Լրահոս
Օրվա լրահոսը

Բոբ Լորդը՝  առողջապահական մարտահրավերների ֆոնին արվեստից չհրաժարվելու մասին

Հունիս 06,2020 16:34 Share

Aravot.am-ը  Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի այս տարվա ժյուրիի անդամ, PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Լորդից (ԱՄՆ) հետաքրքրվեց՝ իր կարծիքով արդյոք մշակույթը, արվեստը, հոգեւորը հետին պլան չեն մղվե՞լ, քանի որ մարդիկ այսօր ավելի կենտրոնացած են գոյատեւելու եւ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:

«Անհերքելի է, որ վիրուսը պատճառ է դարձել, որպեսզի մարդիկ վերակազմակերպեն իրենց առաջնահերթությունները, ցանկություններն ու կարիքները, եւ այն ամենը, թե ինչն է այսօր ավելի «էական», ի տարբերություն նախկինի: Իսկ ի՞նչ ասել է էական: Արվեստը, երաժշտությունը, արտահայտչականությունը այնպիսի բաներ են, որոնք մեզ թույլ են տալիս փախչել երեւակայական ոլորտ:  Դրա համար ես ցանկանում եմ պնդել, որ հենց դրանք են անհրաժեշտ մարդկային ոգու գոյատեւման համար: Ահա թե ինչու եմ կարծում, որ այս մրցույթը շատ կարեւոր է»,-ասաց Բոբ Լորդը:

Նրա ձեւակերպմամբ, հեշտ է ասել՝ վարակն ավերել է ամեն բան, պետք է ամեն ինչ չեղյալ հայտարարվի, սակայն պետք է համառ գտնվել եւ կյանքի կոչել բոլոր ծրագրերը՝  առողջապահական մարտահրավերների ֆոնին,  լինել քաջ ու խելամիտ:

«Քանի որ համավարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է, շատ կարեւոր է, որ համաշխարհային մշակույթը առաջ շարժվելու ուղիներ գտնի՝  այլ մարդկանց հետ կապեր հաստատելու, հարաբերություններ կառուցելու եւ հրաշալի արվեստ ստեղծելու համար»,- հավելեց PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Տեղեկացնենք, որ 2020թ․-ին  «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիան Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողին տրամադրելու է  հատուկ մրցանակ՝ 25000 ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագիր ։ Ձայնագրությունները կթողարկվեն PARMA Recordings ստուդիայի կազմում գտնվող Navona Records լեյբլի ներքո։

Նշենք նաեւ, որ մեր հարցը Խաչատրյանական մրցույթի՝ ԱՄՆ ներկայացնող ժյուրի անդամ Բոբ Լորդին ուղղել էինք Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մեկնարկից առաջ տրված առցանց ասուլիսի ժամանակ, zoom  հարթակում իրականացվող ասուլիսի մոդերատորը չէր նկատել մեր այս հարցը, սակայն Լորդը անձնական նամակով գրել էր, որ պատրաստ է պատասխանել Aravot.am-ի հարցին, ինչի համար շնորհակալ ենք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Բոբ Լորդի լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930