«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Փաշինյանը չի պատկերացնում Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի իմաստը
Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է «Կիկոսի մահից»՝ այդպես բնորոշելով Հայաստանի առջև ծառացած վտանգների վերաբերյալ հնչող մտահոգությունները։ Սակայն նրա այս համեմատությունից ակնհայտ է դառնում, որ նա չի հասկացել Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի բուն իմաստը։
Հեքիաթում ընտանիքի անդամները մեկը մյուսի հետևից մոռանում են իրենց իրական անելիքը և սկսում ողբալ դեռևս չծնված Կիկոսի երևակայական մահը։ Նույնիսկ ընտանիքի հայրը, իրավիճակը շտկելու փոխարեն, որոշում է հոգեհաց կազմակերպել՝ մորթելով ընտանիքի միակ եզը։ Արդյունքում ընտանիքը ոչ միայն չի կատարում իր առջև դրված խնդիրը, այլև սեփական գործողություններով վտանգում է իր ապրուստը։
Կարդացեք նաև
Իմ համոզմամբ՝ այս պատմությունը շատ ավելի դիպուկ է նկարագրում հենց Փաշինյանի իշխանության գործունեությունը։
2018 թվականին իշխանության գալով՝ Փաշինյանն ուներ հստակ անելիքներ՝ իրականացնել բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել երկրի անվտանգությունը և կանխել պատերազմը։ Սակայն բարեփոխումները ձախողվեցին, բանակցային գործընթացը տապալվեց, և սկսվեց պատերազմը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանության առաջնային խնդիրը պետք է լիներ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և կանխել նոր պատերազմն ու Արցախի հայաթափումը։ Բայց տեղի ունեցավ հակառակը․ Արցախը հայաթափվեց, իսկ շուրջ 150 հազար մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց տները։
Այսօր էլ իշխանության գլխավոր պարտականությունը պետք է լինի Հայաստանի անվտանգությունն ապահովելը, տնտեսությունը հնարավոր ճգնաժամերից պաշտպանելը և քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելը։ Մինչդեռ իշխանությունը զբաղված է բոլորովին այլ հարցերով՝ ազգային խորհրդանիշների հեռացմամբ, սոցիալական աջակցության կրճատմամբ և նոր հանքարդյունաբերական ծրագրերի առաջմղմամբ։
Միաժամանակ տնտեսական հնարավոր ծանր հետևանքների մասին հնչող զգուշացումները կրկին ներկայացվում են որպես «Կիկոսի մահ»։ Սակայն «Կիկոսի մահը» հենց այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ մոռանում են իրենց իրական պարտականությունները, տարվում երկրորդական հարցերով և, ի վերջո, սեփական ձեռքերով կործանում իրենց ունեցածը։
Մանրամասն վերլուծությունը՝ տեսանյութում:



















































