Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորություններն արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Քննարկման ընթացքում արծարծվել են Հայաստանը AI հանգույց դարձնելու ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանում ԱԲ գործարանների ստեղծմանը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես նշել է, որ այդ ընկերությունները նաև հարկ վճարողներ են, որոնց շնորհիվ համալրվում է ՀՀ պետական բյուջեն և այդ գումարները կծառայեցվեն ՀՀ կարիքների համար՝ առողջապահական ապահովագրություն, ենթակառուցվածքների զարգացում և այլն: Վարչապետի դիտարկմամբ՝ ԱԲ–ն նաև ստեղծում է ենթակառուցվածք և որոշ կանխատեսումների համաձայն՝ այդ գործարանները հնարավոր է նպաստեն ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` ոլորտում կան մարտահրավերներ, սակայն հնարավորությունները գնալով ավելի են շատանում: «Դա նաև կախված է քաղաքականությունների ընդունումից և իրագործումից: Մենք, իհարկե, համագործակցության շրջանակում ուշադրության կենտրոնում կպահենք մեր քաղաքացիների, ժողովրդի կարիքները, այդ թվում՝ այն մարդկանց, որոնք բիզնեսի համար գալիս են Հայաստան: Տարաբնույթ ներդրողների հրավիրում ենք, որ գան Հայաստան, քանի որ առաջին հերթին դա Հայաստանը դարձնում է ավելի տեսանելի», -նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԱԲ-ի հետ կապված գործընթացները Հայաստանը դիրքավորեցին աշխարհի ուշադրության կիզակետում:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացման կարևորությունն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում: «Հիմա Հայաստանը միջազգային և տարածաշրջանային ԱԲ ծառայություններ կմատուցի, դրանք կանցնեն մալուխներով և այլն: Դա իրական և շոշափելի ենթակառուցվածք է»,- ասել է երկրի ղեկավարը: Դիմելով ԱԲ ոլորտի ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ արհեստական բանականությունը ճիշտ օգտագործելու ուղղությամբ մեր հասարակությանը, Կառավարությանը, մասնավոր ընկերություններին գիտելիքներ տալու հարցում ակնկալում է նրանց աջակցությունը:
Անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի զարգացմանն ու ընդլայնմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կառավարության քաղաքական նպատակն ու դիրքորոշումը. «Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ: Մեր նպատակն է՝ օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի մարդկանց աշխատանքը, աշխատանքային ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան: Եվ մեր կարծիքով՝ առաջին հերթին դա վերաբերում է հանրային ծառայողներին»:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Կառավարության էներգետիկ վերափոխման ռազմավարությանը և նշել, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ստացել ունենալ էներգետիկ անկախություն. «Ներկայումս մենք շատ լավ տեմպով զարգացնում ենք վերականգնվող՝ հատկապես արևային էներգետիկան: Սակայն, հիմա մեզ անհրաժեշտ է ստեղծել կուտակիչ հզորություններ: Ակնհայտ է, որ առանց դրանց արևային էներգետիկայի օգտակար գործողության գործակիցը կրկնակի նվազում է»:
Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին պաշտոնապես կազդարարվի TRIPP ծրագրի մեկնարկը. «Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան, էլեկտրաէներգիայի տարանցումը: Հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ, մենք արդեն կապակցված ենք Իրանի, Վրաստանի հետ: Եվ ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա: Նկատի ունեմ՝ սա իրոք, շատ կարևոր և անհավատալի վերափոխում է, իսկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որին մասնակցել են ավելի քան 150 ընկերություն և 64 ստարտափ, միջազգային պատվիրակություններ։ Digitec-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական և արհեստական բանականության իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ / UATE)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականությանը և անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
























































