Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր վերադասավորումների մասին դուք կիմանաք». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 17,2020 22:22

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդլայնված կազմով նիստը քիչ առաջ ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ կրկին չպատասխանելով լրագրողների հարցերին:

Լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: պատասխանելով ԱԺ-ում եւ կառավարությունում վերադասավորումներին վերաբերվող հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ մասով կոնկրետ ոչինչ ասել չի կարող. «Բոլոր վերադասավորումների մասին դուք կիմանաք»:

Այսօրվա քննարկման օրակարգային հարցերը վերաբերվել են տնտեսության խնդիրներին՝ համավարակի պայմաններում: ԱԺ փոխնախագահն ասաց, որ այսուհետ այս՝ նոր ֆորմատով՝ գործադիր-օրենսդիր, քննարկումներ կլինեն տարբեր հարցերի վերաբերյալ:

«Որեւիցե այլ կուսակցություն, այլ անուն, որեւիցե նման քննարկում չի եղել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ վերջին օրերի լարված «փոխհրաձգություններին»: Ալեն Սիմոնյանը միայն հայտարարեց, որ երբ իրենց ուժը ընդդիմադիր դաշտում էր, իրենց թույլ չեն տվել այդ ձեւով քաղաքական քննարկումներ անցկացնել, նման հռետորաբանություն չեն օգտագործել եւ եթե ընդդիմադիր դաշտում այդ կեցվածքը չեն որդեգրել, իշխանություն լինելով, խնդիր չունեն քննարկումների մակարդակը այդքան իջեցնելու: Նա այլ խնդիր է համարում, որ որոշ քաղաքական ուժեր քննարկումների մակարդակն այդչափ իջեցրել են:

Լրագրողի ճշգրտող հարցին՝ ի վերջո ո՞ւմ էր ուղղված վարչապետի առավոտյան արած աղմկահարույց գրառումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորը հասկանում են` ում է ուղղված»:

Մեկ այլ դիտարկման՝ ինչո՞ւ է իշխող ուժը անընդհատ անդրադառնում անցյալում կատարված իրադարձություններին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ երբ որ խոսվում է պարկեշտության, եկեղեցու, բարոյականության եւ այլասերության մասին, դա իր հետեւից բերում է հակադարձում եւ այդ պատճառով են նման խոսակցություններ տեղի ունենում:

Լրագրողը շարունակեց՝ ինչո՞ւ էր իշխող ուժը հուշագիր ստորագրում ԲՀԿ-ի հետ, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ իրենք հուշագիր են ստորագրել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին.  «Մենք հուշագիր ունենք եւ ունենալու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ, եւ ասել, որ մենք ԲՀԿ-ի հետ հուշագիր ենք ունեցել դա առնվազն քաղաքագիտական սխալ է»:

Լրագրողները նաեւ հիշեցրին՝ համատեղ գործարան էին բացում, ժապավեն էին կտրում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ լրագրողի ձեւակերպումը լավը չէ եւ պարզաբանեց՝ վարչապետը կարող է ճիշտ համարել եւ մասնակցել աշխատատեղ ապահովող ցանկացած հիմնարկի բացմանը, բայց դա որեւէ մեկին ինդուլգենցիա չի տալիս, որ այդ մարդիկ օրենքից բարձր են կամ նրանց հետ կան որեւէ հարաբերություններ, որոնք հիմա կարող են քաղաքական կամ իրավական գործընթացներին հակադրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930