Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից է գալիս Ալիևի ոգեշնչանքը՝ մշակելու այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագրեր. «Հայացք Երևանից»

Հոկտեմբեր 30,2023 11:06

1828 թվականի մարտի 21-ին Ռուսական կայսրության կազմում գտնվող տարածքների վրա ձեւավորվեց Հայկական մարզը։ Ռուսական իշխանությունները խորհուրդ էին տվել հայերին բնակություն հաստատել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բայց առաջին հերթին՝ Հայկական մարզում։

Միատարր էթնիկ կազմով առանձին վարչական միավորի ձեւավորումը համարձակ քայլ էր տարասեռ բնակչություն ունեցող կայսրության համար։ Դժվար թե այն ժամանակվա իշխանությունները սա չհասկացան։ Ցանկացած էթնիկ փոքրամասնության համախմբումը միշտ էլ հղի է եղել քաղաքական բարդություններով։

Որ այս ոչ միանշանակ հանգամանքը Ռուսաստանը լավ է հասկացել, երեւում էր Հայկական մարզի սահմանների որոշման ձեւից։

Հայտնի է, որ նույն գնդապետ Լազարեւն առաջարկել էր Հայկական մարզ մտցնել հիմնականում հայաբնակ տարածքները՝ Սյունիքն ու Ղարաբաղը, եւ նույնիսկ ստեղծել հայկական զորամիավորումներ։ Բայց գաղափարն առաջացրեց տարբեր պաշտոնյաների, մասնավորապես՝ Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Գրիբոյեդովի լուրջ դիմադրությունը, որը սերտորեն առնչվում էր այս հարցերին։

Այս մոտեցումը պատահական չէր: Եվ փաստը, որ ամենագլխավոր հանգամանքն է՝ Սյունիքի եւ Արցախի (որոնք նախկին Ղարաբաղի խանության կազմում էին) մեծամասամբ հայաբնակ գավառները չներառվեցին Հայկական մարզում։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, Կովկասի հայաբնակ գավառների վարչական սահմանազատման այս միտումը շատ կայուն ստացվեց։ Այս երկու գավառները ոչ միայն վարչականորեն անջատված էին Հայկական մարզից, իսկ ավելի ուշ՝ Երեւանի գավառից, այլեւ վարչական եւ տնտեսական կախվածության մեջ էին մահմեդականներից։ Այսպիսով՝ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու հենց սկզբում գավառի բոլոր հողերը թագավորը հանձնեց Շուշիում մահմեդական բեկերի արհեստականորեն ստեղծված դասին, իսկ վարչակազմը ղեկավարում էր գահընկեց արված Շուշվա խանի ժառանգը։

Պատմաբանները պնդում են, որ հայերը չէին պատրաստվում տեղափոխվել Վրաստանից Հայկական մարզ, եւ ռուսական իշխանություններն իրենց ջանքերը կենտրոնացրել էին 17-րդ դարում Շահ Աբասի կողմից վտարված հայերի հայրենադարձության վրա։ Ըստ գոյություն ունեցող հաշվարկների՝ 1828թ.-ից հետո Պարսկաստանից Էրիվանի նահանգ եւ Ղարաբաղ տեղափոխվեցին մոտ 57.000 հայեր։ Միաժամանակ 87.000 մահմեդականներից մոտ 35.000-ը՝ թաթարներ, քրդեր ու քոչվոր ցեղերի այլ ներկայացուցիչներ, որոնց բնակեցրել էին Էրիվանի խանությունում, լքեցին այդ տարածքները։ Այս զանգվածային գաղթից հետո հայերը սկսեցին կազմել նախկին խանության բնակչության մեծամասնությունը (65.000 հայ եւ 50.000 մահմեդական, այդ թվում՝ 10.000 քուրդ):

Արդեն 1838թ.-ին Պարսկաստանից եւ Օսմանյան կայսրությունից հայերի ներհոսքից հետո նրանք կազմում էին գավառի 165.000 բնակիչների կեսը։ Այստեղ էին տեղափոխվել նաեւ Կովկասի այլ վայրերից հայեր, սակայն հայ բնակչության աճի հիմնական աղբյուրը մնացել էր Օսմանյան կայսրությունից փախստականների մշտական հոսքը։

Բայց առայժմ պետք է որ պարզ լինի, թե որտեղից է գալիս այսօրվա Ադրբեջանի նախագահի ոգեշնչանքը՝ մշակելու, այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագրեր։ Այն մասին, թե երբ եւ որտեղից էին եկել իր նախնիները եւ ում լքված տներում էին բնակություն հաստատել, Ալիեւը նախընտրում է լռել։ Իսկ այն մասին, թե ցարական իշխանությունները երբ օրենքով արգելեցին նրա անմիջական նախնիների՝ կովկասցի մահմեդականների քոչվորական կյանքը, նա նույնպես պետք է որ իմանա:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երևանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031