Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն

Մայիս 08,2020 13:30

Երկրորդ աշխարհամարտի տարիներից, որպես մասունք, մնացած այս խմբանկարը, որի մասին ուզում եմ պատմել, արվել է Պարսկաստանում՝ 1943թ.:

Կանգնած վերեւի շարքում ձախից երկրորդը մորենական պապս է՝ դիլիջանցի Սուրեն Թորոսի Ալիխանյանը (1924-1996թթ.):

Դիլիջան քաղաքում հարգված Ալիխանյան գերդաստանի երկու եղբայրների՝ Ասատուրի եւ Թորոսի ընտանիքներից ռազմաճակատ են մեկնել երեք տղա զավակները:

Ասատուրի միակ որդին՝ Գեւորգը, ու Թորոսի երկու զավակները՝  Սեւանը եւ Սուրենը:

Վերադարձել է միայն Սուրեն Ալիխանյանը:

1941թ. մարտի 11-ին ԱՄՆ կոնգրեսը ընդունում է օրենք, որով պատերազմի ժամանակ պարտավորվում է հակահիտլերյան կոալիցիայի դաշնակից երկրներին, այդ թվում նաեւ ՍՍՀՄ-ին, վարձակալությամբ կամ փոխարինաբար սպառազինություն, զինամթերք, ստրատեգիական հումք եւ այլ ապրանքներ տալու: Այդ ամենի տեղափոխման համար ՍՍՀՄ Ռազմական մինիստրությունը հատուկ զինվորական շարասյուներ է կազմավորում եւ ուղարկում Պարսից ծոց, որտեղից պետք է ռազմաճակատ տեղափոխվեր տրամադրված ռազմամթերքը: Հայաստանը աշխարհագրականորեն մոտ լինելով Իրանին, խմբի առաջնահերթ կազմը ձեւավորվում է այստեղ:

Պարսից ծոց մեկնող զինվորական գումարտակներից մեկում է ծառայության անցնում Սուրեն Ալիխանյանը: Ավագ եղբորից հետ չմնալու եւ ռազմաճակատ շուտ մեկնելու համար՝ 19-ամյակը դեռ չբոլորած երիտասարդը Դիլիջանի զինկոմիսարիատում տարիքը մեծացնում է:

1943թ. մարտից զինվորական պատրաստությունը՝ որպես կուրսանտ, անցնում է Ստեփանավանի 12-րդ զինվորական ուսումնական ավտոգնդում: Որպես ավագ-սերժանտ եղել է 587-րդ գումարտակի զինվորական ավտոշարասյան մեխանիկ-վարորդներից մեկը, այնուհետեւ՝ Պարսից ծոց մեկնող նույն գնդի 74-րդ դասակի հրամանատարը: Բախտի կամոք, ռազմական շարասյունով, երկու անգամ՝ 1943-44թթ. ընթացքում, անցնում է միեւնույն ճանապարհը դեպի Պարսկաստան եւ հետդարձ՝ դեպի ուկրաինական ռազմաճակատ: Շարասյունը Պարսկաստան է մեկնել Սեւանի ավազանով դեպի Սյունիք, ձգվել՝ Թաֆրիզ, Թեհրան, Իսպահան, Ահվազի ուղղությամբ դեպի Պարսից ծոցի հյուսիսային հատվածում գտնվող Բենդեր Դեյլեմի նավահանգիստ:

Պարսկաստանյան այդ օրերի հետ կապված տխուր եւ հետաքրքիր հիշողություններ է ունեցել: Երիտասարդ, բայց կյանքի եւ պատերազմի բովում կոփված այդ երիտասարդը ամեն ակնթարթ գիտակցել է, որ թեեւ ռազմաճակատից հեռու է, բայց հատուկ առաքելությամբ է գործուղվում ու կարող է զոհվել: Այդ իսկ պատճառով կարգապահությունն ու պատասխանատվության խիստ զգացումը ձեւավորված բնավորություն է դառնում այդ օրերից սկսած: Պարսկաստանի տարածքում շատ էին դեպքերը, երբ փորձեր են կատարվել զանազան զինված խմբավորումների կողմից կանխել շարասյան առաջընթացը: Դա արվել է հիմնականում տեղացիների կողմից՝ զենքի խլման եւ ռազմամթերքը տեղ չհասցնելու համար: Ցավալիորեն զոհեր եղել են:

Սուրեն Ալիխանյանը պատմել է, որ ամեն ինչ արվում էր խստագույն կարգապահության, մեքենաների վիճակը բարվոք պահելու, շարքից չկտրվելու, անապատում չկորչելու, ապահովությունը եւ զգոնությունը ամեն ջանքով չթուլացնելու համար: Երկու անգամ էլ զինվորական առաջադրանքը պատվով է կատարվել:

Ահա այս լուսանկարը պարսկաստանյան այդ օրերի փաստացի վկան է, որը պահվում է Սուրեն Ալիխանյանի ընտանեկան արխիվում՝ ավագ դստեր մոտ: Դրանում 587-րդ գումարտակի 74-րդ դասակն է: Մի այլ հիշատակ նույնպես մնացել էր այդ օրերից, որը Ս. Ալիխանյանի ձախ ձեռքին էր: Դա իր անվան եւ ազգանվան սկզբնատառերով արված դաջվածք էր, ինչը զինվորներից շատերի ձեռքին կարելի էր տեսնել: Դաջվածքի իմաստը նրանում էր, որ եթե անապատում զոհվեն, դրանով հնարավոր կլիներ զինվորի ինքնության ճանաչումը:

Խորհրդային զորքերի՝ Պարսկաստան ժամանելու լուրը շատ արագ է տարածվում հատկապես հայաբնակ շրջաններում: Տեղի հայերից շատերը անկաշկանդ մոտեցել եւ իրենց օգնությունն են առաջարկել զինվորներին, զգուշությամբ նրանց մեջ հայ զինվորների փնտրել, ամեն կերպ աջակցել նրանց: Այս մասին պատմել է պապս, որը շատ տարագիր եւ տեղացի հայերի է հանդիպել Թաֆրիզում, Թեհրանում, Սպահանում: Հանդիպումներից շատերը Թավրիզի հայկական թեյատներից մեկում են եղել, որտեղ էլ առաջին անգամ լսում է սրտառուչ, հայկական երգեր, որոնք երբե՛ք չի մոռանում… Այդ օրերի վերհուշով՝ շատ էր սիրում վերընթերցել Գարեգին Սեւունցի «Թեհրան» վեպը:

Հետաքրքիրն այն է, որ հետդարձին՝ Պարսկաստանից դեպի ուկրաինական ռազմաճակատ, երկու անգամ Սուրենն անցնում է իր ծննդավայր Դիլիջանով: Ինչ-որ կերպ կարողանում է նամակով նախապես տնեցիներին իմաց տալ, որ դրսում սպասեն ու գոնե ակնթարթ հանդիպեն: «Սուդաբեկեր» կոչվող մեքենաների ծանր շարասյունը հասնում է Դիլիջանի Պապանինո թաղամաս, այն փողոցը, որտեղ նրանց տունն էր: Հրամանատարը կարգադրում է մեքենաների ընթացքը մի քիչ դանդաղեցնել, կանգնել չէին կարող: Սուրենը հարազատներին, ծնողներին տեսնում է միայն մեքենայից ու կարճ, ջերմ եւ զուսպ խոսքեր փոխանակում: Հասցնում է նաեւ նամակ եւ մի մեծ արկղ արմավ նետել իրենց բակի կողմը, որը զինվորական հոգեպահուստով գնել էր Թավրիզում ու պահել տան փոքրերի համար:

Սուրեն Ալիխանյանի մարտական ուղին հետագայում անցել է ուկրաինական ողջ ռազմաճակատով՝ Կրիվոյ Ռոգ, Խերսոն, Նիկոլաեւսկ, պատերազմի հաղթական ավարտին հասել է Ռումինիա: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, եղել ՍՍՀՄ Աշխատանքի վետերան, երկար տարիներ աշխատել Դիլիջանի եւ Վանաձորի անտառտնտեսությունում:

Պարսկական օրերը հիշեցնող նկարը պատռված է, բայց դա էլ իր պատմությունն ունի. ողջ պատերազմի ընթացքում Սուրեն Ալիխանյանը դրանից չի բաժանվել, մինչեւ 1947թ. հունիսը, երբ վերջնականապես Ռումինիայի Ֆոկշան քաղաքում ավարտում է զինվորական ծառայությունը եւ վերադառնում Դիլիջան:

Այդ նկարում իր հետ ճանապարհ անցած, նաեւ զոհված մարտական ընկերներից են, որոնց միշտ հիշել է անուն առ անուն՝  Սորոկին, Պուրովանիձե, Կուրկին, Ֆեանշիստով…

Սուրեն Ալիխանյանի թոռնուհի՝ Մ. ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ. Խմբանկարը Պարսկաստանում է, միայնակ զինվորականը պապիկն է, իսկ երեքով նկարում՝ կենտրոնում է, նոր զորակոչված ժամանակ:

«Առավոտ» օրաթերթ
07.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031