Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը բողոքարկել է Մանախին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը

Օգոստոս 16,2020 22:44

Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի համակիրների հետ ունեցած միջադեպի գործով դատարանի վճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, նրա նկատմամբ կիրառվել է համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը եւ ազատվել է ազատազրկման ձևով պատժից:

Ըստ դատավճռի՝ Արթուր Այվազյանը կատարել է իրեն մեղսագրված երկու հանցավոր արարքները: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի՝ խուլիգանության համար նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատման՝ վաղեմության ժամկետը լրանալու հետ կապված:

Այվազյանին մեղսագրված երկրորդ արարքի՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներման վերջին ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է ազատազրկման ձևով պատժից:

Արթուր Այվազյանի պաշտպանը բողոքարկել է դատարանի վճիռը:

«Մեզ չգոհացրեց այն, ինչ գրված է, խուլիգանություն, որպես այդպիսին չկա, որովհետեւ եթե ինչ-որ մի հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, փոխադարձ հարվածներ կամ քաշքշուկ են հասցրել միմյանց, դա դեռ խուլիգանություն չէ, խուլիգանությունն ունի անհրաժեշտ բաղադրիչներ, որոնք այս դեպքում գոյություն չունեն: Ինչ վերաբերում է զենքին, զենքի հետ կապված կտրականապես համաձայն չենք դատարանի գնահատականների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Մեր հարցին՝ այսինքն, Այվազյանը զենք չի՞ կրել, փաստաբանը պատասխանեց. «Ես այնտեղ չեմ եղել, որ իմանամ, ունեցել է, թե՝ ոչ: Ինքը պնդում է, որ չի ունեցել, ապացույցներ, որի հիման վրա դատարանը նման վճիռ կայացրեց, ես այս գործով չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, 2017 թվականի մարտի 31-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Երևանի Անդրանիկի փողոցի 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7  փամփուշտներով լիցքվորված ինքնաշեն, ակոսափող, թմբուկավոր՝ հրազեն հանդիսացող ատրճանակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31