Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական երկրներին բնորոշ կառուցակարգ է, բայց եթե ոստիկանությունում որակական փոփոխություններ չլինեն, ոչ մի բան էլ չի փոխվելու. Նորայր Նորիկյան. «Ժամանակ»

Փետրվար 02,2021 11:54 Share

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն։

Բացի ոստիկանությունից, նախարարությունն ունենալու է քննչական դեպարտամենտ, ներառելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրը։

Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին ներքին գործերի նախարարի առաջարկով պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ոչ միայն զարգացման ռազմավարություն է մշակելու, այլև հաշվետու է լինելու Ազգային ժողովին:

Փաստաբան, «Արդար Հայաստան» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նորայր Նորիկյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այն, որ ոստիկանությունը արմատական փոփոխությունների կարիք ունի, դա անվիճելի է, և պետք է ձևավորվի հասարակություն-ոստիկանություն այնպիսի հարաբերություն, որի հիմքում դրված կլինի փոխադարձ վստահությունն ու հարգանքը։

Փաստաբանը կտրականապես դեմ է, որ նորաստեղծ նախարարությունը ունենա քննչական դեպարտամենտ։ «Ճիշտ հակառակը, քննչական բոլոր մարմինները պետք է միավորվեն մեկ քննչական մարմնի մեջ, որտեղ կբացառվի գերատեսչական շահը և մեկ միասնական քննչական փիլիսոփայությամբ պայմանավորված ու քննչական մարմին՝ պրոֆեսիոնալիզմով, մեկ ուղղահայաց քննչական ապարատ։ Մնացածը կյանքը ցույց կտա, թե ինչպես կաշխատի»,- ասաց Նորիկյանը։

Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա, մեր զրուցակցի խոսքերով, նորմալ է, որ կառավարության անդամը՝ նախարարը լինի քաղաքացիական անձ, քաղաքական թիմի անդամ, որը կմշակի ամբողջ համակարգի ռազմավարական պլանը, կիրականացնի դա։ «Որքանով հասկանում եմ, ոստիկանության պետը մնալու է, նա հանդիսանալու է որպես ոստիկան, ուղղակի ներառված է լինելու ներքին գործերի նախարարության համակարգում։ Ամբողջ համակարգ ղեկավարողը լինելու քաղաքացիական անձ՝ նախարարը։ Սա ժողովրդավարական երկրներին բնորոշ կառուցակարգ է, բայց եթե որակական փոփոխություններ չլինեն, ոչ մի բան էլ չի փոխվելու։ Եթե մենք չենք ձևավորելու որակապես նոր ոստիկանություն, և ոստիկանության ներսում գոյություն ունեցող ոչ ֆորմալ բարքերը արմատախիլ չեն արվելու, որակապես նոր միջավայր չի ստեղծվելու, ինչ անուն էլ դնես նոր գերատեսչությանը, արդյունավետությունը դրանից չի փոխվելու։ Խնդիրը ձևի մեջ չէ, խնդիրը բովանդակության մեջ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728