Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲ-ով գրված հոդվածի մեղադրանք, ՍԴ որոշման շրջանցում, մարզպետի կնոջը դասախոս դարձնելու դժգոհություններ Շիրակի պետական համալսարանում

Հոկտեմբեր 28,2026 16:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ը մի շարք մտահոգություններ է ստացել Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Երվանդ Սերոբյանի գործողությունների վերաբերյալ, որոնց հետ կապված պարզաբանումներ ենք ստացել ռեկտորից:

Դժգոհություններից մեկը վերաբերում էր դասախոսների դասավանդման որակի վերաբերյալ հարցումներին, որոնք մշակվել են արհեստական բանականությամբ: Ավելին, ըստ մեզ փոխանցված պնդումների՝ Antiplagiat ծրագրով ստուգելու արդյունքում պարզվել է, որ Սերոբյանի համահեղինակությամբ «Թեմատիկ որակի ԱԲ հենքով ախտորոշման եւ լավարկման մոդելը Շիրակի պետական համալսարանում» հոդվածի 86%-ը ստեղծված է ԱԲ տեխնոլոգիաների կիրառմամբ: Հետեւաբար, ըստ մտահոգությունների, ինչպե՞ս կարող է բուհի ուսումնական գործընթացը կարգավորվել գրագողություն պարունակող նյութի հիման վրա:

«Բոլոր տվյալներն իրական վերցված տվյալներ են՝ կազմված մատրիցայով, պարզապես ինքը փորձում է գնահատել, ամբողջը հիմնավորված է, հոդվածներ կան դրա վերաբերյալ տրված, պարզապես մեզ արհեստական բանականությունը տալիս է խորհուրդներ, ցուցումներ, որոնց հիման վրա մեր աշխատանքը պետք է ավելի լավացնենք, հասկանանք խնդիրն ինչումն է: Այդտեղ արտառոց ոչինչ չկա, եւ եթե որեւէ բանի հետ դասախոսը համաձայն չէ, դա քննարկվում է: Արհեստական բանականությունը վերդիկտ չի տալիս, դա գործիք է, որը մտածված, մշակված տարբերակ է, որով կարողանում ենք գնահատել մեր աշխատանքը: Դժգոհություններն էլ բնական են, նոր բան է ներմուծվում, մարդիկ կարող են ճիշտ չընկալել կամ սխալ մեկնաբանել»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Երվանդ Սերոբյանը:

Գրագողության վերաբերյալ հարցին նա չպատասխանեց: «Որեւէ մեկի կարծիքը մեկնաբանել չեմ կարող, անիմաստ եմ համարում նման հարցի պատասխանելը»,- նեղսրտեց ռեկտորը:

Aravot.am-ը հարցրեց՝ Սահմանադրական դատարանի վերջնական որոշմամբ՝ հիմնադրամների վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք 65 տարին լրանալուց հետո պետք է հեռանան պաշտոնից, մինչդեռ սեպտեմբերին լրացել է իր 70-ամյակը, բուհում այլ պաշտոններ զբաղեցնողներ էլ կան, որոնց տարիքային շեմն անցել է, ինչո՞ւ են շրջանցում ՍԴ որոշումը՝ որոշների դեպքում «պարտականությունների կատարող» նշանակելով: Երվանդ Սերոբյանն ասաց, որ երբ իր հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել, այդ օրենքը դեռ չէր գործում. «Օրենքն ընդունվել է իմ՝ ռեկտոր ընդունվելուց հետո, ինձ հետ պայմանագիր է կնքվել 5 տարով, ժամկետը լրանում է մարտին, ինչից հետո ես դուրս եմ գալու: Իսկ օրենքը հետադարձ ուժ չունի, նույն պատմությունն է նաեւ Լեւոն Մարտիրոսյանի հետ»:

Հարց ուղղեցինք նաեւ մեկ այլ մտահոգության հետ կապված, որ բուհում շահերի բախում եւ կանոնադրության խախտում կա: Մասնավորապես, բուհի կանոնադրությունն արգելում է հոգաբարձուների խորհրդի անդամին զբաղեցնել վարչական պաշտոն, սակայն Աիդա Գարեգինյանը միաժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էր եւ հումանիտար ֆակուլտետի դեկան: «Որեւէ նման արգելք չկա բուհի կանոնադրության մեջ, բացի դրանից՝ Աիդա Գարեգինյանը եղել է դեկանի պաշտոնակատար, բայց երբ ընտրվել է, դիմում է գրել եւ դուրս է եկել հոգաբարձուների խորհրդի կազմից»,-ասաց մեր զրուցակիցը:

Քանի որ ուսանողների սակավության պատճառաբանությամբ Շիրակի պետական համալսարանում փակվել են մի շարք բաժիններ ու մասնագիտություններ, Երվանդ Սերոբյանից նաեւ այդ խնդրով հետաքրքրվեցինք, հարցրինք՝ համաձա՞յն է այն պնդման հետ, որ խտրական քաղաքականություն է տանում, փոքրաթիվ ուսանողներով որոշ բաժիններ պահել է, պահանջարկ ունեցողները՝ փակել: Նա ասաց, որ նման բան չկա, իսկ այն բաժինները, որտեղ սակավաթիվ ուսանողներ են եւ չեն փակվել, պետության համար առաջնահերթություն են: Նա նաեւ հավելեց, որ բոլոր տեղերը հաստատվում են գիտական խորհրդի նիստում:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ մարզպետ Դավիթ Առուշանյանի կնոջը օտար լեզուների ամբիոնում որպես դասախոս աշխատանքի ընդունելուն, որտեղ, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, պահանջարկ չկա, սակայն նա ստացել է ժամեր, մինչդեռ երբեւէ չի դասավանդել: Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բոլոր ամբիոններում կա սերնդափոխության խնդիր, ավելի երիտասարդների ենք հրավիրում: Ցանկացած մեկին, ում ընդունում ենք, կարող է լինել ինչ-որ մեկի ծանոթը կամ բարեկամը, իսկ մարզպետի տիկինը աշխատելու իրավունք չունի՞: Մարդը համապատասխանել է, ընդունվել է աշխատանքի: Պատկերացրեք՝ մարզպետի տիկինը դիմում է մեզ աշխատանքի համար, չենք ընդունում, դպրոց է դիմում, չեն ընդունում, քոլեջ է դիմում, չեն ընդունում… Ասում ենք՝ դու մարզպետի տիկինն ես, չպետք է աշխատես… Բազում մարդիկ ընդունվել են աշխատանքի, ինձանից առաջ էլ, ինձանից հետո էլ կընդունվեն եւ պաշտոնյաներ, եւ այլոց հարազատներ: Մի՞թե որեւէ պաշտոնյայի ընտանիքի անդամ իրավունք չունի աշխատելու»:

Դիտարկման հետ, որ մամուլում եւ բուհում շրջանառվում է, թե իր անձեռնմխելիությունը, կապված է քրոջ որդու՝ «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» նախաձեռնության հիմնադիր Կարեն Պետրոսյանի հետ, Սերոբյանը չհամաձայնեց.

«Կարեն Պետրոսյանն ինչ պաշտոն է գրավում, որի շնորհիվ ես անձեռնմխելի եմ, նա մասնաճյուղի տնօրենն է, ես բուհի ռեկտոր, հետեւաբար՝ ի՞նչն է ինձ դարձնում անձեռնմխելի… Ինձ ինչ է անելու, որ հովանավորվում եմ: Ես ընտրված ռեկտոր եմ եւ իմ ժամկետի մեջ աշխատում եմ»:

Հաջորդ տեղեկությունը, որ պատրաստվում է նպաստել իր տեղակալ Գագիկ Նիկողոսյանի ռեկտոր դառնալուն, որի անունը մամուլում շրջանառվում է միջադեպերի եւ ծեծկռտուքների հետ կապված հրապարակումներում, զայրացրեց Երվանդ Սերոբյանին: Նա ասաց, որ ինքն ի վիճակի չէ ինչ-որ մեկին ռեկտոր նշանակել, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդն է ռեկտոր ընտրում, իսկ ծեծկռտուքների եւ միջադեպերի մասին հրապարակումները հոգնեցրել են իրեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել