։ Սամվել Բալասանյանի փաստմամբ, երբ սահմանափակման մասին նոր էր հայտարարվել, մարդիկ մի տեսակ մատների արանքով էին նայում։ Ըստ քաղաքապետի, նույնիսկ առաջին օրերին, երբ շրջել է փողոցներում, հանդիպել է մարդկանց, որոնք դուրս են եկել հրապարակ՝ օդ շնչելու։ Վերջինս նրանց հորդորել, համոզել ու տուն է ճանապարհել։ Իսկ երկրորդ օրը գյումրեցիները ընկալել են պահի ողջ լրջությունը։

Նա նշեց՝ ի տարբերություն մյուս քաղաքների, որտեղ մեծ հավաքներ են եղել, Գյումրիում նման տեսարանի չի հանդիպել, իսկ հուղարկավորություններին անձամբ է ականատես եղել, որ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում։
Կարդացեք նաև

Կարելի է ասել այդ ժամանակ մեր քաղաքը չկար, նկարահանած կա վերևից, արտասահմանյան մասնագետները գտնում էին, որ այս քաղաքից պիտի դուրս գանք, ուրիշ քաղաք կառուցենք։ Իհարկե, գյումրեցին իր թասիբով, իր խելքով, իր աշխատասիրությամբ կարողացավ իր քաղաքը վերականգնել, վերականգնվեց այն աստիճան, որ «Ֆորբս» ամսագրում համեմատվեց այնպիսի քաղաքների հետ, ինչպիսին է Լոնդոնը, Վանկուվերը։
Մեր ժողովուրդը լսեց մեր ձայնը, ու ինքնամեկուսացման պրոցեսը տեղը տեղին կատարեցին։ Երբեք չի եղել նման դեպք, որ մեր քաղաքի փողոցներում որևէ մեկին չտեսնեինք․․․ Առավոտյան մարդիկ դուրս են գալիս, առևտուր են անում, անգամ կատարվում է պարետի այն հրամանը, որ սկզբից ծերերը դուրս գան, գնան առևտրի։ Նույնիսկ սա է պաշտպանվում մեր երիտասարդների կողմից։
Փորձ ենք անում, որպեսզի քաղաքը պահենք այն իրավիճակում, ինչն անհրաժեշտ է այս համաճարակի պայմաններում, որ կարողանանք իրականացնել կարևորագույն բոլոր խնդիրները։
Շատ լավ աշխատում է մեր կոմունալ բյուջետային հիմնարկությունը, կատարում է իր բոլոր պարտականություններն՝ ախտահանությունն, աղբահանությունը, ամեն ինչ կատարվում է ժամանակին։
Ես առավոտյան, երբ գալիս եմ քաղաքապետարան, շրջում եմ քաղաքում, որպեսզի համոզված լինեմ՝ ինչպիսին է վիճակը և համոզվում եմ, որ բավականին լավ աշխատանք է կատարվում։


Ի դեպ, այսօր առավոտյան, երբ դեռ չէր հրապարակվել պարետի նոր որոշումը, Գյումրու կենտրոնական, հատկապես շուկայի հատվածը փոքր-ինչ աշխույժ էր, մեկ շաբաթ շարունակ կարգ ու կանոն պահած գյումրեցիներն ամենայն հավանականությամբ մտածում էին՝ միգուցե այլևս սահմանափակումներ չլինեն (Տես լուսանկարներում):
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































