Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն, այո, մտադիր է սեպտեմբերին կարանտին հայտարարել եւ շարունակել պայքարը համաճարակի դեմ». փոխնախարար

Սեպտեմբեր 04,2020 12:14

Ինչպես հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրությունը սեպտեմբերին այլեւս չի երկարաձգվելու, փոխարենը՝ առողջապահության նախարարության, մարզպետի, կառավարության եւ համայնքի ղեկավարի առաջարկով կարող է սահմանվել կարանտինի ռեժիմ՝ տեղաշարժի, ՀՀ ելքի/մուտքի արգելքի, հավաքների, միջոցառումների անցկացման սահմանափակումներով, մեկուսացման/ինքնամեկուսացման ցուցումներով:

«Կոնկրետ հարց տամ՝ սեպտեմբերի 12-ից հետո կառավարության կողմից կարանտին հայտարարվելո՞ւ է, որպեսզի այդ բոլոր իրավակարգավորումները սկսեն գործել: Եթե այո, կարո՞ղ է դա լինել այնպիսի ուղերձ, որն ավելի վատն է, քան արտակարգ դրությունը, եւ որի պատճառով ՀՀ սահմանները մեր քաղաքացիների ելքի համար կշարունակեն մնալ փակ: Արդյոք մարզպետներին տալով նման անսահմանափակ լիազորություններ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմ սահմանվա՞ծ է»,-հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանեց՝ նպատակն է, որպեսզի առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ հնարավոր լինի պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ. «Եթե փաթեթն ԱԺ-ում ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ արտակարգ դրության ավարտը՝ սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունն, այո, մտադիր է կարանտին հայտարարել եւ շարունակել պայքարը համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ: Խնդիրը հետեւյալն է՝ այս փաթեթը նախատեսում է այնպիսի սահմանափակ միջոցառումներ, որոնք հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ: Գիտեք, որ արտակարգ դրության ռեժիմի հնարավորություններն ավելի լայն են»:

Փոխնախարարը նաեւ պարզաբանեց՝ կարանտին սահմանելու հնարավորություն տրվելու է միայն Երեւան համայնքի ղեկավարին, սակայն հնարավորությունն անսահմանափակ չէ. «Որոշումը կարող է ընդունվել տեղային սկզբունքով՝ առողջապահության նախարարության առաջարկով»:

Էդմոն Մարուքյանը նաեւ հարցրեց. «Ո՞նց եք քաղաքացիներին բացատրելու, որ կարանտինի ռեժիմն ավելի մեղմ ռեժիմ է, քան արտակարգ դրությունը»: Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ կարանտինային ռեժիմն արտակարգ դրության ռեժիմի հետ չի կարող համեմատվել. «Որքան էլ կարանտին լինի, արտակարգ դրությունն առավելագույնս է առնչվում մարդու իրավունքների սահմանափակումների հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930