Սննդի անվտանգության պետական տեսչության անձնակազմն այսօր՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, ստուգայց կատարեց Գյումրու սննդի օբյեկտներում, սրճարաններում, վաճառասրահներում, սուպերմարկետներում։
Նրանց մշտադիտարկումը սկսվեց քաղաքի կենտրոնում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի խանութներից ու սրճարաններից։ Տարբեր խախտումներ հայտնաբերվեցին՝ ախտահանող նյութերի անվանումը չնշելուց մինչև սրճարաններում սեղանների միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը, աշխատողների ջերմաչափման մասին տեղեկություններ չհրապարակելը։

Կարդացեք նաև
«Արդեն կասկածելի է՝ ինչի՞ համար են գրանցել բարձր ջերմություն ունեցող անձանց»,- ասաց Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ պարտադիր չէ գրանցել հաճախորդներին, պարտադիր է աշխատակիցների ջերմաչափման գրանցումը։ Նա չբացառեց, որ այս սրճարանը կփակվի երկրորդ անգամ, դա կախված է պարետի որոշումից։

Լրագրողների հետ զրույցում սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավարն ասաց, որ 700-ից ավելի խախտումներ են արձանագրել հանրապետության տարածքում, դրանցից մոտ 600-ն արդեն փակվել են կամ փակվել-բացվել են։
«Միտումը բավականին լավն է, մեկ-երկու անգամ տնտեսվարողի մոտ գնալուց տեսնում ենք, որ փոփոխություններ կան հիմնականում։ Չես կարող ասել՝ բոլորն են նույն ձևի մտածում, կան տնտեսվարողներ, որոնք չեն հասկանում ու ստիպված ենք լինում երկրորդ անգամ պատժել նույն խախտումների համար»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Թե ինչ խախտումներ են հիմնականում թույլ տալիս՝ պաշտոնյան ասաց․ «Հիմնականում սոցիալական հեռավորության բացակայությունն է, սեղանների շուրջ հերթեր, որոնք առաջանում են խանութներում, դիմակի ոչ պատշաճ կրելը և մատյանների ոչ պատշաճ լրացնելը»։
Մենք հետաքրքրվեցինք ընդհատակյա հարսանիքներով։ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավարն ասաց, որ ինչքան էլ ընդհատակյա հարսանիք ու խնջույքներ անեն, այդ տեղեկությունները իրենց հասնում են։ Իրենք էլ գնում ու արձանագրություն են կազմում, ու նման ռեստորանները միանգամից փակվում են 72 ժամով։ Նա ասաց, որ ինքն անձամբ առաջարկել է ֆինանսական տույժեր կիրառել, տեսնեն ինչ կորոշի պարետատունը։

Նա ասաց, որ բացօթյա շուկաներում ևս ստուգայցեր են իրականացնում և փորձում են ընթացք տալ խախտումներին։

Ըստ նրա, սննդի արտադրամասերում կանոնները հիմնականում պահպանվում են, այս պահին կասեցումներ են արել փոքր արտադրամասերում՝ հացի փուռերում կամ թխվածքների արտադրամասերում, իսկ մեծ կազմակերպությունները հիմնականում պահպանում են։
Նրա տեղեկացմամբ, օրական մինչև 100 օբյեկտի կասեցում են իրականացնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































