Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Կրթության մեջ ներդրված միջոցները, ոչ թե ծախս են, այլ ներդրում»

Հունիս 25,2020 19:22

«Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր քննարկում՝ հանրակրթության ոլորտի խնդիրների և լուծումների վերաբերյալ: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ի թիվս այլնի, անդրադարձավ միջառարկայական կապերին, հանրակրթությունում բովանդակային փոփոխություններին, դպրոցի եւ ուսուցչի ինքնավարության բարձրացմանը, գնահատման համակարգին:

Փոխնախարարը շեշտեց, որ բովանդակության որեւէ փոփոխություն չի կարող իրականություն դառնալ, եթե ԿԳՄՍ նախարարությունը ուսուցիչներին չդիտարկի որպես լավագույն գործընկերներ: Հավելեց, որ մտադիր են ներդնել ուսուցիչների խրախուսման մեխանիզմներ, նաեւ ցանկություն ունեն ատեստավորման գործընթացը դարձնել ոչ բյուրոկրատական եւ անգամ թվայնացնել:

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ հանրակրթության կառավարման համակարգի առումով էլ փոփոխություններ են նախաձեռնել, որոնց մի մասն առկա է նախագծերի տեսքով խոսքը, հատկապես տնօրենի ընտրության, դպրոցական խորհուրդների վերակարեւորման եւ վերաարժեւորման մասին է: Փոխնախարարը փաստեց, որ դպրոցական խորհուրդները հիմնականում ծառայում են տնօրենի ընտրության անցկացմանը, մինչդեռ կարեւոր լիազորություններ ունեն՝ինչպես, օրինակ, ռազմավարությունը, ֆինանսավորումը եւ այլն: Ասաց, որ դպրոցական խորհուրդների խոշորացման ճանապարհն են ընտրել, որպես խնդրի լուծման ուղիներից մեկը:

Նիկոլ Աղբալյանի անվան տարրական դասարանի ուսուցչուհի Եվգենյա Մինասյանը, ի թիվս այլնի, կարեւորեց ուսուցչի հեղինակության բարձրացման եւ դրույքաչափի թեթեւացման հարցը, ցանկություն հայտնեց, որ ուսուցիչն իր թիկունքում զգա պետության վերաբերմունքը :

Aravot.am-ի հարցին՝ երբ նախարարությունը խոսում է ուսուցիչների ատեստավորմամբ պայմանավորված՝ բարձր աշխատավարձեր վճարելու մասին, արդյոք դրա տակ կա կոնկրետ վերլուծություն եւ ֆինանսական հաշվարկ, փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, բոլոր փոփոխություններն ունեն ֆինասական ազդեցության գնահատական, դա պարտադիր է: Նման նախագծերի պարագայում պետք է հաշվարկել, թե դա ինչ կարժենա պետության համար:

Մյուս կողմից կուզենայի գիտակցեինք, որ կրթության մեջ ներդրված միջոցները, ոչ թե ծախս են, այլ ներդրում, եւ կրթության մեջ արված ամեն ծախսը օգուտ է բերում»:

Ինչ վերաբերում է հանրակրթության վերաբերյալ որոշումների վերջնական արդյունքում ուսուցիչների տեսակետների եւ կարծիքների արտացոլմանը, փոխնախարարն ասաց, որ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ազդեցություն ունենալ ցանկացած փաստաթղթի վերամշակման վրա, որոնք բաց դրված են:

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման մասին եւս հարց էինք ուղղել, որի տեղում դեռ ոչինչ չի ստեղծվել, մինչդեռ այդ կառույցը ոչ միայն ուսուցիչների վերապատրաստումների, այլեւ մեթոդաբանության եւ այլ հարցեր էր լուծում: «Իհարկե շատ կարեւորելով կրթության ոլորտում նման ուղեղային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը, մենք 2011-12 թթ-ից սկսած փորձում էինք գնալ որոշակի ազատականացման, ուսուցիչը պետք է ունենա ընտրելու հնարավորություն՝ որտեղ է ուզում վերապատրաստվել: Բացի այդ, չեմ կարծում, որ վերապատրաստումը պետք է դառնա որեւէ կազմակերպության մենաշնորհը»,-ասաց ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է նման կառույցի անհրաժեշտությունը, հավելեց, որ նման մի նորաստեղծ կառույցի գրանցման փուլում է գործընթացը, որը պետք է իրականացնի գիտահետազոտական ուղեղային կենտրոն լինելու պահանջը ու առաջիկայում կկարողանա ամբողջությամբ գործել: Հավելեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պարբերական կապի մեջ է նախկին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցների հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930