Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանաշենցիները պաշտոնյաների «ազնիվ խոսքին» չեն հավատում, համոզվել են՝ «ալիեւյան ջի-փի-էս»-ն ավելի վճռական է աշխատում

Հունվար 25,2021 18:45

«Չեն հանձնում, մեր գյուղը չեն հանձնում»,-ասում է Տիգրանաշենում ապրող մի երիտասարդ աղջիկ, երբ փորձում ենք հետաքրքրվել՝ ինչ տրամադրություն ու տեղեկություն ունեն գյուղը հանձնել-չհանձնելու մասին: Ասում է՝ եկել, իրենց հետ զրուցել են՝ Տիգրանաշենը չեն տալու: Ի տարբերություն երիտասարդ սերնդի, գյուղի ավագներն ավելի թերահավատ են. պատերազմից հետո սահմանների ճշգրտման արդյունքում Կապանի ճանապարհի, Շուռնուխ գյուղի մի հատվածն ու Հայաստանի որոշ ռազմավարական դիրքեր Ադրբեջանին անցնելուց հետո ոչ մեկի խոսքին այլեւս չեն հավատում: Բայց այնպես էլ չէ, որ տիգրանաշենցիներին որեւէ մի պաշտոնական մարմին հստակ պատասխան է տվել՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին ու բնակիչներին:

Գյուղի ինտելեգենցիան նամակներ է գրել վարչապետ Փաշինյանին, Արարատի մարզպետարան, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ շրջանառվող լուրերը որքանո՞վ են հավաստի, որպեսզի իրենք էլ իրենց անելիքն իմանան: Մինչ այսօր սակայն, որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել: Միայն մարզպետի ազնիվ խոսքն է եղել՝ «խուճապի կարիք չկա, Քյարքին չեն հանձնում»:

Բայց տիգրանաշենցիները ոչ թե բանավոր, այլ գրավոր պատասխան են պահանջում՝ հակառակ դեպքում, ինչպես նրանք են ասում, համոզվել են՝ «ալիեւյան ջի-փի-էս»-ն ավելի հստակ ու վճռական է աշխատում: Արարատի մարզի Տիգրանաշեն՝ Քյարքի, գյուղը Երեւանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա է: Արցախյան պատերազմի տարիներին, իրենից ներկայացնելով ադրբեջանական անկլավ հայկական տարածքում, Քյարքին անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Գյուղի անմիջապես հարեւանությամբ անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական Մ2 մայրուղին: Ներկայումս գյուղը հիմնականում բնակեցված է Արցախյան պատերազմի արդյունքում Ադրբեջանից տեղահանված բնակիչներով:

Տիգրանաշենի բնակիչ Վարդան Գրիգորյանի խոսքով, մեկ ամիս առաջ , մարդիկ խուճապի մեջ էին, սակայն, կարծես թե, փոքր-ինչ հանդարտվել են. Այստեղից այնտեղից լսել են, որ Տիգրանաշենը չեն հանձնում: Ոմանք էլ «վերեւներում» ունեցած իրենց ծանոթներից են ճշտումներ արել, նրանց ասել են՝ հանգիստ եղեք, նման բան չկա: Վարդանն արդեն տասը տարի է այս գյուղի բնակիչ է: Վեդի քաղաքից տեղափոխվել է Տիգրանաշեն: Ասում է՝ հողը ձգում էր. «Բազմանդամ ընտանիք ունեմ, չորս երեխաների հետ այստեղ ենք ապրում, որդիս ծառայել՝ եկել է, հիմա ծրագրեր ունի գյուղում մնալու: Այգի ենք մշակում, բերք ու բարիք ունենք, տուն-տեղ ենք դրել: Չենք պատկերացնում՝ այս ամենը թողնենք՝ դուրս գանք: Այդպես ո՞նց կլինի: Քաղաքում ապրելը շատ դժվար է, հազիվ սկսել ենք ծայրը ծայրին հասցնել»:

Վարսիկ Մուրադյանը 32 տարի առաջ է տուն-տեղ կորցրած՝ հաստատվել Տիգրանաշենում: Տիկին Վարսիկը փախել է Բաքվից եւ այս գյուղում զրոյից ապրուստ ստեղծել: Երեխաներին ուսման է տվել, մեծ այգի ու տուն կառուցել՝ հույսով, որ հայրենիքում ապահով կլինի: Բայց 32 տարի անց էլ, օր ծերության, 82 տարեկան հասակում անգամ հայրենիքում, կանգնած է ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ:
«Ասում են՝ թուքն ուզում ա, թուրքը շատ բան ա ուզում: Այս գյուղն իրավունք չունեն հանձնելու: Գյուղում փախստականներ են ապրում, ոչ ոք իրավունք չունի նրանց գյուղից հանելու»,-ասում է տիկին Վարսիկը:

Նրա խոսքով, չնայած գյուղի անբարեկարգ ճանապարհներին, Տիգրանաշենը լավ գյուղ է: Պոպոկ է աճեցնում, խնձոր, դամբուլ, խաղող, տանձ: Գյուղում խանութ էլ ունի: Չի դժգոհում, բայց խուճապային տրամադրությունների պատճառով, ճիշտ է չի ուզում, բայց մեկ-մեկ մտքին գալիս է՝ տունը վաճառել՝ գնալ, ապագա չի տեսնում:

Ի դեպ, ոչ միայն Տիգրանաշենի տալ-չտալու հարցն է օդի մեջ, այլեւ՝ բնակիչներն ու նրանց տներն էլ: 30 տարի է Տիգրանաշենի գույքը կադաստրային գրանցում չունի: Գյուղի բնակիչներն ասում են՝ միայն օդի մեջ են Տիգրանաշենի բնակիչ, իրականում ո՛չ սեփականությունն է գրանցված, ո՛չ էլ՝ իրենք այս գյուղի գրանցում ունեն: Հաշվառված են մի քանի կիլոմետր այն կողմ Պարույր Սեւակ գյուղի 7-րդ փողոցում:
Տիկին Մարիամին ու գյուղի մնացած բնակիչներին այս հարցն էլ խիստ անհանգստացնում է:
Մարիամ Ասատրյանը նույնպես ընտանիքով այս գյուղ ոտք է դրել որպես փախստական՝ 1990-ականներին: Ամուսինը գյուղի դպրոցում է աշխատել, ինքը՝ Տիգրանաշենի բուժքույրն է եղել:

Ասում է՝ առաջին անգամ, որ այս գյուղ են եկել տհաճ զգացողություն են ունեցել. «Ոնց որ օտար տարածք լիներ, բայց աստիճանաբար հարմարվեցինք: Սկսեցինք մեր կյանքը կառուցել: Այգի ենք մշակում հավ ու ճիվ ենք պահում: Ասում էի՝ արի գնանք ուրիշ տեղ ավելի բարեկեցիկ կյանքով ապրենք, բայց ամուսինս չէր համաձայնում: Ամբողջ կյանքը դրեց, այս ծառերը աճեցնելու համար»:

Տիկին Մարիամի խոսքով, որքան էլ Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերը հերքում են, գյուղացիների սրտում, միեւնույն է, տագնապ կա.
«Տեսնում ենք Հայաստանում ինչ է կատարվում: Որքան էլ հերքեն, վախ կա: Մի ամբողջ կյանք այստեղ ապրել ենք, աբսուրդ է, եթե այս գյուղը կրկին անցնի թուրքի ձեռքը: Ուղղակի չենք կարողանում լոգիկայով ընդունել, որ սա հնարավոր կլինի: Բայց, միեւնույն ժամանակ, որ տարօրինակ բաներ են կատարվում, ոնց որ սպասենք, որ մի օր փաստի առաջ ենք կանգնելու: Անհասկանալի, անորոշ վիճակ է: Մեզ անգամ ասացին, որ փոխանակվել է Արծվաշենի հետ: Բայց դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա: Ես՝ ինքս, չեմ պատկերացնում, եթե գյուղը հանձնեն՝ մենք ո՞ւր կգնանք, ի՞նչ կլինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տարբերակներից մեկն էլ՝ որ ադրբեջանցիները վերադառնան իրենց բնակավայր, հայերն էլ մնան, տիկին Մարիամն, ուղղակի չի պատկերացնում: Ասում է՝ բացառվում է նրանց հետ համատեղ ապրուստ ունենալ: Այն էլ այսքան դաժան պատերազմից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրանաշենում շինարարական աշխատանքներն էլ են կանգնել. Սպասողական վիճակ է, մարդիկ չգիտեն՝ շարունակեն ներդրումներ անել թե՝ ոչ: Տների կառուցումն այդպես կիսատ թողել՝ սպասում են:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նախարարության մամլո խոսնակ Արմինե Մուրադյանի, այդ մասին բազմիցս, տարբեր հարթակներով հանրությանը իրազեկվել է: Մեր հարցին՝ բնակիչները պնդում են, որ նամակներ են գրել՝ այդ թվում եւ նախարարությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել, Արմինե Մուրադյանն ասաց՝ նման դիմում Տիրգանաշենի բնակիչներից նախարարությունը չի ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տիգրանաշենցիների հետ հարցազրույցների եւ նրանց խնդիրների վերաբերյալ մյուս հոդվածը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031