Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ

Դեկտեմբեր 12,2020 17:57 Share

Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։

Հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է իր մոտեցումները։ Նա նշել է, որ ներկայում բիզնեսի ամենահիմնական խնդիրներից են ֆինանսական միջոցների հասանելիությունը, կապիտալի շուկայի բացակայությունը և վարչարարական խոչընդոտները։

Ջերմատների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց հիմնական խնդիրները և առաջարկել դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես, արտահանման հետ կապված, կարևորվել է տրանսպորտային խնդիրը․ առաջարկվել է ուշադրություն դարձնել այլընտրանքային ճանապարհների հարցին։
Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հողերի խոշորացման խնդիրը։ Ընդգծվել է ոլորտը որակյալ մասնագետներով համալրելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ստանդարտների, արտադրանքի որակի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների գրանցման և ներկրման հարցերը։ Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթությունների, պետական օժանդակության գործիքակազմի, աջակցության ծրագրերի, գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ։

Քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերը։ Նշվել է արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։

Այգեգործության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները նախարարի հետ քննարկելու ընթացքում հանրապետության տարբեր մարզերի ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ մասնավորապես առանձնացրել են ոլորտում ներգրավված տնտեսվարողների մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինտենսիվ այգեգործության հայկական դպրոցի ձևավորման, ոլորտում օգտագործվող սարքավորումների վերազինման անհրաժեշտությունը, գյուղմթերքի պահպանման և արտահանման խթանման համար սառնարանային տնտեսությունների հիմնման կարևորությունը։

Քննարկվել են նաև ինտենսիվ այգեգործության զարգացման համար ոռոգման համակարգերի բարելավմանը, չօգտագործվող հողատարածքների կրճատմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրին, որի շրջանակներում վարկը շահառուներին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հասանելի կլինի 0% տոկոսադրույքով։

Վահան Քերոբյանը հանդիպումների մասնակիցներին հայտնել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական, արծարծված հարցերը կգտնվեն նախարարության ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերը կուղղվեն խնդրիրների լուծմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031