«Մինչեւ հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, հատկապես թեժ էր հարավային ուղղությունում: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, ինչը կասեցվում էր մեր զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւ մինչեւ կեսօրի դրությամբ տվել է 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա եւ այլ միջոցներ: Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները ավելի սաստկացել են, բայց մեր Զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ են եղել եւ մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»,- քիչ առաջ հրավիրած ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչեւ հրադարդարը Ադրբեջանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք ու այդ ընթացքում մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր. «Պրովոկացիան կատարվել է մինչեւ հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի: Հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ նշված է, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան ու վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետեւ նման դեպքերը եւս օգտագործել են՝ պրովոկացիաներ անելու համար: Դրա համար հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































