Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն. Աննա Հակոբյան

Նոյեմբեր 07,2020 10:56

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։

Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։

«Կանայք հանուն խաղաղության» արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին եւ մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սեւազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։

Ընդ որում՝ կոչս ուղղում էի նաեւ ադրբեջանցի կանանց եւ մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։

Հիմա, երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրայինները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։

Եվ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։

Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։

Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։

Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։

Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե՛ւ իրեն, ե՛ւ իր երեխային, ե՛ւ իր հայրենիքը։

Մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։

Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք, եւ դա բոլորի՛ս պարտքն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, որի որդին հերոսաբար զոհվել է Արցախում, ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Գրածս չքաղաքականացնել, որևէ նախկին ու ներկա «վաճառական» չհամարձակվի միավորներ հավաքել, վաղը բոլորդ եք պատասխան տալու:

Հարգեք մեզ, մեր զոհերին ու կռվող առյուծներին… Դուք դա պարտավո՛ր եք անել:

Վարչապետի հարգելի տիկին,

պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է և վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան….. :

Միթե չեք հասկանում, որ անհանդուրժելի են արդեն ձեր ցուցադրական նկարներն ու ինքնագովազդները, միթե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը, որ վիրավորում եք այս պահին առյուծաբար կռվող հայ տղամարդուն, որ վրդովում ու խանգարում եք բոլորին:

Հայ ընտանիքում տղամարդն է պահում ու պաշտպանում իր տունն ու հայրենին, իսկ կինը հարգանքով ու հավատով նրա թիկունքն է պահում. հարգեք մեր ավանդույթները. իսկ եթե որոշել եք կռվել, ուրեմն արեք դա լուռ ու անտես: Ասում են՝ Ձեր որդին էլ է ռազմաճակատում, գնացեք տուն, աղոթեք նրա ու կռվող մեր կորյունների համար, միացեք ու կազմակերպեք թիկունքի աշխատանքները՝ դուք Ձեր հիմնադրամով շատ ավելի այստե՛ղ եք պետք:

Հարգե՛ք մեր վիշտը, օգնեք մեզ լռել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30