Լրահոս
Օրվա լրահոսը

«Էներգետիկ անկախություն» սահմանումն իրականում հրապարակախոսական բնույթ է կրում»

Հուլիս 15,2020 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը

– Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Ծանոթացե՞լ եք: 

– Միանգամայն ողջունելի է նոր ազգային անվտանգության ռազմավարության ընդունումը, քանի որ առանց դրա դժվար է պատկերացնել երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացումը: Ռազմավարությունը պետք է տա պետության զարգացման հիմնական ուղենիշները՝ սահմանելով կառավարման մոդելն ու հիմնական արժեքները: Սակայն կարեւոր է գիտակցել, որ այն չպետք է ունենա սխոլաստիկ, բաժակաճառային բնույթ, այլ պետք է հիմված լինի պրագմատիկ հաշվարկներով պայմանավորված նպատակների վրա: Նայեք ներկայումս զարգացած աշխարհի պետությունների կողմից ընդունվող ազգային անվտանգության ռազմավարություններին կամ դոկտրիններին: Դրանցից շատերը ոչ միայն սահմանում են նպատակները, արժեքներն ու սկզբունքները, այլ հստակեցնում են մեթոդաբանությունը, գործիքները, այս կամ այն ռազմավարական հիմնախնդիրների լուծման ուղիները: Նաեւ աշխարհում առկա է միտում, ըստ որի՝ ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է զարգացման ու անվտանգության ապահովման ու բարձրացման ուղիները որոշակի ժամկետով: Այսինքն, այս երկու բաղադրչների համադրումը ռազմավարության մեջ թույլ է տալիս վերահսկել դրա կյանքի կոչումը, արդյունավետության ապահովումը: Ժամանակակից աշխարհում պետությունները գնում են կիրառական, պրակտիկ բնույթի ռազմավարությունների մշակման ճանապարհով, ինչն իր հիմնավորումներն է ստացել նաեւ նորագույն մասնագիտական՝ իրավագիտական ու քաղաքագիտական գրականության մեջ: Այդ ճանապարհով է այսօր գնում, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան եւ այլ պետություններ:

– 2007թ.-ի ռազմավարական ծրագրի հետ եթե համեմատելու լինենք, ապա ի՞նչ թերություններ եւ առավելություններ ունի այն:

– Այդ իմաստով Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարությունն իր կառուցվածքային տրամաբանությամբ առանձնապես չի տարբերվում 2007թ. ռազմավարությունից, թեեւ ֆորմալ կառուցվածքի առումով տարբերությունն ակնհայտ է: Ասեմ ավելին՝ նոր ռազմավարությունը խոշոր հաշվով խախտում է ժանրի կանոնները, քանի որ դրանում տեղ գտած առանձին հատվածներ ավելի շատ նախընտրական ծրագրի դրույթեր են հիշեցնում: Այսպես, փաստաթղթի գրեթե բոլոր բաժիններում առկա է «մենք կշարունակենք զարգացնել», «մենք խրախուսելու ենք», «մենք աջակցելու ենք» ու նման բազմաթիվ արտահայտություններ, որոնք անընդունելի են նման կարգավիճակի փաստաթղթի համար: Մենք՝ ո՞վ: Բնականաբար, ռազմավարության հեղինակներն իրենց ի նկատի ունեն, այսինքն՝ գործող իշխանությանը: Սակայն ակնհայտ է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է երկարաժամկետ բնույթ ունենա, այն պետք է մշակված լինի առնվազն 10 տարվա համար: Հեղինակները պետք է հասկանան, որ այդ ընթացքում «մենք»-ը ստատիկ բնույթ չի կարող ունենալ, որ ռազմավարությունը պետք է խարսխված լինի այնպիսի հիմնադրույթների ու նպատակների վրա, որպեսզի դրանք լինեն ազգային բնույթի՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից: Սա աչք է ծակում եւ իջեցնում է փաստաթղթի ռազմավարական նշանակությունը: Առհասարակ, պետք է ասեմ, որ իշխանությունները չապահովեցին ռազմավարության լայն հանրային ու փորձագիտական քննարկումը, հետեւաբար՝ դրանում տեղ գտած թերություններն առավել քան սպասելի էին:

– Խոսք կա՞, արդյոք, առանձին ոլորտներին: Համավարակը հուշեց, որ կարճաժամկետ մոտեցումներն ու մարտավարությունն առանձին ոլորտների արդարացված են:

– Պետք է ասեմ, որ ռազմավարությունն ունի բազմաթիվ խոցելի կողմեր, որոնցից, թերեւս, ամենակարեւորն ազգային անվտանգության մաս կազմող առանձին ոլորտների հստակ տարանջատման բացակայությունն է: Ողջունելի է, որ հեղինակները փորձել են առանձնացնել, օրինակ, էներգետիկ անվտանգության բաղադրիչը, առանձին ուշադրություն են դարձրել տնտեսական զարգացման, կենսաբանական անվտանգության, բնապահպանական խնդիրներին: Սակայն բազմաթիվ կարեւորագույն  ուղղություններ մնացել են անտեսված: Առնվազն անհասկանալի է տրանսպորտային անվտանգությանը նվիրված բաժնի բացակայությունը: Մինչդեռ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ քաղավիացիայում, երկաթուղում, բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների, լոգիստիկայի ոլորտներում: Մենք ունենք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու նախագիծ, որի իրականացման դանդաղ տեմպերը պետք է դիտել որպես անվտանգային կարեւորագույն խնդիր: Ես ակնկալում էի նաեւ, որ նոր ռազմավարության մեջ տեղ կգտներ առանձին բաժին՝ նվիրված երկրի հակաճգնաժամային կառավարմանը: Մի քանի ամիս է, ինչ մենք գոյատեւում ենք արտակարգ դրության պայմաններում, այդ փորձն անհրաժեշտ էր ամփոփել ու ներկայացնել որպես անվտանգության բարձրացման առկա ռեսուրս:  Կաղում է նաեւ տնտեսական զարգացմանը նվիրված բաժինը, որը, չգիտես ինչու, միացվել է պարենային անվտանգության հետ: Իհարկե, դրանք երկուսը փոխկապակցված են, սակայն առանձին-առանձին ունեն այնքան մեծ կարեւորություն, որ դրանց անհրաժեշտ էր նվիրել առանձին բաժիններ: Գուցե այս միացման պատճառը կայանում է նրանում, որ հեղինակները «անվտանգություն» եզրույթի ներքո հասկանում են բացառապես պաշտպանվածություն ուղղակի ռիսկերից ու սպառնալիքներից: Ըստ այդմ, ներդրումների նվազումը, օրինակ, չի դիտվել անվտանգային համատեքստում, ինչը մասնագիտական լուրջ բացթողում է: Լուրջ ռազմավարության կարգավիճակին հավակնող փաստաթուղթը պետք է իր մեջ ներառի նաեւ մշակութային, կրթական, հոգեւոր անվտանգության վերաբերյալ առանձին մշակված բաժիններ:

– Դուք էներգետիկ ոլորտի փորձագետ եք: Հետեւաբար, առանձնակի եք հետեւում էներգետիկ անվտանգության խնդիրներին: Արդյոք, փաստաթղթում խոսք կա էներգետիկ անվտանգության խնդիրներին, եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու իրավական հիմքեր ունե՞նք, արտաքին կախվածության նվազումը նկատի ունեմ:

– Ողջունելի է, որ ռազմավարության մեջ առանձին ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին: Միաժամանակ, պետք է չափազանց զգույշ լինել «էներգետիկ անկախություն» սահմանման հետ, որն իրականում հրապարակախոսական բնույթ է կրում, քանի որ ժամանակակից աշխարհում գրեթե հնարավոր չէ պատկերացնել ավտարկիկ՝ լիովին ինքնաբավ էներգետիկ համակարգեր: Ավելին՝ որքանով դու կտրված ես արտաքին էներգատրանսպորտային հաղորդակցություններից, այնքանով  լայն է էներգետիկ ռիսկերի ու սպառնալիքների սպեկտրը: Այդպիսին է ժամանակակից էներգետիկ շուկայի տրամաբանությունը: Անգամ էներգետիկայի զարգացման հսկայական  ներուժ ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ այլն, իրենց թույլ չեն տալիս հանդես գալ էներգետիկ անկախության դիրքերից: Ռազմավարության մեջ նշված է նաեւ ներկրվող բնական գազից կախվածության նվազեցման անհրաժեշտության մասին, ինչը թեեւ առաջին հայացքից ողջունելի մոտեցում է, սակայն իրականում ընդամենը պոպուլիստական կոչ է: Ակնհայտ է, որ եթե բնական գազից կախվածությունը մենք դիտում ենք որպես բազային մարտահրավեր, ապա դրան պետք է հաղորդի, օրինակ, Երեւանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագծի չեղարկումը, որը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ը: Ասեմ ավելին՝ ժամանակակից համաշխարհային էներգետիկ շուկայում բնական գազը դառնում է ամենամրցունակ վառելիքը, որի հանդեպ պահանջարկն աճում է գրեթե ամենուր, այդ թվում՝ «կանաչ էներգետիկա» զարգացնող եվրոպական պետություններում: Ըստ միջազգային էներգետիկ գործակալության՝  2021թ. բնական գազի՝ թե սեղմված, թե հեղուկ, պահանջարկն աշխարհում վերստին սկսելու է աճել բավականին արագ տեմպերով, ու այդ հանգամանքը հաշվի չառնելն առնվազն վկայում է ոչ մասնագիտական մոտեցման մասին: Ի դեպ, 2007թ. ռազմավարության մեջ հատուկ նշվում էր գազատրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին: Այդ իմաստով՝ նման դրույթի բացակայությունը նոր փաստաթղթում ու ներկրվող գազից կախվածության իջեցման մասին կոչերը լիովին տեղավորվում են ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի մեջ: Նաեւ թերի է ներկայացված ԵԱՏՄ էներգետիկ շուկաներին Հայաստանի միանալու խնդիրը: Ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը պետք է տարանցիկ գոտի հանդես գա՝ կապելով հարեւան երկրների էներգահամակարգերը եւ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան: Նախ՝ ԵԱՏՄ չի սահմանափակվում բացառապես էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայով, դրանում ձեւավորվում է նաեւ գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաները՝ գործընթաց, որին Հայաստանը եւս մասնակցում է: Եվ այդ մասնակցությունը չի ենթադրում միայն տարանցման գործառույթի իրականացումը: Հայաստանը, որպես ընդահուր շուկայի մասնակից, պարտավորվել է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը ԵԱՏՄ պահանջներին: Մեր նպատակը պետք է լինի այդ շուկաներում Հայաստանի սուբյեկտության բարձրացումը, լիարժեք ինտեգրումը, այլ ոչ թե պարզապես որպես կապող օղակ հանդես գալը: Սա վկայում է էներգետիկ անվտանգության՝ չափազանց մակերեսային ընկալման մասին:

– Այս օրերին փակվել է Ատոմակայանը: Մտահոգիչ չէ՞:

-Ինչ վերաբերում է «խաղաղ ատոմի» զարգացման մասին դրույթին, ապա այն, իհարկե, ողջունելի է, սակայն վերջին զարգացումները ու հատկապես ռուսական վարկից հրաժարվելը վկայում է Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման խոչընդոտների ու տվյալ ոլորտում առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում առկա խորքային խնդիրների մասին: Դրան զուգահեռ՝ կառավարությունը քննարկում է միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ամերիկյան կողմի հետ, որը, ինչպես գիտենք, առաջարկում է մեզ հրաժարվել խոշոր հզորություններից՝ կառուցելով փոքր հզորության մոդուլային ԱԷԿ: Սա առնվազն միջուկային էներգետիկան ապաանվտանգայնացնող սցենար է, քանի որ մոդուլային կայանը, որպես կանոն, օգտագործվում է որպես ռեզերվային հզորություն ու չի կարող ապահովել այն աշխարհառազմավարական կարգավիճակը, որն ունի այսօր Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ պետություն: Առնվազն զարմանալի է նաեւ հիդրոէներգետիկայի անվտանգային նշանակության մասին որեւէ ձեւակերպման բացակայությունը փաստաթղթում: Մինչդեռ հիդրոէներգետիկան, այդ թվում՝ փոքր, ներկայումս ապահովում է Հայաստանի էլեկտրագեներացման մոտ 30 տոկոսը, ինչի շնորհիվ մեզ, օրինակ, հաջողվեց խուսափել խորքային էներգետիկ կոլապսից 2019 թ. հուլիսի 10-ի խոշոր վթարի ժամանակ: Խոշոր հաշվով, էներգետիկային նվիրված բաժնից պարզ չի դառնում, թե էներգետիկ զարգացման ինչպիսի մոդել ենք մենք որդեգրում, այն ունի ֆրագմենտար բնույթ:

Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031