Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր «Հայ ասպետ» նախագծի ծննդյան օրն է՝ քսանամյակը. Մենուա Սողոմոնյան

Սեպտեմբեր 09,2026 18:37 Share

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ՖԲ գրառումը

«Խիստ մի՛ դատիր. երեխեք են»…

Ասպիրանտուրայի տարիներին կիրակի առավոտները երբեմն դիտում էի «Հայ ասպետ» հեռուստախաղը. և՛ ահագին բաներ էի սովորում, և’ ուրախանում էի, որ տարբեր սերիալների, ցածրորակ պրոդուկտի կողքին կա նաև այդպիսի նախագիծ, որը կրթում ու դաստիարակում է մատաղ սերնդին։

Հետո, երբ ուղնուծուծով մտա Համալսարանի հաճելի թոհուբոհի մեջ, երկար ժամանակ չէի դիտում այդ հաղորդումը։

Մի օր էլ, 2009 կամ 2010 թվի նոյեմբերը պետք է որ լիներ (հեռակայի առաջին կիսամյակի դասերը նոյեմբերին էին լինում), մի բազմամարդ առաջին կուրսում ներկա-բացակա եմ անում ու կարդում եմ Մենուա Հովհաննիսյան անուն-ազգանունը։ Դե քանի որ և’ իմ անունից էր, և’ հազվադեպ հանդիպող անուն էր, մի քիչ ավելի ուշադիր եմ նայում անվանակցիս։ Կյաժ, վառվռուն, հայացքը հասուն մի երիտասարդ։ Առաջին իսկ դասին ձեռք բարձրացրեց, հարցեր տվեց, շատ քիչ էր լինում, երբ առաջին դասին առաջին կուրսեցիները, այն էլ` տղաներ, հարցեր տային։

Երկրորդ դասից հետո մոտեցավ ու իր օգնությունն առաջարկեց Մորգենթաուի Politics among Nations -ը թարգմանելու հարցում (Մորգենթաուն իրոք չի հնանում)։ Ես գաղափարը գովեցի, բայց էդ պահին էլ գիտեի, որ դժվար թե գործը գլուխ բերենք։

Մի օր էլ մոտեցավ ինձ դասից հետո ու ասաց, որ ինքը «Հայ ասպետ» հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանի տղան է և ուզում է ինձ ծանոթացնել իր մայրիկի հետ՝ նախագծի մեջ իմ ներգրավվելու հնարավորությունը քննարկելու համար։ Համաձայնեցի սիրով։ «Իսկ ե՞րբ»- հարցրեցի։ «Հենց հիմա»-պատասխանեց։ Audi մակնիշի մեքենա էր վարում՝ վարժ ու արագ։ Հասանք Թելմանի անվան դպրոց, որի մեծ դահլիճում նկարահանվում էր հեռուստախաղը։ Սուրճի սեղանը պատրաստ մեզ էին սպասում Կարին Տոնոյանն ու Սամվել Ամիրխանյանը՝ հեռուստախաղի ռեժիսորը։ Ծանոթացանք։ Հետո արագ մտերմացանք ու ընդգրկվեցի հեռուստախաղի ժյուրիի կազմում։ Ընտանիքի նման կոլեկտիվ էր. հոգատարություն, ջերմություն, կատակ, ծիծաղ, բանավեճ, խորը զրույցներ, ընթերցանություն, երգ, պար, արշավ… այսպիսի մթնոլորտ էր այնտեղ։

Հեռուստանախագիծը շարունակվեց մինչև 2019 թվականը։ «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և հանդուրժողականության հեղափոխության» հայրերը արագ փակեցին այն իրենց փառքի պիկի ժամանակներում. դե ո՞վ կարող էր «ճշտի գրասենյակի» մարդկանց ասել՝ ճիշտ չեք անում։

Բայց քանի որ հեռուստանախագծի հեղինակները խելոք մարդիկ էին ու երևի վաղուց պատկերացրել էին, որ մի օր կարող է փակվել այն, հայրենասիրական կրթության առաքելությունը զուգահեռ սկսեցին իրականացնել սկզբում լրացուցիչ, իսկ այնուհետև հիմնական կրթական ծրագրերով՝ «Հայ ասպետ» դպրոցի շրջանակներում։

Դպրոցն այսօր աճում ու զարգանում է, բայց դա առանձին պատմելու բան է։ Դպրոցը կրում է այն կյաժ, վառվռուն ու հայացքը հասուն հավերժ երիտասարդի անունը, ով 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրը, ժպիտով, գնաց Արցախ։

Դպրոցում այսօր արտասովոր ու արտագնա դաս է՝ քաղաքից դուրս, հայրենի բնության գրկում։ Այսօր այնտեղ երգ ու պար է, խինդ ու ծիծաղ է։ «…եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»։ Որովհետև այսօր «Հայ ասպետ» նախագծի ծննդյան օրն է՝ քսանամյակը։ Նախագիծ, որը ուղենշային ազդեցություն է ունեցել ինչպես ապրել հարցի պատասխանի փնտրտուքներում։

Նկարը խաղի ժամանակ տեղի ունեցող բազմաթիվ չարաճճի դրվագներից մեկի մասին է. 12 միավոր չկար խաղի կանոնների մեջ։ Ֆեյսբուքյան ընկերս, որ նշել էր ինձ նկարում, վերնագրել էր այն «խիստ մի’դատիր, երեխեք են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել