Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք, որ երկրի Նախագահը միջոցներ ձեռնարկի անհապաղ չեղյալ համարելու այդ հանցավոր հայտարարությունը. «Նոր Հայաստան» հ/կ

Նոյեմբեր 11,2020 15:28 Share

«Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր…
բայց սարերը մեր մնացին անտեր»

Մեր կազմակերպությունը ստեղծման օրվանից ի վեր ժողովրդական բողոքի բազում գործընթացների է մասնակցել և հիշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկավարների հանդեպ հնչող հիմնական կարգախոսները՝ «Կորչի Լևոնը», «Ռոբիկ, հեռացիր», «Մերժիր Սերժին»… Ժամանակն է հնչեցնել 4-րդ կարգախոսը՝ Դիմակազերծիր Նիկոլին:

Կարելի է այժմ ողբալ այդ ամենի համար՝ Հայության ապականված պատվի, կորսվող հայրենի հողի, ցեղասպանության մատնվող հայրենակիցների, պղծման դատապարտվող սրբավայրերի, զոհված ազատամարտիկների անարգված հիշատակի… Ու ողբում ենք: Բայց առաջին հերթին ողբում ենք մեր ղեկավարության դավաճանության համար:

Սակայն «Մոսկվան արցունքներին չի հավատում»՝ բառիս բուն իմաստով. Ալիևն ու Փաշինյանը՝ ևս: Ուստի փորձենք փաստերով խոսել. առայժմ, ընդ որում, միայն մակերեսորեն:

1.Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումից պաշտպանվելու այս ողջ գործընթացը, որը դժվար է անգամ անվանել Պատերազմ, ի ցույց դրեց մեր Կառավարության ծայրահեղ ոչ կոմպետենտությունը՝ թե՛ հակազդեցության կազմակերպման, թե՛ միջազգային մակարդակում խնդրի հնչեցման, թե՛ միջազգային համայնքի աջակցության ապահովման հարցերում: Այդ անգրագիտությունն արտահայտվեց թերևս Կորոնավիրուսին հակազդելու ժամանակ՝ քայքայելով մեր երկրի տնտեսությունը, իսկ այս անգամ անթիվ զոհերի պատճառ դարձավ: Բոլոր երկրներում բոլոր ժամանակներում նման անգրագիտության միանշանակ հետևանքը պետք է լիներ հրաժարականը. ընդ որում, արդեն ընթացքում, բազում զոհեր տեսնելով, Նիկոլը պետք է որ թոթափեր անհիմն մեծամտությունը ու հանձներ գործը մասնագետներին՝ եթե, իհարկե, Հայաստանում նրանք ընդհանարապես առկա են… Սակայն ոչ կոմպետենտությունը նվազագույն չարիք էր այս պարագայում:

2.Հատկանշական է, թեկուզ և մանրուք՝ մեր Կառավարության պաշտոնական կայքում «պատերազմի» ողջ ընթացքում ոչ մի կերպ չէր արտացոլվում պահի հիմնախնդիրը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումը. փոխարենը շարունակվում էր նկարագրվել կորոնավիրուսի ընթացքը, մասնակցությունը տարբեր միջազգային հանդիպումներին և հակիրճ՝ մեր պաշտոնյաների միջազգային հանդիպումների ընթացքում հնչեցվող դատարկ մտահոգությունները:

3.Սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումն իբր անակնկալ էր ՀՀ Կառավարության համար, այն պարագայում, որ դեռ օգոստոսին Ադրբեջանական մամուլում գրվում էր պատրաստվող պատերազմի մասին, իսկ սեպտեմբերի կեսին ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին խուսափել այդ ուղղությամբ այցերից:

4.Հարձակմանն ի պատասխան Նիկոլը հայտարարեց Ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. անմիջապես հաջորդ օրվանից ընդհանուր զորահավաքը փաստացի կասեցվեց, և տղամարդկանց ճնշող մեծամասնությունն այդպես էլ մնաց տանը՝ սպասելով «համընդհանուր զորահավաքի» երկրորդ ալիքին, որն այդպես էլ տեղի չունեցավ: Իսկ կռվի դաշտում հայտնվեցին լոկ սակավաթիվ զինվորներ՝ հիմնականում որևէ պատրաստվածություն չունեցող և ըստ հենց զինվորներից հնչող բողոքների՝ հաճախ նաև առանց հրամանատարության: Օրեր անց Նիկոլը դիմեց ժողովրդին կամավորագրվելու կոչով, բայց անգամ միջազգային մամուլն էր զարմանք հայտնում զորահավաքի փոխարեն զուտ կամավորներով պատերազմելու ձգտման վերաբերյալ: Այս մոտեցումն արդեն իսկ պարտվելու գրավական էր. և այժմ Նիկոլի կողմից հնչող չկամավորագրվելու մեղադրանքները ծիծաղ կառաջացնեին, եթե վիճակն այսքան ողբալի չլիներ՝ փաստացի Նիկոլը մինչև հիմա չի հասկացել հանրահավաքներին կանչելու և պետություն կառավարելու (այս պարագայում՝ մարդկանց պատերազմին ուղարկելու) միջև տարբերությունը:

5.Այո, 1994 թվականի ծանր գնով տրված հաղթանակից հետո կոռումպացված իշխանություններն անդադար թալանում ու վաճառում էին ողջ երկիրը՝ ներառյալ բանակը: Սակայն ինքը Նիկոլը, պարծենալով ՍՈՒ-երի ձեռքբերմամբ, որոնք սակայն գործածելու համար մասնագետներ չունեինք, և փաստացի պետք չէին մեզ՝ փոխարենը կարող էր նույն գումարով հսկայական թվով ՀՕՊ տեխնիկա ձեռք բերել և դրանով պատերազմել:

6.Նիկոլի կողմից ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելու դեպքերը շատ են (հատկապես այս տարվա ընթացքում), բայց ստորագրված այս փաստաթուղթն ամբողջությամբ հակասում է Պատմական և Իրավական ճշմարտությանը՝ Հայաստանը չի կարող «վերադարձնել» հողերը, որովհետև

ա)այդ հողերը հնագույն ժամանակներից հանդիսացել են Հայաստանի անքակտելի մաս, իսկ 1921 թվականին ապօրինի զավթվել Ադրբեջանի կողմից,
բ)այդ հողերը 1991 թվականից պատկանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Եթե նրան պարտադրում էին այդ փաստաթուղթը՝ նա կարող էր նախընտրել հրաժարականը. կամ էլ փորձեր օրինակ վերցնել հին հերոսներից, ովքեր մահը նախընտրում էին պարտությանը:

Այսպիսով, մենք մեղադրում ենք Նիկոլին և իր մերձավորներին դավաճանության մեջ՝ միտումնավոր պարտության և մեր հողերի հանձնման համար: Մենք պահանջում ենք Կառավարության անհապաղ հրաժարական, իսկ իրավասու մարմիններից պահանջում ենք անհապաղ քննություն սկսել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՔՕ հ.299 Պետական դավաճանության և հ.300.2 Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների մեղադրանքով:

Բոլոր նրանց, ովքեր դեռ շարունակում են սատարել Նիկոլին, մենք համարում ենք դավաճանության շարունակող: Դուք եք, որ սեփական վախկոտությունն ու նենգությունը կոծկում եք «խեղճ Նիկոլին» արդարացնելու ետևում, և շարունակաբար դիմակներ եք կրում՝ ոչ թե կորոնավիրուսից պաշտպանվելու, այլ ամոթից այրված դեմքերը թաքցնելու համար:

Եվ վերջապես՝ 2018 թվականին թեկուզ և ժողովրդի ընդվզմամբ, բայց տարօրինակ հեշտությամբ իրականացրած իշխանափոխությունն այսօր արդյոք այլ լույսի ներքո չի երևում, և գուցե Սերժը շուտով բացի իր խաղաքարտերը, որոնցից գուցե իմանանք, որ այս դավաճանությունը երկար էր նախապատրաստվում, և դրան ներգրավված են բոլոր 4 ղեկավարները… Բայց անկախ Նիկոլի կողմից անընդմեջ նախկին իշխանություններին սեփական բոլոր խնդիրներում մեղադրելու ճիգերին՝ թեկուզ և նրանք բոլորն էլ վաղ թե ուշ պատժվելու են երկիրը թալանելու և ազգը նսեմացնելու համար՝ հենց Նիկոլն է պատմության մեջ մնալու որպես դավաճան, պարտության մեղավոր և մեր սուրբ հողերը հանձնած պատասխանատու:

Այնուամենայնիվ, ստորագրված Փաստաթուղթը չի կարող իրավական հիմք հանդիսանալ Հայաստանի համար, քանի դեռ ԱԺ-ում վավերացված Միջազգային Պայմանագիր չէ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության թ.116.1.2 հոդվածի: Եվ մենք այժմ պահանջում ենք, որ երկրի Նախագահը, որն առայժմ վստահություն է ներշնչում, միջոցներ ձեռնարկի անհապաղ չեղյալ համարելու այդ հանցավոր Հայտարարությունը:

«Նոր Հայաստան» հ/կ

11.11.20

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30