Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»

Նոյեմբեր 22,2026 13:40 Share
Աջակցեք aravot.am-ին

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչեւ եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը:

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի եւ անկենդան հուշարձանները:

Պաշտոնական տվյալներով՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 3 տեսակ:

Կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա Ջերմուկի ջրաբանական արգելավայրը 2010-ին մտցվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմ, որը ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ) ենթակա կազմակերպություն է: Նույն տարում հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը: Ըստ այդմ՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքը 17,371.76 հա է կամ 173.7 քկմ: Օկուպացված տարածքը (ըստ Google Maps-ով մեր չափումների՝ 64.6 քկմ) հավասար է արգելավայրի 37.2 տոկոսին:

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ներկա պայմաններում, երբ դրա 37.2 տոկոսը (չհաշված չեզոք գոտին) գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, եւ օկուպացիոն գոտու երկայնքով տեղակայված են հակամարտ զորքերի մարտական դիրքերը, էկոպարեկները հասանելություն ունեն արգելավայրի ոչ ամբողջ տարածքին:

Նաեւ հարկ է նկատել, որ արգելավայրի հյուսիսային ու արեւելյան սահմանները (ընդհանուր՝ մոտ 28 կմ) համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին, որի երկայնքով եւս տեղակայված են մարտական դիրքեր:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) եւ Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները: Սրանք ոչ միայն իշխող դիրք ունեն հարեւան տարածքների նկատմամբ, այլեւ դրանցից սկիզբ է առնում Արփա գետի ձախակողմյան վտակների մի մասը:

2022-ի սեպտեմբերին խորանալով ՀՀ տարածքում՝ հակառակորդը հասել է մինչեւ Արջիսար բարձունք (2612 մ), որը գտնվում է Ջերմուկ քաղաքի բնակելի հատվածից ընդամենը 4,4 կմ հեռավորության վրա: Դրա վրա տեղակայված օկուպացիոն դիրքից քաղաքը դիտարկվում է (ընդ որում՝ հակառակորդն էլի ունի դիրքեր, որտեղից Ջերմուկը երեւում է):

Ադրբեջանական հարձակման օրերին՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, NASA FIRMS-ն արձանագրել է կրակի/հրդեհի օջախներ ոչ միայն Ջերմուկ քաղաքի վարչական սահմաններում, այլեւ դրանցից դուրս՝ Ջերմուկի ջրաբանական եւ Ջերմուկի անտառային պետական արգելավայրերում:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) եւ Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները: Սրանք ոչ միայն իշխող դիրք ունեն հարեւան տարածքների նկատմամբ, այլեւ դրանցից սկիզբ է առնում Արփա գետի ձախակողմյան վտակների մի մասը:

Այսինքն՝ օկուպանտները մեծ վնաս են հասցրել ոչ միայն քաղաքային ենթակառուցվածքներին, այլեւ բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30