Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեր խնդիրը կոնկրետ անձի պաշտպանությունն է, պիտի հիասթափված լինեք հիմա մեզանից». ԼՀԿ-ն ՍԴ կդիմի, բայց՝ Քոչարյանի գործից հետո

Հունիս 24,2020 12:23

«Փաթեթի հետ կապված տարընթերցում կա: Մեր կարծիքով, ընդունված օրենքով կարող են դադարել լավագույն դեպքում երկու դատավորների լիազորությունները, բացի ՍԴ անդամ տիկին Ալինա Գյուլումյանի լիազորություններից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Lուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման նոր ընդունված օրենսդրական փաթեթի մասին:

Մարուքյանը վստահեցրեց, որ իշխանությունը սրանով 2 դատավորի փոփոխություն է ուզում անել, նաեւ ՍԴ նախագահի պաշտոնի դադարում, ինչը վարչական պաշտոն է, դատարանի նախագահը երկու ձայն չունի, այսպես թե այնպես՝ մեկ ձայն ունի ու շարունակելու է ունենալ. «Թնդանոթով ուզում են կրակեն ճնճղուկի վրա: Այն գործողություները, որոնք մեկնարկած են, թնդանոթներ ու տանկեր են: Բայց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սրանով էլի շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:

Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ չեք մասնակցելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին՝ Մարուքյանը պատասխանեց. «Այո, ճիշտ հասկացաք: ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի գործի քննությունից հետո եւ իրավական առումով որեւէ տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»:

Հարցին՝ տարբերություն կա՞ իրենց համար, թե ՍԴ-ն ում գործն է քննվում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ կապ չէր ունենա, եթե հենց նույն օրը, որ օրը ԱԺ-ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ՍԴ-ն արագ աշխատանքային նիստ չգումարեր. «Եղել է հետեւյալ մոտեցումը, որ մեր գործողությունը միանշանակ, աներկբա զուլալ մնա իրավական, այսինքն` որևէ ձևով չպետք է ծառայի գործող իշխանության շահերին ու չպիտի ծառայի նախկին իշխանության շահերին։ Հետեւաբար որոշումն այս ձեւով է ընդունված»:

Տարոն Սիմոնյանն էլ հավելեց, որ թե՛ նախկինները, թե՛ ներկաները իրավունքը ճկում են այնպես, որ ծառայեցնեն սեփական քաղաքական նպատակներին, իսկ դա պետականությանը վնասում է. «Այս երկու ուժերն էլ մտածում են բացառապես անձնական քաղաքական շահերով: Այսօրեական խնդիրներ լուծելու համար այնպիսի գործողություններ են անում, որ 5-10 տարի հետո մեր պետականության հիմքերը պետք է վնասի: Իրավունքը այնպես է մեկնաբանվում այսօրվա քաղաքական իշխանության որոշ անդամների կողմից, որ ես, որպես իրավունքի բնագավառի եւ գիտությամբ զբաղվող անձնավորություն, հիմնավոր կասկած ունեմ, որ սա դիտավորյալ տգիտության քարոզ է՝ իրավաբանությունը ոտնահարելու եւ ոչնչացնելու ուղղությամբ»:

Լրագրողները ճշտեցին՝ չի՞ ուզում ԼՀԿ-ն մտնել ԲՀԿ-Քոչարյան-իշխանություններ եռանկյունու մեջ, էլի ընտրում է երրորդ ճանապա՞րհը, Մարուքյանը պատասխանեց. «Եթե ձեր մտահոգությունը սահմանադրության եւ իրավական պետության պաշտպանությունն է, դուք պիտի բավարարված լինեք: Եթե ձեր մտահոգությունը, օրինակ` կոնկրետ անձի գործով պաշտպանությունն է, դուք պետք է հիասթափված լինեք: Հիմա դուք ընտրեք՝ դա ի՞նչ ճանապարհ է՝ չորրորդն է, վեցն է: Ձեր շահը ո՞րն է, ի՞նչ խնդիր եք ձեր առաջ դրել: Եթե ձեր խնդիրը կոնկրետ անձի պաշտպանությունն է, պիտի հիասթափված լինեք հիմա մեզանից, եթե ձեր խնդիրն է թույլ չտալ, որ իշխանությունը ոտքերը սրբի Սահմանադրության վրա, դուք պիտի բավարարված լինեք մեր պատասխանից: Մենք թույլ չենք տալիս, որովհետեւ դիմում ենք ՍԴ, եթե չդիմեինք, կնշանակեր, որ թույլ ենք տալիս»:

Հարցին՝ ՍԴ փոփոխությունների նախագիծն ուժի մեջ է մտել, չե՞ք կարծում, որ կարճ ժամանակում ՍԴ-ի գործող կազմի համամասնությունը կփոխվի հօգուտ իշխանության եւ ձեր ՍԴ դիմելը այլեւս անիմաստ կլինի, հնարավոր է նույնիսկ վարույթ էլ չընդունեն ձեր դիմումը՝ Մարուքյանը պատասխանեց, որ դիմումը վարույթ կընդունվի ու կտեսնենք դա, բացի այդ, ըստ նրա, համամասնությունը հօգուտ իշխանության չի փոխվի, եթե 7-ից անգամ 3 դատավորին հանում ենք, բալանսը չի փոխվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930