Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քարերը խոսում են. Երևանում կայացել է վիմագրությանը նվիրված միջազգային գիտաժողով

Նոյեմբեր 22,2026 11:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 17-ին և 18-ին Երևանում մեկ հարկի տակ էին հավաքվել հայ և արտասահմանցի վիմագրագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ ու հնագետներ։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու Հայաստանի գինու պատմության թանգարանը համատեղ կազմակերպել էին «Ավանդական վիմագրություն. շարժառիթ, նպատակ, ակնկալիք» խորագրով միջազգային գիտաժողովը, որն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» խորագրով թեմատիկ ծրագրի շրջանակում (24SSAH-6A011):

Գիտաժողովի առաջին օրը մեկնարկեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը, ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը և Վիմագրության բաժնի վարիչ Արսեն Հարությունյանը։

Քննարկվող թեմաների շրջանակը տպավորիչ էր՝ հնագույն սեպագրերից մինչև մեր օրերի թվային արխիվներ։ Առաջին օրվա զեկուցումներն ունկնդիրներին մտովի տեղափոխեցին Երևանի սեպագիր պատմության էջեր, Գիլգամեշի էպոսի աշխարհ և անտիկ Հայաստան։ Անդրադարձ եղավ նաև Վրաստանի ազգային թանգարանի հին գեմմաների վրա պահպանված միջին իրանական անուններին, ինչպես նաև միջնադարյան հուշարձաններում ժայռապատկերային ավանդույթի արձագանքներին։

Մասնագետները խոսեցին ոչ միայն արձանագրությունների բովանդակությունից, այլև դրանք ստեղծողներից՝ միջնադարյան գրիչ-վարպետներից և հայ վիմագրերում կետադրության առանձնահատկություններից։ Ուշագրավ էր հայկական հետքի աշխարհագրությունը. հայ և Շվեյցարիայում գործող հայազգի հետազոտողները ներկայացրին, թե ինչպես են Հնդկաստանի 1641–1917 թթ. հայերեն վիմագրերը ծառայում որպես յուրօրինակ քաղաքական արխիվ։ Առանձին զեկուցումներով հիշատակվեցին նաև վիմագրության երախտավորները՝ Կ. Ֆ. Լեման-Հաուպտի ուսումնասիրությունները Զվարթնոցի արձանագրության մասին, Հրաչյա Աճառյանի վիմագրագիտական դիտարկումները «Հայարձան» անտիպ աշխատության հիմամբ և Վահրամ Թորգոմյանի՝ համաճարակների մասին վկայող տապանագրերի հետազոտությունները։ Առաջին օրվա ամենահրատապ թեմաներից էր հայ և ֆրանսիացի գիտնականների նախաձեռնությունը՝ Արցախի արձանագրությունների թվային կորպուսի ստեղծումը՝ Մարտակերտի շրջանի վիմագրերի օրինակով։

Գիտաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 18-ին, գիտնականներին հյուրընկալեց Հայաստանի գինու պատմության թանգարանը։ Վայրի ընտրությունը պատահական չէր. զեկուցումներից մեկը հենց Արագածոտնի վիմագրերում գինու մասին պահպանված վկայություններին էր նվիրված։ Նույն օրը մասնակիցները լսեցին Աշտարակի Ծակ խաչի՝ գրի, պատկերի ու ծեսի կապի, միջնադարյան Բյուզանդիայի արձանագրությունների, հայկական միջնադարյան դրամների՝ որպես գրավոր սկզբնաղբյուրի, ինչպես նաև Սպիտակ վանքից հայտնաբերված նոր վիմագրերի մասին։

Երկրորդ օրվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Սյունիքի ժառանգությանը։ Հայ և գերմանացի լեզվաբանները (Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից և Բեռլինի Ազատ համալսարանից) ներկայացրին Սյունիքի վիմական արձանագրությունների հատկանունները։ Քննարկվեցին նաև Կեչառիսի վանքի որմնանկարի և ներկագիր արձանագրության վերականգնման աշխատանքների ընթացքն ու արդյունքները։

Գիտական քննարկումների ավարտից հետո օրը շարունակվեց արդեն ոչ պաշտոնական, ջերմ մթնոլորտում։ Հայաստանի և արտերկրի գիտնականները շրջայց կատարեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում։ Գիտնականները ծանոթացան հայկական գինեգործության դարավոր ավանդույթներին, իսկ թանգարանի հյուրասիրությունը դարձավ հրաշալի առիթ՝ շարունակելու մասնագիտական զրույցներն ու նախանշելու համատեղ նոր ծրագրեր։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել