Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, դա միֆ է». Փաշինյանը հերքում է Պուտինին

Հունվար 21,2021 00:07

«Դուք հարց տվեցիք ինքներդ ձեզ՝ ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյոք դուք մեղավո՞ր եք: Այո՛, դուք մեղավոր եք, որ Հայաստանը եւ Արցախը տարաք երաշխավորված պարտության, դուք մեղավոր եք, որ հնարավորություն կար պատերազմի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ օրը կանգնեցնել այս կործանարար պատերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կորուստներ ու զոհեր, ինչը ասել էր օրեր առաջ թե՛ գլխավոր շտաբի պետը, թե՛ ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատարը, թե՛ ՌԴ նախագահը: Դուք դա չեք արել: Չեք արել, որ, ինչպես դուք ասեցիք, չասեն դավաճան: Դուք մեղավոր եք 5000 եւ միգուցե ավելի զոհերի համար: Դուք մեղավոր եք տասնյակ հազարավոր անտուն արցախցիների համար»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ պատասխանատվությունը պետք է լինի քրեական, քաղաքական ու բարոյական, քրեական պատասխանատվությունից չեմ խոսի, դրա ժամանակը կգա, բայց պե՞տք է լինի քաղաքական, բարոյական պատասխանատվություն, ինչը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին պետք է ինքը հրաժարական տար:

Փաշինյանը պատասխանեց. «Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, դա միֆ է: Միֆ է նաեւ, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք արել»: Նա հիշեցրեց հոկտեմբերի 10-ի զինադադարի պայմանավորվածությունը, Ֆրանսիայի, ԱՄՆ նախագահների միջնորդությունները. «Հետին թվով շատ բաներ կարելի է հայտարարել, օրինակ, ես հետին թվով կարող եմ ասել, որ Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու կողմնակից է եղել եւ տարածքները հանձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին չի բարձրաձայնել: Հետին թվով շատ հեշտ է  դա արձանագրել: Ես չեմ ասել, որ ես մեղավոր չեմ, ասել եմ՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ եւ հարց եմ տվել՝ արդյոք ես թիվ մեկ մեղավորն եմ: Ես այսօր կրում եմ պատասխանատվությունը, որովհետեւ այդ պատասխանատվությունն ամսի 9-ով չի ավարտվում: Պատասխանատվությունը շարունակվում է նաեւ 9-ին, 10-ին, մինչ օրս: Արդյոք գտնում ենք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք՝ հրաժարական կտայինք: Դա կլիներ շատ հեշտ եւ նաեւ անպատասխանատու լուծում: Մենք կկրենք մեր քաղաքական պատասխանատվությունն էլ, բարոյականն էլ եւ մնացած բոլոր պատասխանատվություններն էլ մեր ժողովրդի առաջ»:

Նաիրա Զոհրաբյանը ճշտեց՝ կարո՞ղ ենք ասել, որ գլխավոր շտաբի պետը, ՌԴ նախագահ Պուտինը ստում են, Պուտինն ասում էր, որ կարելի էր շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը եւ Շուշին կմնար մեր վերահսկողության ներքո: Փաշինյանը արձագանքեց, որ իր հարցազրույցներում բոլոր մանրամասներին անդրադարձել է. «Ընդհանրապես բանակցային ողջ գործընթացում, ոչ միայն հիմա, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա հայտարարել ես՝ Արցախը Հայաստան է: Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, ուրեմն ձեւակերպեք ձեր այդ դիրքորոշումը եւ պաշտոնապես արձանագրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031