Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն»՝ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ. ԲՀԿ հայտարարությունը

Հուլիս 07,2020 11:19 Share

ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ եվրոպական կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների եւ քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի եւ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջեւ այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարեւորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի եւ ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որեւէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը. Սա քաղաքական հայացքների խնդիր չէ, սա այլևս արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիրն է: Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031