Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հայրենիքն է Աղդամը. ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն Աղդամում են

Նոյեմբեր 20,2020 16:34

Արցախի տեղեկատվական շտաբը երկու օր առաջ տեղեկացրեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Երեկ երեկոյան, Sputnik Արմենիան տեղեկացրեց, որ Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ այդ ութ գյուղերում, ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։ Նա արցախցիներին կոչ է արել՝ ովքեր տուն են կորցրել՝ չշտապեն վերադառնալ Արցախ, քանի որ բնակֆոնդի խնդիր կա:  Ասկերանի շրջանը 1.222 կմ² է, բնակչությունը՝ 2005 թվականի տվյալներով, եղել է 16.979 մարդ: Շրջանն ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Ասկերանի շրջանը գտնվում է ԼՂՀ տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի հետ, արևմուտքում՝ Շուշիի և Քաշաթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաննի հետ:

Լուսանկարը՝ https://anna-news.info/-ի

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դեռ երեկ են մուտք գործել Աղդամի շրջան: Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Իրավական առումով, Աղդամը գտնվում է Ադրբեջանի հանրապետության տարածքում: 1993 թվականի հուլիսին, Աղդամի շրջանի մի զգալի մասն անցել էր հայկական վերահսկողության տակ եւ ընդգրկվել էր Ասկերանի շրջանի վարչական շրջանի տարածքի մեջ:

Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը: Այն պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից: Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ 2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները. գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը:

Աղդամի՝ մեր հայրենիքը չլինելու մասին առաջին անգամ խոսեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեռ պաշտպանության նախարար եղած տարիներին: 2001 թվականի մայիսին, խորհրդարանում, փոխզիջումների մասին Սասուն Միքայելյանի հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը քննադատել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, այդ առիթով մեր հարցին՝ Վիտալի Բալասանյանը պատասխանել էր. «Քաղաքականության մեջ կարող է նման բացթողում լինել: Սերժ Սարգսյանը դա ասել է, երբ եղել է պաշտպանության նախարարը եւ ԱԱԽ քարտուղարը: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ դա եղել է բանակցային սեղանին դրված փաստաթուղթ: Բանակցություններում կարող է լինել մեկ փաստաթուղթ, խոսեն լրիվ այլ բանի մասին: Հիմա խնդիրն այն է, որ Փաշինյանը մտածում է մեկ, խոսում է երկու, կատարում երրորդը: Նախկին նախագահների ժամանակ նման բան չի եղել: Երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ մենք տեսել ենք Ռուսաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերություններ: Այսօր դա խաթարված է, ուղղությունը դեպի Արեւմուտք է, ինչը վտանգավոր է: 2016-ից հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերի ընդունմանը, որոնցով ինչ-որ կերպ ճանաչվում էր Արցախ-Ադրբեջան սահմանագիծը, իսկ Փաշինյանը մի վայրկյանում դրանք ի չիք դարձրեց»:

Ի դեպ, համացանցում շրջանառվում են ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ժամանակին արված գրառումների նկարները՝ Աղդամում՝ գրառմամբ «Աղդամը իմ հայրենիքն է»:

Նկարում՝ Վահան Կոստանյանը, Ծովինար Վարդանյանը եւ Մարիա Կարապետյանը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի հետ:

Համացանցում շրջանառվում են նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկարները Արցախից՝ հավաստիացումներով, որ իրենք «հող հանձնող» չեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30