Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալիկս ասել է՝ պապաս կջղայնանա, քեզ կսրսկի». ծեծված աղջնակի ծնող

Դեկտեմբեր 05,2020 20:30

Լիլիթ Հակոբյանը մեկն է այն ծնողներից, ում փոքրիկ երեխային «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզի դաստիարակչուհին բռնության է ենթարկել:

Aravot.am-ի հետ զրույցում 3-ամյա աղջնակի մայրը նշեց. «Բալիկիս են ծեծել, բալիկս ընդամենը երեք օր է հաճախել մանկապարտեզ, հետո հիվանդացել է ու երեկ չի գնացել: Առավոտյան մենք այդ ձայնագրությունն արդեն ունեինք: Բալիկիս ծեծում է նրա համար, որովհետեւ բնականաբար, երբ երեխան նոր է գնում մանկապարտեզ, մամային է ուզում: Ինքը ծեծում է նրա համար, որ երեխան ասում է՝ մամաս գա: Ձայնագրության մեջ լսվում է, դաստիարակչուհին ասում է՝ մամադ չի գալու ու խփում է երեխային, այդ ճտոցը, դխկոցը պարզ լսվում է, ու երեխաս ավելի ուժեղ է սկսում լաց լինել…Ասում է՝ ձենդ կտրի, կմտցնեմ էն անկյունը եւ այլն»:

Երեխայի մայրն ասաց, որ ձայնագրություններն իրենց ձեռքի տակ են, իրենք արդեն դիմել են ոստիկանություն:

«Ես իրենց խնդրել էի, որ եթե բալիկս լացի, ստիպողաբար չպահեք, մի օր քսան րոպեով կբերենք, մի օր մեկ ժամով, մինչեւ սովորի…Ասացի՝ այսպես, թե այնպես, մենք վճարում ենք, ու ասացի, որ այնպես չի, որ պարտավորված եմ բերում մանկապարտեզ, որովհետեւ երեխան պահող չունի: Ինքն ունի տատիկներ, որոնք չեն աշխատում, ուղղակի խնդրել էի, որ հենց երեխան լաց լինի, մենք կմոտենանք, կվերցնենք, որովհետեւ մոտ ենք ապրում: Իրենք ասացին՝ անպայման կզանգենք, կասենք, չգիտեմ ինչ լոլոներ…»:

Լիլիթ Հակոբյանն ասաց, որ ամուսինն արդեն դիմել է ոստիկանություն, գրավոր դիմում են ներկայացրել նաեւ մյուս երեխաների ծնողները, որոնց երեխաները նույնպես, իրենց կարծիքով, բռնության են ենթարկվել. «Որքանով տեղյակ եմ՝ գործը տեղափոխվել է ՀՔԾ, ես երկուշաբթի գրավոր դիմում կներկայացնեմ: Բնականաբար, ձայնագրության բոլոր հատվածները, որտեղ իմ բալիկին է ծեծում, մտցնում սենյակ, ինձ մոտ կան…Մենք մինչեւ վերջ ենք գնալու, որ դատվի: Իրավունք չունի այդ դաստիարակչուհին ազատության մեջ մնալու»:

Հարցրինք՝ մանկապարտեզի տնօրենի հետ խոսե՞լ են, ի՞նչ է իրենց պատասխանել: «Տնօրենն ասել է, որ վերջին երկու օրերին մանկապարտեզի ինչ-որ հանդես էր, դրանով է խառը եղել, տեղում չի եղել անընդհատ ու տեղյակ չի եղել: Ես ասացի, որ տնօրեն է, պարտավոր էր գոնե իր համար ունենալ տեսահսկող սարքեր, որպեսզի տեղյակ լիներ, թե ինչ է կատարվում իր մանկապարտեզում: Միգուցե այդ աշխատակիցը հոգեկան հիվանդ է ու կարող էր այնպես խփել բալիկիս, որ առողջական խնդիրներ առաջանար: Եթե արդարություն լինի, ինքը պետք է իր պատիժը ստանա»,-պատասխանեց երեխայի մայրը: Հավելեց, որ ծնող է ձայնագրությունն արել, որը տեղյակ է եղել, որ իր երեխայի հետ լավ չեն վարվում, իր երեխան արտահայտվել է՝ ի տարբերություն իր փոքրիկի:

«Իմ բալիկը նոր է սկսել խոսել, չի կարողանում ամեն ինչ նորմալ պատմել: Միայն ինձ ասել է, որ քուրիկը թաթիկին ախ է արել, բալիկների վրա ջղայնացել է… Մենք սկզբում մտածեցինք, որ երեւի երեխաներն են իրար հետ կռվել, ուշադրություն չդարձրինք: Հետո ձայնագրության մեջ պարզ լսեցինք, որ մի տեղ երեխաս դաստիարակին ասում է՝ պապաս գալու է քո վրա ջղայնանա, դոկտորը կգա, քեզ կսրսկի: Իմ խնդիրը ոչ թե բուն մանկապարտեզի, տնօրինության հետ է, այլ կոնկրետ այդ դաստիարակչուհու: Շատ հնարավոր է, որ տնօրենը ներկա չի եղել, բայց դրանով չեմ էլ ուզում արդարացնել իրեն: Իմ խնդիրը դաստիարակն է, պիտի անպայման պատժվի: Մենք մինչեւ վերջ գնալու ենք»,- ասաց երեքամյա բալիկի ծնողը:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանի հետ, սակայն չհաջողվեց, քանի որ հեռախոսն անջատված էր: Ավելի վաղ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզից «Արմենպրեսին» ասել էին, որ ոչ հաստատում և ոչ էլ հերքում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը, իսկ մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանը հաստատել էր, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031