Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Հայկ Անտոնյան. «Մինչեւ հիմա չեմ հանդիպել պացիենտի հարազատի հետ, որովհետեւ աշխատում ենք փակ պահմաններում»

Մայիս 30,2020 19:33

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի առաջարկով խոսեց հիվանդության ծանր եւ առանձնապես ծանր դեպքերի մասին, որպեսզի քաղաքացիները ավելի շոշափելի պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգավոր վարակի հետ գործ ունեն:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ ցավակցել բոլոր այն ընտանիքներին, հարազատներին, որոնք կորոնավիրուսի դեպքերով ունեցել են մահացություններ: Ընդհանրապես, մեծահասակների մոտ, որոնք ունեն կյանքի ընթացքում ձեռք բերված քրոնիկ հիվանդություններ, կորոնավիրուսը առանձնահատուկ բարդությամբ է ընթանում: Եվ պետք է զգոն լինել, բանը դրան չհասցնել, որպեսզի հետո բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան այդ մարդկանց կյանքին որեւէ օգուտ տալ: Պետք է պահպանել բոլոր կանոնները: Սցենարը շատ դառն է ընթանում: Ես մինչեւ հիմա առիթ չեմ ունեցել որեւէ պացիենտի հարազատի հետ զրուցելու կամ գոնե ցավակցելու, որովհետեւ մենք փակ գոտում ենք աշխատում եւ այդ հնարավորությունը չենք կարողանում ունենալ, ինչպես առօրյա կյանքում կարող ենք շփվել պացիենտի հարազատների հետ եւ բացատրել իրենց հիվանդների ծանրության աստիճանը կամ բուժման դինամիկան: Ստիպված ենք  օնլայն տարբերակներով կամ հեռախոսով, ինչի ժամանակը ուղղակի չի լինում:

Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ՝ հետեւեք բոլոր կանոններին, որպեսզի բանը չհասնի նրան, որ հարազատը, հայրը, մայրը, եղբայրը կամ քույրը հայտնվեն վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց մասնագետը:

Հայկ Անտոնյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց վերակենդանացման բաժանմունքները եւ հիվանդանոցները համապատասխանում են միջազգային բոլոր նորմատիվներին, հագեցված են եւ դեղանյութերով եւ բոլոր սարքավորումներով: «Խնդրում եմ, վստահեք մեզ, եւ մենք ջանք չենք խնայի, որ պայքարենք ձեր հարազատների առողջության համար»,-եզրափակեց բժիշկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031