Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին 54 մլն դրամ է վճարվել ոստիկանության զորքերում. ՊՎԾ-ն ավարտել է ոստիկանությունում իրականացված 2-րդ ուսումնասիրությունը

Ապրիլ 06,2020 12:15

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել  է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։

Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են  2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման,  հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։

Հարկ է նշել, որ շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:

Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են  պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից:

Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:

Իրականացված ուսումնասիրությունն ըստ ոլորտների, ամփոփ արդյունքներով, ունեցել է հետևյալ պատկերը՝

ՀՀ ոստիկանության կողմից, առանց օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի պահպանման, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքում իրեն ամրակցված թվով երկու անշարժ գույքի առուվաճառք և շինարարական կապալ նախատեսող որոշման նախագիծ, որը հաստատվել է՝ չպահպանելով օրենսդրական նորմերով սահմանված մի շարք ընթացակարգեր:

Ղեկավար կազմի բանավոր բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանն ամրակցված երկու անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամով, օտարվել է «X» ՍՊԸ-ին՝  չպահպանելով անշարժ գույքերի արժեքների գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Միաժամանակ, ՍՊԸ-ի հետ կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի կապալառուն պարտավորվել է ՀՀ ոստիկանության համար Դավթաշեն վարչական շրջանում կառուցել ԱՎՎ նոր վարչական շենք, ինչպես նաև վերանորոգել ամրակցված ևս երկու շենքեր։

Հավելենք, որ համաձայն կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի՝ գնորդի կողմից անշարժ գույքի արժեքի վճարման ժամկետի խախտման համար ՀՀ ոտիկանությունն, ի օգուտ պետական շահի, իրավունք ուներ գանձելու  շուրջ 107 մլն  ՀՀ դրամի չափով տույժ, որը չի իրականացվել:

Վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են առանց մի շարք օրենսդրական նորմերի պահպանման: Ավելին, շինարարության ընթացքում փաստացի տեխնիկական հսկողություն երբևէ չի իրականացվել, այն կրել է ձևական բնույթ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ստորագրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ նպատակ հետապնդելով օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ստանալը:

Հիշյալ նորմերի չպահպանման և օրենքով սահմանված փորձաքննություններ չիրականացնելու հետևանքով ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցված շենքում հայտնաբերվել են կոնստրուկտիվ համակարգերի վնասվածքներ, որոնք հանգեցրել է շենքի անհամաչափ նստեցման:

Համաձայն հետշինարարական մի շարք փորձաքննությունների արդյունքների՝ շենքի դեֆորմացիաները դեռևս շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում շենքի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 960 մլն ՀՀ դրամի չափով կատարված ծախսի արդյունավետության հարցը:

Տվյալ շինարարության ընթացքում հաստատված նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հաշվարկված է եղել օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 87 մլն ՀՀ դրամով ավել: Վարչական շենքում իրականացված տեսանելի որոշ աշխատանքների հսկիչ ընտրանքային չափագրման արդյունքում չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 13 մլն ՀՀ դրամ, որոնք սակայն ընդունվել և վճարվել են ՀՀ ոստիկանության կողմից։

Միևնույն ՍՊԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Գյումրիի ոստիկանության բաժնի Մուշ բաժանմունքի շինարարական աշխատանքների կատարողական ակտում ներառված աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգված աշխատանքների գները գերազանցել են դարձյալ ընթացքում հաստատված նախահաշվային գներին՝ շուրջ 25 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի նոր վարչական շենքի շինարարության ընթացքում տվյալ ՍՊԸ-ի և մեկ այլ ՍՊԸ-ի կողմից կազմված կատարողական ակտերում ներառված միևնույն աշխատանքների դիմաց կատարվել է կրկնակի վճարում՝ շուրջ 6 մլն ՀՀ դրամի չափով։

Շիրակի ՄՎ Գյումրիի բաժնի Կումայրի բաժանմունքի նոր վարչական շենքի կառուցման նպատակով 2015-2018 թվականների ընթացքում, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, «Z» ՍՊԸ-ի հետ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում կնքվել են շինարարական կապալի երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Մասնավորապես, առանց օրենսդրական բավարար հիմքերի առկայության՝ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար մեկ անձից գնում կատարելու առաջարկ:

Պարզվել է, որ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ «Z» ՍՊԸ-ի կողմից թույլ են տրվել գնման գործընթացների մի շարք օրենսդրական խախտումներ, առանց որոնց ՍՊԸ-ն չէր կարող հանդիսանալ որպես ընտրված մասնակից: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրենսդրությամբ սահմանված կարգով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և քաղաքաշինական բնագավառի մի շարք այլ օրենսդրական նորմերի պահպանման, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ տվյալ աշխատանքները պետք է իրականացվի «Z» ՍՊԸ-ի կողմից:

Շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ նախահաշվով ավել է հաշվարկվել շուրջ 220 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, շինարարության ընթացքում կազմված և ընդունված կատարողական, ինչպես նաև համադրման ակտերում ներկայացված աշխատանքները, մի շարք դեպքերում չեն համապատասխանում փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, օգտագործված նյութերի տեսակներին և քանակներին: Փաստացի կատարված որոշ աշխատանքների ընտրանքային չափագրումների արդյունքում արձանագրվել են շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով չիրականացված ծախսեր և շուրջ 51 մլն ՀՀ դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծից չբխող և չհիմնավորված ծախսեր։

ՀՀ ոստիկանության կողմից, առավելապես ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կազմակերպելու արդյունքում, այդ թվում՝ մեկ անձից գնման ընթացակարգերի միջոցով, մի շարք կապալի պայմանագրեր են կնքվել նաև երեք այլ ՍՊԸ-ների հետ։ Այս դեպքերում ևս, առանց բավարար հիմքերի առկայության ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծեր:

ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հիմնանորոգման նպատակով ՀՀ ոստիկանության և վերոնշյալ երեք ՍՊԸ-ներից մեկի հետ կնքվել են թվով 2 կապալի պայմանագրեր՝ շուրջ 778 մլն ՀՀ դրամ արժեքով։ Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշիվների կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կնքված պայմանագրային արժեքները ընդհանուր առմամբ 98 մլն ՀՀ դրամով գերազանցել է ճշտված նախահաշվային արժեքը։

Ուսումնասիրության են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության ու մեկ այլ ՍՊԸ-ի միջև 2014-2018 թվականների ընթացքում կնքված թվով 17 պայմանագրեր՝ տարբեր չափաբաժիններով և տարբեր նախահաշիվներով՝ շուրջ 530 մլն ՀՀ դրամ արժողությամբ։ Ընտրանքային կարգով իրականացվել է մի շարք պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ևս արձանագրվել է, որ տարբեր պայմանագրերով նախատեսված նախահաշիվներն ընդհանուր առմամբ ավել են հաշվարկվել շուրջ 80 մլն ՀՀ դրամի չափով։

Հարկ է նկատել նաև, որ Դավթաշենի ոստիկանական բաժանմունքի նոր վարչական շենքի վերակառուցման աշխատանքների համար մեկ այլ ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր, որը գերազանցել է աշխատանքների ճշտված նախահաշվային արժեքը շուրջ 28 մլն ՀՀ դրամով։

ՀՀ ոստիկանության ծառայողի հանդերձանքի ձեռքբերման նպատակով 2014-2019 թվականների ընթացքում, մի շարք դեպքերում խախտվելով պետական գնումները կանոնակարգող օրենսդրական նորմերը, հիմնականում ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կիրառելու արդյունքում համապատասխան պայմանագրեր են կնքվել թվով չորս ՍՊԸ-ների հետ՝ ի թիվս այլ մատակարարների։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նոր համազգեստին անցումը անարդյունավետ կազմակերպելու հետևանքով, գոյացել է հին նմուշի մնացորդ հանդերձանք և տեղի է ունեցել պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, ըստ էության, այդ մասով առաջացնելով պետությանը նյութական վնաս հասցնելու ռիսկ։ Պարզվել է նաև, որ նոր համազգեստի պատրաստման նախահաշիվները հիմնականում կազմվել են մատակարար կազմակերպությունների կողմից՝ ներկայացնելով միավորի չհիմնավորված բարձր արժեք։

2014-2016 թվականների ընթացքում հանդերձանք ձեռք բերելու նպատակով, առանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի բավարար առկայության, ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել, ըստ էության, ոչ մրցակցային գնման ընթացակարգով պետական գնումներ կատարելու նախագծեր, որոնք ևս  հաստատվել են գործադիրի կողմից։ 2017-2018 թվականներին հանդերձանքի ձեռքբերման նպատակով  գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցային ընթացակարգերով, սակայն գրեթե առանց փաստացի մրցակցության։

Նման հանգամանքների շարունակական բնույթ կրելը, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված այլ տվյալները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ այդ իրավիճակը ուղղորդված ձևով կարգավորվել է պատվիրատուի կողմից և չափաբաժինները քողարկված ձևով բաշխվել են նախընտրելի մատակարարների միջև, ինչի արդյունքում փաստացի մրցակցություն տեղի չի ունեցել և հանգեցրել է հանդերձանքի՝ բարձր գներով պայմանագրեր կնքելուն։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հանդերձանքի գնման գործընթացներն իրականացվել են մրցակցային ընթացակարգերով՝ ըստ էության, առաջին անգամ ապահովելով իրական մրցակցություն մասնակիցների միջև, ինչի հետևանքով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով տարբեր ապրանքատեսակների միավորի արժեքները կտրուկ նվազել են, ընդհուպ որոշ ապրանքատեսակների մասով՝ մինչև 50 տոկոս։

Համադրելով 2019 թվականի ընթացքում մրցակցության հիման վրա ձևավորված հանդերձանքի միավորի գները 2014-2018 թվականների ընթացքում ոչ մրցակցային ընթացակարգերում կնքված պայմանագրերով սահմանված հանդերձանքի չհիմնավորված բարձր միավորի գների հետ՝ առաջացել է պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման ռիսկ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է նյութական հնարավոր վնաս, որի ընդհանուր միջինացված ցուցանիշը կազմում է շուրջ 470 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության պահեստում առկա հանդերձանքից ընտրանքային կարգով վերցվել են տարբեր տարեթվերին մատակարարված հանդերձանքի տարբեր փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվել են նյութագիտական և ապրանքագիտական փորձաքննության, իսկ թվով հինգ հանդերձանքի մասով իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն։ Արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքատեսակները թե՛ իրենց բաղադրության, թե՛ արտաքին տեսքի բնութագրիչների մի շարք էական շեղումներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչներին։ Վերոնշյալ հինգ ապրանքատեսակների մասով կատարվել է անարդյունավետ ծախս՝ առաջացնելով պետության օրինական շահերին ավելի քան 265 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնաս հասցնելու ռիսկ։

2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերում, ընդ որում՝ առանց ապրանքի միավորի գնագոյացման հիմքի։ Պարզվել է նաև, որ անհատական պատվերների անվան ներքո հիմնականում ձեռք է բերվել մեծ խմբաքանակներով հանդերձանք։ Հատկանշական է, որ անհատական պատվերների միջոցով հանդերձանքի ձեռքբերումը մշտապես պատվիրվել է բացառապես մեկ ընկերության։

Ուսումնասիրության ընթացքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից տրված գրության հիման վրա պարզվել է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով վարչական վարույթի ընթացքում վերադասության կարգով գանգատարկված և կարճված գործերի և բեկանված որոշումների մասով տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն 2018 թվականից՝ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրումից հետո:

Ուսումնասիրության ենթակա փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել:

Հարկ է նշել, որ արձանագրված վարույթներով գանգատարկված և կարճված գործերի ու բեկանված որոշումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել վերահսկողության պատշաճ մակարդակ:

Ընդհանուր առմամբ, ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկվել է 8529 վարչական ակտ, կարճվել և բեկանվել է  909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է  13985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել է մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11738 ակտ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում  զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր։ Բացի այդ՝ խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։

Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930