Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերն էլ են ընդունակ սիմֆոնիա ստեղծել»

Մայիս 22,2020 13:30

Հարցազրույց Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, բժիշկ, գարեջրագետ Հովհաննես Դուրգարյանի հետ

– Պարոն Դուրգարյան, դուք եղել եք ԱԺ առաջին գումարման պատգամավոր։  Մեր դիտարկմամբ՝ մինչ օրս հատկապես ԱԺ հարցուպատասխանի օրերին մատների վրա կարելի է հաշվել զուտ մշակույթի ոլորտին առնչվող հարցերը։ Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում տվյալ երկրի մշակութային ոլորտի գործունեությունը, այն հիմնական նկատառումով, որ մշակույթի ոլորտը, ինքնուրույն լինելով հանդերձ, ինքնահոսի չմատնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին։ Օրինակ, Էստոնիայի պառլամենտը վաղուց շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքից ստացված եկամտի որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։ Կամ՝ ամերիկյան արվեստի նման ազատ լինելով ու թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, Ֆրանսիայում, պառլամենտի ընդունած օրենքի համաձայն, օրինակ, դասական արվեստի դարբնոց «Գրան-Օպերա» թատրոնը լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից։ Մեր խորհրդարանում, եթե չենք սխալվում, 2008թ.-ից մինչ օրս դեռեւս  նիրհում է Թատրոնի մասին օրենքի նախագիծը, թեեւ արվեստագետները  մեզ հետ զրույցներում մշտապես հավաստիացրել են, որ ճիշտ չէ ունենալ արվեստի այս կամ այն ոլորտը կարգավորող օրենք, պետք է ունենալ մեկ ընդհանուր՝ Մշակույթի մասին օրենք, որտեղ ներառված կլինեն արվեստի բոլոր ճյուղերը։ Ասվածի առիթով կուզեինք լսել ձեր կարծիքը։

– ԱԺ-ն օրենսդիր մարմին է եւ նրա աշխատանքի արդյունքը ընդունված օրենքն է։ Այո, ԱԺ-ն կարող է ընդունել օրենք մշակույթի մասին, բայց արդյոք մենք դա՞ ենք ուզում։ Ցանկացած օրենք սահմանում է եւ սահմանափակում։ Իսկ մենք ուզո՞ւմ ենք, որ պետությունը սահմանի մշակույթը եւ սահմանափակումներ մտցնի։ Մշակույթն՝ իմ կարծիքով, ինքնազարգացող եւ սահմանները քանդող ոլորտ է։ Ըստ էության, ոլորտի սահմանադիրները հենց մշակութային գործիչներն են։ Ես նույնիսկ դեմ եմ մշակույթի նախարարության գոյությանը, որովհետեւ պետական կառավարման մարմինն իր գոյությունն արդարացնելու եւ կարեւորությունն ընդգծելու համար  շատ արագ դառնում է «ճշտի նախարարություն»՝ ստեղծվում են պաշտոններ, մշակութային հիմնարկներ, կոչումով մշակույթի գործիչներ, ցանկալի մշակույթ… եւ որպես արդյունք ստանում ենք պալատական մշակույթ։ Իսկ թե որն է պետության դերը մշակույթի ոլորտում, համոզված եմ, որ այն պետք է արտացոլված լինի կառավարության ծրագրերում, որն ամեն տարի բյուջեի հետ բերվում է պառլամենտ։ Այդ ծրագրերում պետք է նշված լինեն մշակույթի, արվեստի այն առաջնահերթությունները, որը պետությունը կֆինանսավորի մրցութային եղանակով։ Մրցույթներն էլ կանցկացվեն բաց, թափանցիկ եւ, որտեղ հնարավոր է, գումարը կստանա ոչ թե ՊՈԱԿ-ը, այլ ստեղծագործական խումբը, որովհետեւ ՊՈԱԿ-ն այդ պարագայում կհանդիսանա ընդամենը հարթակ, օրինակ՝ բազմաթիվ թատերական կամ երաժշտական խմբերի համար։

– Մեր երկրում պատգամավորը «ասոցացվում» է բիզնեսմենի հետ. դուք ունենալով բժշկի մասնագիտություն, զբաղվել եք քաղաքականությամբ, հիմա էլ զբաղվում եք  գարեջրի արտադրությամբ…  Կեսկատակ-կեսլուրջ ձեզ անվանում են գարեջրագետ, ի՞նչը ձեզ տարավ այդ ոլորտ։ Ի դեպ, գարեջուրը աշխարհում ամենասպառվող եւ հավանաբար ամենահին խմիչքն է՝ ջրից ու թեյից հետո։ Նույնիսկ պահպանված որոշ ձեռագրերում անդրադարձ կա գարեջրի պատրաստմանը։ Օրինակ՝ Համմուրաբի թագավորի օրենքները ներառել են գարեջրի եւ գարեջի սրահների վերաբերյալ սահմանումներ, այդ թվում՝ Միջագետքի աստվածուհուն նվիրված աղոթքը՝ «Նինկասիի գովերք»։

– Ինչպես եւ այլ բազմաթիվ գործարար նախաձեռնություններում՝ անձնական փորձառությունը։ Բելգիական գարեջրի բազմազանությունը փոխեց իմ կարծրատիպերը գարեջրի մասին։ Ընթերցողի ծարավը չի կարող հագենալ, ասենք, միայն արկածային գրականությամբ, իսկ ինչո՞ւ գարեջրասերի ծարավը պիտի հագեցվի միայն ինդուստրիալ, միատեսակ գարեջրով։ Քրաֆտ կամ «ձեռագործ» գարեջուրը համերի եւ բույրերի անհատակ ծով է, եւ ես ուրախ եմ, որ «Դառգետը» առաջարկում է ավելի քան 20 տեսակի գարեջուր։

Գարեջուրը, ինչպես գինին կամ խոհանոցը, ցանկացած երկրի պատմության մի մասն է եւ մշակույթի արտացոլումը։ «Դառգետում» պատրաստում ենք ոչ միայն բելգիական, գերմանական, անգլիական, ամերիկյան տեսակի գարեջրեր, այլ նաեւ ստեղծել ենք հայկական ծիրանի գարեջուր։ Այդ բազմազանության մեջ, վստահ ենք, որ յուրաքանչյուրը կգտնի իր քիմքին հաճելի գարեջրի տեսակը։

– Աշխարհում  գարեջրի թոփ հնգյակում են Բելգիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան եւ Մեքսիկան։ Հետաքրքիր է, որ ցանկից բացակայում են մեզանում շատ սիրված գերմանական ու չեխական գարեջրերը։ Իսկ ո՞րն է ձեր լավագույն գարեջուրը։

– Հաճախ են ինձ հարցնում այդ մասին։ Մենք գիտակցաբար հրաժարվում ենք լավ եւ վատ բնորոշումներից, որովհետեւ դրանք մանկական բառեր են եւ հասուն մարդը իրեն դուր եկածը բնութագրելիս ավելի լայն սահմանափակումներ պիտի կիրառի, օրինակ՝ ձեզ հուզող երաժշտությունը նկարագրելիս դուք հարյուրավոր տարբերակներ ունեք։ Իսկ ինչո՞ւ նույնը չանել մի գավաթ այն խմիչքի հետ, որը ուրախություն է պարգեւում։ Չէ՞ որ համերն էլ են ընդունակ սիմֆոնիա ստեղծել։

– Ասացիք, որ գարեջուրը երկրի պատմության ու մշակույթի արտացոլումն է։ Մեր պատմության մեջ ի՞նչ դեր է ունեցել գարեջուրը։

– Միջագետքն ու Հայկական բարձրավանդակը հացահատիկի հայրենիքն են։ Առաջին գարեջրի, ինչպես նաեւ առաջին գինու ստեղծումը պատահականության արդյունք է եւ այդ երջանիկ պատահականությունից հետո գարեջրագործությունն ու գինեգործությունը դարձան մարդկության կենցաղի ուղեկիցը։ Հույն պատմիչ Քսենոֆոնը մ.թ.ա. 5-րդ դարում զարմացած նկարագրում է, որ հայերը խմում էին մի խմիչք, որի մակերեսին գարի էր լողում։ Երբ մենք մշակում էինք «Դառգետի» տարբերանշանը, մեր ուշադրությունը գրավեց աշխարհի հնագույն պահպանված քարտեզը։ Բաբելոնյան այդ քարտեզը շատ պարզունակ էր. Միջագետքն էր եւ շրջապատող երկրները։ Քարտեզում նշված երկրներից միայն Հայաստանն է, որ գոյատեւել է մինչեւ մեր օրերը։ Քարտեզը եզրափակում էին ծովերը, որոնց բաբելոնցիները Դառը գետ էին անվանում. հենց այդ անվանումից էլ ծնվեց «Դառգետը»։

– Որպես գարեջրագետ՝ ի՞նչ հետաքրքիր փաստեր կներկայացնեք գարեջրի պատմությունից։

– Եվրոպական միջնադարում գարեջուրն ըստ էության զվարճության եւ ժամանցի միակ աղբյուրն էր։ Քաղաքները մրցում էին լավագույն գարեջրի համար եւ այն քաղաքները, որոնց գարեջուրը լավն էր, գրավում էին նոր բնակիչների ու ավելի էին հարստանում, հզորանում։ Սկանդինավյան վիկինգների տոհմերը վերելք էին ապրում, երբ իրենց խմորասնկերն ավելի կենսունակ էին լինում, քան մյուսներինը։ Ազատ մրցակցությունը շարունակվում էր մինչեւ եվրոպական աբսոլյուտիզմի հաստատումը, երբ միապետները հասկացան, որ գարեջուրը եկամտի հսկայական աղբյուր է եւ հաստատեցին արքայական մենաշնորհ, գարեջուրն էլ դարձավ միատեսակ ու անորակ։ Հետաքրքիր է, որ երկու հզոր հարեւանի՝ Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների միջեւ կռավախնձոր դարձած Բելգիան պահպանեց գարեջրային բազմազանությունը եւ բարձր որակը մինչեւ մեր օրերը, ինչպես բրիտանական արքայական մենաշնորհից խուսափող շոտլանդացիները՝ թաքնվելով լեռներում, զարգացրին եւ նաեւ մեր սերնդին փոխանցեցին շոտլանդական վիսկիի ժառանգությունը։ Հետաքրքիր փաստ է նաեւ այն, որ Բավարիայում 1516թ. ընդունված գարեջրի «մաքրության օրենքը» գործում է նաեւ մեր օրերում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031